Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոնիկի գյուղապետը «Տոյոտա Քեմրի» է վարձակալել` իրեն ծառայողական մեքենա (Ֆոտոշարք)

Մարտ 04,2019 18:44

Այսօր առավոտից Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքում բողոքի ցույց էր: Մի խումբ տարոնիկցիներ շրջափակել էին գյուղապետարանի շենքը, փակել մուտքը եւ պահանջում էին գյուղապետ Արմեն Խլղաթյանի հրաժարականը: Մինչ մեր հասնելը քաշքշոց էր եղել գյուղապետի դեմ պայքարողների եւ կողմնակիցների միջեւ, որը վերածվել էր ծեծի: Ոստիկանությունն էր հանդարտեցրել: Կային տուժածներ`թեթեւ մարմնական վնասվածքներով: Գյուղապետն էլ աշխատանքի չի գալիս, ասել են` վատառողջ է, չի կարող գալ:

Տարոնիկի գյուղապետ Արմեն Խլղաթյանը պաշտոնավարում է 2013 թվականից: Գյուղացիները ահազանգում են այս ընթացքում նրա կողմից իրականացրած մի շարք չարաշահումների մասին: «Պսակի փող ա կերել. դրանից ավել էլ ի՞նչ անի, դրանից ավել էլ բան կա՞ անելու: Զոհված ազատամարտիկ ունեք գյուղից, (ապրիլյան պատերազմի մասնակից-Ն. Գ.)`Բորիս Օզմանյան, 300 հազար դրամ փող ա դուրս գրել, թաղման արարողության ծախսերի համար, բայց ոչ մի բան չի արել: Դրանից ավել էլ ի՞նչ ուզենք էդ գյուղապետից»,- Aravot.am-ին իր վրդովմունքը փոխանցեց ցուցարարներից, գյուղի ավագանու անդամ Քերոբ Մուրադյանը:

Այլ մանրամասները`տեսանյութում

Ցույցի կազմակերպիչներից Սեւակ Առաքելյանն էլ այլ մանրամասներ է ներկայացնում` ծաղկեպսակների համար գումարներ է դուրս գրել`գյուղացիների թաղումների համար, բայց պսակներ չեն տարվել Հետաքրքրվեցինք`որոշումները ավագանին չի՞ կայացրել: «Այո, ավագանին պիտի կայացներ, բայց նորմալ չեն աշխատել, ավագանու նիստեր չեն էլ եղել, չեն էլ իմացել, թե ինչի՞ տակ են ստորագրում: Կարող է կեղծ էլ լինեն շատ ստորագրություններ, որովհետեւ մենք համեմատում ենք, նույն մարդու ստորագրությունը տարբեր տեղերում իրար հետ չի բռնում: Պահանջում ենք, որ ամենը ստուգեն եւ պարզեն»,- ասաց Սեւակ Առաքելյանը:

Մեր զրուցակիցը շարունակում է պատմել. գյուղի մանկապարտեզը, որ գործել է, Արմեն Խլղաթյանի ընտրվելուց 4-5 ամիս անց փակվում է, մինչդեռ տարբեր հաշվետվություններում 6-8 միլիոն դրամներ են դուրս գրված մանկապարտեզի շենքի վերանորոգման համար: Այդ վերանորոգումներից հետո, շենքն այսպիսի անմխիթար տեսք ունի, հետեւի հատվածում մի փոքրիկ մասնաշենք է վերանորոգված`միայն պատուհաններ են դրված եւ տանիքն է փոխված: Մանկապարտեզի այգու տարածքի մի մասն էլ, ըստ տեղացիների, գյուղապետն է «զավթել» է: Ասում են`«այս աժիոտաժը» (նկատի ունեն հեղափոխություն-իշխանափոխությունը) սկսվեց, չհասցրեց իր անունով փոխի: Մանկապարտեզի այդու հատվածը գյուղապետը միացրել է իրեն պատկանող խանութի տարածքին:

 

