Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսպես թե այնպես, ես խանգարելու եմ Ղարաբաղի «հանձնման» ցանկացած փորձ՝ անկախ իմ գտնվելու վայրից»․ Ռոբերտ Քոչարյան. 168.am

Մարտ 04,2019 19:10

2018 թվականի դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները և անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը, համաձայն որի՝ Ռ. Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Որոշման համաձայն` նույն օրը երեկոյան ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվեց և մինչ օրս գտնվում է Երևանի Կենտրոն քրեակատարողական հիմնարկում։ Օրեր առաջ «168 Ժամը» հարցաշար էր ուղարկել Ռոբերտ Քոչարյանին։ Ստորև ներկայացնում ենք մեր հարցազրույցը ՀՀ երկրորդ նախագահի հետ։

 – Պարոն նախագահ, այսօր քաղաքական օրակարգի ամենաարդիական թեմաներից մեկն է Ղարաբաղյան բանակցությունների ընթացքը։ Հասկանալի չէ՝ արդյոք ընթանո՞ւմ են բանակցություններ, թե՞ ոչ։ Միևնույն ժամանակ՝ փորձագիտական շրջանակներում մտավախություններ կան, որ հասարակությունից թաքուն, այնուամենայնիվ, ինչ-որ գործարք է «եփվում»։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է կատարվում։ Ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ մոտ ապագայում՝ կարգավորման առումով։

– Ինչպիսի բացատրություններով էլ որ չփորձի քողարկել Փաշինյանը  բանակցությունները, դրանք, այնուամենայնիվ, տեղի են ունենում։ Կասկած է առաջացնում նույնիսկ ոչ թե՝ բանակցությունների բուն փաստը, այլ այն ջանասիրությունը, որով վարչապետը փորձում է հրաժարվել դրանց գոյությունից։ Հանրությանը հայտնի չէ Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ իշխանությունների դիրքորոշումը, քանի որ այն մինչ օրս չի բարձրաձայնվել, և հենց դա էլ անհանգստություն է առաջացնում։ Ինչպե՞ս կարելի է հաջող բանակցություններ վարել՝ առանց ձևակերպված դիրքորոշման։ Բանակցություննները պարապ հավաքույթներ չեն, այլ ձեռք բերված հաջողությունների ամրագրման գործիք։

Ղարաբաղյան կարգավորման մեջ կան մի շարք սկզբունքային դրույթներ, որոնց վերաբերյալ իշխանությունները պետք է հստակ մոտեցումներ ունենան բանակցություններ սկսելուց առաջ։ Ակնհայտ է, որ Ալիևը  հեշտությամբ առավելության հասավ Փաշինյանի նկատմամբ։ Դուշանբեի վերելակային բանակցությունները, փաստորեն, թաղեցին մեզ ձեռնտու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի՝ շփման գծում վստահության միջոցների ամրապնդմանը միտված համաձայնությունները։ Իսկ դրանք հենց այն գինն էին, որ Ադրբեջանը վճարում էր Ապրիլյան պատերազմի սանձազերծման համար։

Պատերազմ, որում մենք ավելի քան հարյուր մարդ կորցրեցինք։ Կարևոր չէ, թե ինչը դարձավ վարչապետի այդպիսի գործողությունների պատճառ՝ գիտացված ընտրությո՞ւնը, թե՞ իր անիրազեկվածությունը։ Երկու դեպքում էլ դա մեծ սխալ է։ Հայկական կողմը զիջումներ անելու պատրաստակամության առումով չափից ավելի բարձր սպասումներ առաջացրեց՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ՝ համանախագահների մոտ։ Ու հենց այդ պատճառով էլ, կարծում եմ, որ Մինսկի խմբի հաջորդ առաջարկներն առանձնապես դուրեկան չեն լինելու։

