Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջ դատախազին․ ուսումնասիրել Սամվել Բալասանյանին պատկանող «Անուշարան» սրճարանի տեսաձայնագրությունները

Մարտ 04,2019 19:20

Ինչպես տեղեկացրել ենք, բախումներ են սկսվել «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ներկա ու նախկին տնօրենների միջև։ Ներկա տնօրեն Մհեր Խաչատրյանը պնդում է, որ նախորդ տնօրեն Ղարիբ Հարությունյանի կողմից կատարվել են ենթադրյալ չարաշահումներ։ Մինչդեռ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը օրերս հայտարարություն տարածեց, համաձայն որի՝ «հիմնադրամի ֆինանսական գործունեության ներքին մասնագիտական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախկին գործադիր տնօրեն՝ Ղարիբ Հարությունյանի պաշտոնավարման ընթացքում նրա կողմից որևէ չարաշահում չի եղել»:
Այսօր ներկա տնօրեն Մհեր Խաչատրյանը դարձյալ մամուլի ասուլիս էր հրավիրել՝ մեկ անգամ ևս խոսելով նախկին տնօրենի թույլ տված ենթադրյալ չարաշահումների մասին ու հայտարարելով, որ տարածած հայտարարության համար պատասխանատվություն պիտի կրի հոգաբարձուների ամբողջ խորհուրդը։

Ըստ Մհեր Խաչատրյանի, հոգաբարձուների խորհուրդը փետրվարի 7-ին որոշում էր կայացրել, որ այլևս ոչ մեկը ոչ մի հայտարարությամբ հանդես չպիտի գա, մինչև որ հիմնադրամը կենթարկվի արտաքին աուդիտի ու իրենց ձեռքի տակ կլինի եզրակացությունը։ Սակայն, ըստ բանախոսի, փետրվարի 26-ին հոգաբարձուների խորհրդի հերթական նիստի ժամանակ որոշել են չսպասել արտաքին աուդիտի անցկացմանը, այլ հրապարակել ներքին մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքը, որի հետ բացարձակ համաձայն չէ Մհեր Խաչատրյանը։

«Ես, անկեղծ ասած, մինչև օրս չեմ հասկացել, թե հոգաբարձուների խորհրդի այդ քայլի պատճառը ո՞րն էր կամ ի՞նչը ազդեց, դրդեց, ստիպեց, ավելի լավ է այդ ամենին իրենք անդրադառնան։ Բայց հանուն արդարության՝ ուզում եմ ֆիքսել, եթե ասում եմ հոգաբարձուների խորհուրդ, դա չի վերաբերում բոլորին, որովհետև, ինչպես գիտեք, ըստ կանոնադրության, հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է 21 հոգուց, ոչ բոլորն են նիստին ներկա եղել։ Ես խիստ կասկածում եմ, որ բացակա հոգաբարձուները տեղյակ են եղել այդ որոշման մասին, բայց փաստն այն է, որ հոգաբարձուների խորհրդի մեծամասնությունը նիստին եղել է, ու մեծամասնության կողմից այդ որոշումը կայացվել է։ Այդ որոշման համար հիմք է հանդիսացել, այսպես ասած, «Շեմ» հաշվապահական գրասենյակի չգիտեմ ներկայացուցիչ, տնօրեն կամ ղեկավար ասեմ, Մինասյան Տիգրանի ուսումնասիրությունները, որոնք պաշտոնական, իրավական ոչ մի բնույթ չեն կրում և պաշտոնական հայտարարություն տարածելու հիմք չեն կարող հանդիսանալ»,- ասաց Մհեր Խաչատրյանը։

Մհեր Խաչատրյանի պնդելով, 2017 թվականի օգոստոս ամսին հիմնադրամը չի ունեցել տնօրենի օգնականի հաստիք, բայց նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանի կողմից աշխատավարձ է ձևակերպվել հաշվետվության մեջ ու այդ գումարները չգիտես ուր են գնացել։

«Հաջորդ ենթադրյալ չարաշահման վերաբերյալ իմ հայտնած կասկածը վերաբերում է հետևյալին․ 2018 թվականի հունիսի 1-ին բանկային հաշվից 8 միլիոն դրամ փոխանցվում է այդ ժամանակվա գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանի անձնական հաշվին, նպատակն է բնակարանի ձեռք բերումը։ Այսինքն՝ հիմնադրամը պետք է 8 միլիոնով ձեռք բերեր սոցիալական բնակարան, հունիսի 14-ին տնօրենի կողմից բնակարանի առուվաճառքը կատարվում է 5 միլիոն 800 հազար դրամի, 2 միլիոն 200 հազար դրամը հունիսի 14-ից հետո պետք է օրինական կերպով վերադարձվեր բանկային հաշվեհամարի վրա։ Այդ գումարը չի վերադարձվում մինչև 2018 թվականի նոյեմբերի 14-ը, իսկ հունիսի 4-ին նա դադարեցրել է տնօրենի պաշտոնում իր լիազորությունները»,- ասում է Մհեր Խաչատրյանը։