Գյուղացիները չե՞ն ընտրում, մեր հարցին`պատասխանեցին, որ առաջին անգամ ընտրել են`մտածելով երիտասարդ տղա է կաշխատի, լավ կլինի: Հաջորդ ընտրություններում հաղթել է ալյուր եւ ձեթ բաժանելով. «Անապահով ժողովուրդ են, ընտրակաշառքով ընտրվել ա, մենք ոչ մի բան չկարողացանք անել, դրանք վերեւում մարդ ունեին: Հիմա`ղեկավարություն է փոխվել, մեր ձայնը հասանելի է, ցանկանում ենք այս հարցերին լուծում տալ»: Ի դեպ, այդ ժամանակ Aravot.am-ն անդրադարձել էր այդ պատմությանը

Գյուղապետի դեմ բողոքը արդեն 1,5-2 ամիս է խմորվում: Գյուղապետը հրաժարվել է իրեն մեղսագրվողից: Բայց գյուղացիներն ասում են`փաստեր ունեն եւ ներկայացնում են 2018 թվականի հաշվետվությունները, որոնք գյուղապետը ներկայացրել է մարզպետարան: Դրանք երկու տարբերակից են`հին եւ նոր`փոփոխված: Գյուղապետը, ըստ տեղացիներին, որոշ փաստեր «սրբագրել» է: «Գրել ա մանկապարտեզի վրա վեց միլիոն եմ ծախսել: Հիմա իրար հետ կգնանք`տեսեք, եթե էդ շենքի վրա վեց միլիոն ծախսել ա, ես կթողեմ կգնամ մեր տուն»,- ասաց Սեւակ Առաքելյան: Նոր`փոփոխված հաշվետվություններում այդ եւ այլ ծախսերը հանված են:

Ցուցարարներն ասում են`շարունակելու են ցույցերը`մինչեւ գյուղապետն «իր անօրինականության համար պատասխան տա»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Ավագանու անդամները որոշումներ ներկայացրեցին, ըստ որոնց, գյուղացիներից ոմանց գույքահարկը զիջվել է, բայց մեքենայի տերը գումարը վճարել է, կտրոնն առկա է. այդ գումարը գյուղապետը գրպանել է:

Ցույցին մասնակցող Արտակ Մանուկյանի անունով կա 68 հազարի զիջված գույքահարկ: Նա պնդում է, որ այդքան զիջում չի եղել, ավելի քիչ է զիջվել: Նաեւ`գյուղապետին պատկանող 13 հեկտար տարածքը գյուղի տրակտորիստները վարել են, իրենց աշխատանքի գումարը ստացել են իբրեւ սոցվճար: «Իմ տղեն վարել ա, տափել ա, գումարը ասեց փոխանցումով եմ անում: Գնացինք, որ ստանանք, բանկի աշխատողը խնդաց մեր վրեն. ասեց`էսքան սոցօգնությո՞ւն են տալի»,- պատմեց տրակտորիստ Հրաչը: Խոսքը 400 հազար դրամի մասին է:

Գյուղացիները պնդում եմ, որ այս ամառանողը գյուղապետը «գյուղի հաշվին» է կառուցել: Կառույցն անօրինական է եղել, հիմա արդեն օրինականացված է`զոքանչի անունով: Գյուղը խմելու ջրի խնդիր ունի, արդեն տասը տարուց ավել: Գյուղապետը բարերար է գտել, ջրագծերն են փոխել, 20 մետր խորությամբ նոր ջրագիծ է անցկացվել, բայց այդ ջուր խմելու համար պիտանի չէ, մեքենա են լվանում: «Ստուգման ենք տվել, ընդհանրապես խմելու համար ենթակա չի:

Կողքի գյուղերից, Էջմիածնից ենք բերում խմելու ջուրը: 2017-ի խորհրդարանական ընտրություններին, 15 միլիոն դրամ է մարզպետարանը տրամադրել`գյուղում քլորակայան կառուցելու համար: Ոչ գումարը կա, ոչ քլորակայանը»,- պատմում է մեր զրուցակիցը: Ի դեպ, հին ջրագծերը, փաստաթղթերով ձեւակերպված է, որ տրվել են գյուղացիներին, իբրեւ օգնություն, բայց գյուղապետի նորակառույց ամառանոցի համար դրանք պարիսպ են ծառայում:

Գյուղի հողերը աճուրդներով վաճառվել են, գյուղացիները աճուրդից տեղյակ չեն եղել: Դրանցից մեկում հաղթում է գյուղապետի կինը`Սիրանույշ Մաթեւոսյան, երեք հա-ի չափ տարածք գնելով, նույն օրը`մյուս աճուրդում գյուղապետի զոքանչը`Էմիլիա Գաբոյանն է հաղթել է: Աճուրդում վաճառված հողերի մեկ հեկտարի արժեքը 50 հազար դամ է ձեւակերպված:

