«Ակնհայտ է, որ չարաշահումները եղել են: Արա Մինասյանի դեմ հարուցված քրեական գործով դա կապացուցվի: Հայցվոր կողմն այդ քրեական գործով պետք է ապացուցի, որ անմեղ է»,-դատարանում այսօր հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Գյոզալյանը: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հերթական նիստում քննում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի քաղաքացիական հայցն ընդդեմ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, որով Մինասյանը Թորոսյանից պահանջում է հրապարակային հերքում եւ ներողություն՝ հետեւյալ արտահայտությունների համար.
-«կազմակերպված խմբակային հանցավորություն է, ոչ թե սովորական»,
-«ու էդ կազմակերպված հանցավորության բանդայի մի մասը հիմա ցույց է անում, որ բանդայի պարագլուխը չզրկվի իր աթոռից»,
-«Էս հիվանդանոցի հարցը Հայաստանի առողջապահական համակարգի հարցն է, քանի որ այն միշտ վիշապի նման նստած է եղել Հայաստանի առողջապահության աղբյուրի վրա, վիշապը պետք է գլխատվի»:
Թորոսյանի շահերի ներկայացուցիչը, սակայն, կարծում է, որ նշյալը զրպարտություն չէ. «Մեր ներկայացրած փաստերը կապացուցեն, այդ ամենը զրպարտություն չէ: Արսեն Թորոսյանի ասածները ճշմարտություն են: Միջնորդում եմ կասեցնել հայցի քննությունը»,-դատական նիստում ասաց Գեւորգ Գյոզալյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