Ըստ բանախոսի, հիմնադրամի գումարները ձևավորվում են մեր համաքաղաքացիների ծախսերի՝ 200-300 հոգու նվազագույն աշխատավարձերի 0,5 կամ 1 տոկոսի չափով տրված նվիրատվությունների հաշվին։ Հետևաբար և հոգաբարձուների խորհրդի կազմը ևս հետևողական պետք է լիներ այն ծախսելու առումով։

«Քաղաքապետարանի հավաքարարը, որը ստանում է 40 կամ 50 հազար դրամ աշխատավարձ, ինքը լինելով տնակի ապրող, ամեն ամիս իր աշխատավարձից, քրտինքից, 500 կամ 600 դրամ նվիրատվություն է կատարում «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին այն հույսով, որ մի օր էլ ինքը կստանա իր սոցիալական բնակարանը և դուրս կգա տնակային խայտառակ պայմաններից։ Ու հոգաբարձուների ինչ-որ մի կազմ կամ գործադիր տնօրենը ինչպես ուզում, այդպես այդ գումարները տնօրինում է ու այսքան տարիների ընթացքում ոչ մի հաշվետվություն հրապարակային չի ներկայացվել, թե կոպեկ առ կոպեկ հավաքագրված գումարները ինչ նպատակով են ծախսվել»,- ասաց Մհեր Խաչատրյանը։

Նա անդրադարձավ նաև հիմնադրամի այն հայտարարությանը, որ իր գործունեության ընթացքում տրամադրել է 29 սոցիալական բնակարաններ։

«Բոլորս լավ գիտենք՝ սոցիալական բնակարան հասկացողությունն այն է, որ պետք է սեփականաշնորհման վկայականները լինեն «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի անունով, և տնակի ապրողին պետք է բնակարանը տրամադրվի անհատույց օգտագործման հիմունքներով։ Առաջիկա, չգիտեմ 5, 10, 15 տարին պետք է հետևողական լինենք, բարեխիղճ օգտագործումից հետո թույլ տանք բնակարանը դառնա իր սեփականությունը։ Դրանք, ըստ պայմանագրի, պետք է ուսումնասիրել, ես հստակ հայտարարում եմ, որ մինչև հիմա «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը ինչքան որ հայտարարել է, որ ունի տված 29 սոցիալական բնակարաններ, իրականությանը չի համապատասխանում, որովհետև կոնկրետ չի տրամադրվել բոլոր այդ բնակարանների սեփականաշնորհման վկայականները։ Այդ բնակարանները չեն պատկանում «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին։ Այսպես ասած՝ Պողոսը Պետրոսին բնակարան է տալիս, չգիտեմ ինչ բիզնես նպատակներով կամ ինչ-ինչ պատճառներով, ընդհանրապես կապ չունենալով հիմնադրամի հետ ու ձևակերպվում է, որ հիմնադրամը սոցիալական բնակարան է տրամադրում։ Թող իրավապահ մարմիները ստուգումներ անցկացնեն ու պարզեն՝ որտեղ է հիմնադրամի տրամադրած սոցիալական բնակարանները, եթե չունեն վկայականները»։

Մհեր Խաչատրյանն ասաց, որ եթե իր բանավոր հայտարարությունն առիթ չհանդիսանա իրավապահ մարմինների համար քրեական գործընթաց սկսելու, ինքը 24 ժամվա ընթացքում գրավոր կդիմի Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանին, որպեսզի «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ստեղծման օրվանից մինչև հիմա մանրամասն ստուգումներ իրականացնեն ու մեղավորները պատժվեն։

Բանախոսի տեղեկացմամբ, հոգաբարձուների խորհուրդը իրեն խիստ նկատողություն է տվել ենթադրյալ չարաշահումների մասին հայտարարություն տալու համար, որ իբրև ինքը վարկաբեկում է հիմնադրամը, մինչդեռ, ըստ Մհեր Խաչատրյանի, հենց նույն հոգաբարձուների խորհուրդն է իր գործունեությամբ վարկաբեկում հիմնադրամը։