Գույքահարկի զիջումների մասին մի ուշագրավ փաստ կա. ավագանու որոշմամբ զիջվել է LEXUS LX 57 GA մակնիշի մեքենայի գույքահարկը: Մեքենայի սեփականատերը գույքահարկը վճարել է, կտրոնն առկա է, զիջված գումարը գյուղապետը գրպանել է: Գյուղապետարանի ենթակայության տակ գտնվող «Նիվա» մակնիշի մեքենան էլ, մի քանի ամիս առաջ կապիտալ վերանորոգվում է`գյուղապետարանի հաշվին, ծախսվում է 600 հազարից ավել գումար: Հետո աճուրդով վաճառում է: Գնորդը գյուղապետի եղբայրն է: Նա այդ մեքենան գնել է 20 հազար դրամով: Գյուղապետի կնոջ հայրը`Ժիրայր Մարտիրոսան, ձեւակերպված է գյուղապետի վարորդ, հետո`պահակ, բանվոր: Անահիտ Խլղաթյանը`գյուղապետի քույրը`մանկապարտեզի վարիչն է եղել, հետո նշանակվել է գյուղապետարանի հավաքարար: Գյուղապետի կինը գյուղապետի տեղակալ է աշխատել, կնոջ քրոջ ամուսինը`վարորդ, պահակ, բանվոր: Արտյոմ Կիրակոսյանն ու Հայկ Մարտիրոսյանն էլ են գյուղապետարանում աշխատել: Վերջինս եղել է տեղակալ եւ անցած տարի անգամ պարգեւավճար է ստացել: Նրանք միայն ձեւակերպված են եղել, ոչ ոք չի հիշում, որ աշխատել են:

2018-ի հաշվետվություններով, աղբահանության համար, մեկ շնչից գյուղում ամսական 100 դրամ գումար է գանձվել, բայց գյուղապետարանի բյուջեից 2 200 հազար դրամ էլ գումար է դուրս գրվել`նույն նպատակին: Ստացվում է`մեկ շնչի հաշվարկով 400 դրամ է աղբահանության համար դուրս գրվել գյուղապետարանի բյուջեից, 100 դրամ էլ գյուղացիներից է հավաքվել: Նույն հաշվետվության համաձայն, լուսավորության տասը կետ է անցկացվել` գերեզմանատուն տանող ճանապարհը լուսավորելու համար, մոտ մեկ միլիոն դամ էլ ծախսվել է, բայց նման բան գոյություն չունի:

Գյուղի բնակիչ Ազատուհի Եփրեփմյանն էլ պատմում է, որ իր հիվանդ տղային գյուղապետն աշխատացրել է շինարարության վրա եւ իր հասանելիք աշխատավարձը, որպես սոցվճար է ձեւակերպել: Մի մասն էլ ինքը վերադարձրել է գյուղապետին. «Ես եմ ստացել գումարը, բերել տվել եմ իրան, հետո եմ հասկացել…»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Գյուղապետարանի մոտ այսօր ներկա էր նաեւ Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչ, ՏԻՄ վարչության պետ Արսեն Ղուկասյանը: «Գյուղապետարանի մուտքի դուռն էին, փակել: Մեր եւ ոստիկանության օժանդակությամբ բացվեց, գյուղապետարանի բնականոն աշխատանքը կշարունակվի`մինչեւ իրենց հարցերի ուսումնասիրությունը»,- ասաց մարզպետարանի պաշտոնյան`հավելելով, որ չարաշահումների մասին դիմում-բողոքները գյուղացիները նոր են նախապատրաստում, դրանք կներկայացնեն մարզպետարան:

Ցույցի մասնակիցները հավաստիացրեցին, որ գյուղապետի թեկնածու չունեն եւ իրենց ոչ ոք չի ուղղորդում: Պարզապես իրենք էլ արդարություն են պահանջում:

Իսկ Արմեն Խլղաթյանի հետ կապվել, մեզ չհաջողվեց: Նա չարձագանքեց մեր հեռախոսազանգերին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031