Թաթարստանի օպերայի և բալետի թատրոնը խզել է պայմանագիրը հայտնի օպերային երգիչ Խաչատուր Բադալյանի հետ «ոչ բավարար» հասակի պատճառով:
Նշվում է, որ Թաթարստանի՝ Մուսա Ջալիլի անվան օպերայի և բալետի թատրոնը պայմանագիր է կնքել հայտնի տենորի հետ, սակայն նրա առաջին ելույթից մեկ օր առաջ պարզվել է, որ նրա բեմական հագուստը մեծ է կարված: Բադալյանի մենեջերն ասում է, որ նրա ելույթից հետո իրեն զանգահարել է թատրոնի քասթինգ-մենեջերը և ասել, որ «Խաչատուրը հասակով չի համապատասխանում»:
«Օպերային երգիչներին, արտիստներին չափել սանտիմետրերով կամ կիլոգրամներով՝ առաջին հերթին պրոֆեսիոնալ չէ,- ասում է Բադալյանը:- Մենք ցանկանում ենք լսել պատճառը: Որպեսզի նրանք դա պաշտոնապես բարձրաձայնեն, քանի որ սա խտրականություն է: Այդ մարդիկ գիտեին՝ ում են հրավիրում: Ես նույն Խաչատուր Բադալյանն եմ: Իմ հասակը բոլորին հասկանալի պատճառներով չի կարող փոխվել իմ կամքով»:
Թատրոնի ղեկավարությունը հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը:
Խաչատուր Բադալյանի հասակը 170 սկ է: Այդ տրամաբանությամբ Թաթարստանի օպերայի և բալետի թատրոնում չէր կարող ելույթ ունենալ Խոսե Կարերասը, որի հասակը նույնպես այդքան է:
Նշվում է, որ Թաթարստանի մշակույթի նախարարությունը չի միջամտի իրավիճակին, քանի որ մշակութային հաստատությունը չի խախտել օրենսդրությունը և իրավունք ունի միակողմանիորեն խզել պայմանագիրը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