Մհեր Խաչատրյանն անդրադարձավ նաև բարեգործական հիմնադրամի տնօրենի համար սահմանված աշխատավարձի չափին՝ ասելով, որ 200 հազար դրամը շատ է բարեգործական հիմնադրամի տնօրենի համար։

«Ես եթե իմ գործունեությունը շարունակում եմ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամում, եթե օրենքը թույլ է տալիս, ապա տնօրենը պիտի աշխատի կամավոր սկզբունքներով, ընդհանրապես չպիտի վարձատրվի։ Իսկ եթե օրենքը թույլ է տալիս ու տնօրենը պիտի վարձատրվի, ուրեմն միայն ու միայն նվազագույն աշխատավարձի չափով, ոչ թե հավաքարարի 200, 300 դրամի չափով հավաքագրված գումարներով տնօրենն աստղաբաշխական գումարներ ստանա»,- ասաց Մհեր Խաչատրյանը։

Մհեր Խաչատրյանն անդրադարձավ նաև հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Պետրոսյանի փետրվարի 27-ին արված ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ նա նշել է, թե «փաստվեց Մհերի բանսարկու լինելը, թե հոգաբարձուների նիստից առաջ Մհերը «Անուշարան» սրճարանում (խոսքը Սամվել Բալասանյանին պատկանող սրճարանի մասին է Ա․Ն․), ինչ ցուցումներ է ստացել, կպարզվի առաջիկայում»։

Մհեր Խաչատրյանը նշեց, որ դատախազին է դիմելու ոչ միայն որպես հիմնադրամի գործադիր տնօրեն՝ նախորդ տնօրենի կողմից թույլ տված ենթադրյալ չարաշահումները ուսումնասիրելու համար, այլ որպես անհատ՝ իր իրավունքները պաշտպանելու համար։

«Թող իրավապահ մարմինները վերցնեն «Անուշարան» սրճարանի կամ հարակից տարածքների տեսախցիկների ձայնագրությունները, իմ կարծիքով, այդ տարածքում կլինեն տեսախցիկներ։ Ձայնագրությունները ուսումնասիրելուց հետո հստակ պարզաբանեն՝ Պետրոսյան Կարենի հայտարարությունն իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ, և եթե չի համապատասխանում, ապա զրպարտության համար իրավական պատասխանատվության պիտի ենթարկվի։ Ու 24 ժամվա ընթացքում քանի դեռ Պետրոսյան Կարենի կողմից չի եղել պաշտոնական ներողություն, պաշտոնական հերքում, 24 ժամվա ընթացքում թող հրապարակի իր ունեցած փաստերն, ապացուցի նման բան է եղել, խնդիր չկա, թող իրավապահները զբաղվեն ինձանով, ես պատասխանատվության ենթարկվեմ»,- ասաց Մհեր Խաչատրյանը։

Նա նաև նշեց, որ իրենց քրիստոնյա անվանող մարդիկ, որոնք կրթական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ են նշանակված, զանգահարում են իր մերձավորներին, շրջապատի մարդկանց ու հայհոյախառն արտահայտություններ հնչեցնում իր հասցեին։

«Այդքան տղամարդկություն ունեն, թող բարի գտնվեն, գան իմ դիմաց կանգնեն», -ասաց Մհեր Խաչատրյանը։

Հարցին, թե որքանո՞վ են իրական այն խոսակցությունները, թե Ղարիբ Հարությունյանի դեմ կա հրահրող ու այդ անձը Սամվել Բալասանյանն է, Մհեր Խաչատրյանը կտրականապես հերքեց քաղաքապետի մասնակցությունը։ Նա նշեց, որ քաղաքապետի հետ իր հանդիպումները եղել են ի պաշտոնե, խիստ գործնական՝ հիմնադրամի գործունեության շուրջ։

Մենք պարզաբանումներ խնդրեցինք նաև Ղարիբ Հարությունյանից, որն ասաց․«Անլուրջ եմ վերաբերում Մհեր Խաչատրյանի խոսքերին, չեմ կարող այդ մակարդակի ցածրանալ, որ արձագանքեմ, եթե դատախազություն է տվել, ուրախ եմ դրա համար, թող իրավապահ մարմինները զբաղվեն, այլևս մեկնաբանելու կարիք չեմ տեսնում»։

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանն էլ մեկ անգամ ևս պնդեց, որ կատարված ներքին աուդիտի արդյունքներով չարաշահումներ չեն հայտնաբերվել, հարցը կլսվի արտաքին աուդիտի տվյալները ունենալուց հետո։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Pt says:

    Ղարիբի համար դոշ են տալիս մարզպետը ու եկեղեցի քանդող Կարենը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031