– Եվս մեկ հարց այս թեմայով։ Մամուլում և սոցիալական ցանցերում շատ են խոսում այն մասին, թե Ձեր կալանավորումն ինչ-որ կերպ կապված է ղարաբաղյան խնդրի մոտալուտ կարգավորման հետ։ Իբր, քանի Դուք բանտում եք՝ իշխանությունները գործարքի են գնալու։ Թերևս մամուլից տեղյակ եք այդ ամենի, ինչպես նաև՝ այսպես կոչված, «Բոլթոնի ծրագրի» մասին  (եթե այն ընդհանրապես գոյություն ունի)։ Ըստ Ձեզ, ի՞նչ է սա՝ «դավադրության տեսությո՞ւն» է, թե՞, այնուամենայնիվ, իրական մի բան։  

– Այս իշխանության օրոք ոչինչ բացառել չի կարելի։ Այսպես թե այնպես, ես խանգարելու եմ Ղարաբաղի «հանձնման» ցանկացած փորձ՝ անկախ իմ գտնվելու վայրից։ Վստահ եմ, որ այդպես են վարվելու բոլոր նրանք, ում համար Արցախը հայկական ինքնության մաս է կազմում։ Ի դեպ, դա այն է, ինչը բացակայում է վարչապետի և նրա թիմի մեծ մասի մոտ։ Արցախի անկախության և ռազմական հաջողությունների հետ նրանք ոչ մի առնչություն չունեն և ատում են բոլոր նրանց, ովքեր այդ հաղթանակի համար պայքարել են։ Այդ իսկ պատճառով հասարակությունը պետք է վերահսկի նրանց ամեն մի քայլը ղարաբաղյան հարցում։ Ոչ մի դեպքում չի կարելի հավատալ վարչապետի հակասական հայտարարություններին։

– Արդեն տևական ժամանակ է, ինչ չի հաջողվում կարգավորել ռուսական գազի գնի խնդիրը։ Թեև անցած տարվա վերջին օրը վարչապետը հայտարարեց, որ խնդիրը սկզբունքորեն լուծված է՝ սպառողների համար գազը չի թանկանալու, այնուամենայնիվ, հետո պարզվեց, որ դեռ բանակցություններ են ընթանում։ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ է կատարվում իրականում։ Կարելի՞ է արդյոք դատողություններ անել հայ-ռուսական հարաբերությունների մակարդակի մասին՝ ըստ ընթացող բանակցությունների տևողության։ Ինչպե՞ս կհանգուցալուծվի այս հարցը՝ ըստ Ձեզ։

– Խնդիրն իսկապես սկզբունքորեն լուծված է՝ գազը թանկացել է։ Այս թանկացման համար ուղղակի կամ անուղղակի ձևով վճարելու են հայաստանցի սպառողները, որքան էլ որ իշխանությունները փորձեն իրավիճակն այլ կերպ ներկայացնել։ Սակայն միջպետական հարաբերությունների ամբողջ համալիրը ես չէի բնութագրի միայն այս  հանգամանքով։ Իշխանությունը ձգտելու է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանել, բայց ոչ թե՝ համոզմունքներից ելնելով, այլ՝ իրենց համար առավել ընդունելի ընտրության բացակայության պատճառով։ Դա անհետևողականության, լղոզվածության և էկլեկտիկության է հանգեցնելու արտաքին քաղաքական խնդիրների իրագործման ժամանակ։ Այդ իրավիճակը տեսանելի է արդեն այսօր։ Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանական նոր թիմի և ռուսական էլիտայի աշխարհընկալումները տրամագծորեն տարբերվում են, և այդ հանգամանքն  անընդհատ ներկա է լինելու երկկողմ հարաբերություններում։ Մենք գործ ունենք Սորոսի սաների հետ, որոնք, ցավոք, վատ են ճանաչում և վատ են հասկանում Ռուսաստանն ու նրա մշակույթը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «168.am»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Խարդավանքների և ցինիզմի չգերազանցված վարպետ։ Իսկ լրագրողը իր հարցերով գերազանցապես նպաստել է այդ բացահայտմանը։ Փոթորիկը բաժակում ստացվեց։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031