«Վազգեն Սարգսյանն իր ծնունդը չէր սիրում նշել»,-«Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին պատմեց գեներալ, մայոր Աստվածատուր Պետրոսյանը:
Նշենք, որ մարտի 5-ին լրանում է Վազգեն Սարգսյանի 60-ամյակը:
Գեներալ մայորը նշեց, որ Վազեն Սարգսյանը սիրում էր նշել գարնան տոնը ու մի դրվագ պատմեց. «1996-ն էր, երբ ինքն առաջին անգամ Աշտարակի ձորում մարտի 1-ը՝ գարնան տոնը նշեց: Նա այդ օրը սիրում էր ասել բոլոր մայրերի, քույրերի, դստրերի օրն է: Նա ասում էր՝ հայուհիներն այդ օրն են վերապրում և այդ օրը գարունը ծաղիկ է վառում, սիրտ ու սեր է պարգևում մեզ: Ինչքան էլ պատերազմի դաշտում դժվար լիներ, միշտ նշում էր այդ օրը: Մի անգամ էլ ձորում հանդիպում է ջաղացպանին, նա ասում է, ջրաղաց ունեմ, հաց եմ թխում, թարխուն ունեմ ցանած, պանիր ունեմ, ձու ունեմ, հենց վերևը Կարմրավորի տակ տուն ունեմ ու կասեմ այդ ձվերն էլ բերեն, այստեղ խաշեն, գարնան տոնը նշենք: Սպարապետին ասում է, եթե ուժդ պատում է, ձեռքով ջրաղացը պտտացնենք, մեր հացը մեր ձեռքով քամենք: Գարնան գալու տոնն էր իր մեջ: Դա հետո ավանդույթ դարձավ: Այս տարի էլ էլի տարա ձու, թարխուն ու մանուշակներ դրեցի ձորում»:
Աստվածատուր Պետրոսյանը նաև պատմեց, թե ինչպես էր բանակ ստեղծում Վազգեն Սարգսյանը. «Շատ էր վստահում թույլ զինվորներին, կոչումներ նրանց էր տալիս։ Ասում էր՝ գնում եք, թաղի տղերքին եք բերում, սերժանտ սարքում, այ էս տղեն է իսկական բանակի սերժանտը: Մեկ ամիս հետո այդ «ամենանվաստ տղեն» հասնում էր սերժանտի կոչման»:
Խոսելով Վազգեն Սարգսյանի մարդկային որակների մասին՝ գեներալ մայորն ասաց. «Ժողովրդի սրտից դուրս եկած մարդ, և նրան ամեն ինչ տրվում էր. մշակույթի գրեթե բոլոր ոլորտները տրվում էին նրան, թե որպես դերասան, սցենարիստ, արձակագիր և սիրում էր հայկական բառն ու բանը, պատմությունը»:
Հարցին՝ որո՞նք էին Վազգեն Սարգսյանի կարևորագույն որոշումները, Աստվածատուր Պետրոսյանը պատասխանեց. «1991-ին առաջին հերթին ջոկատների միավորում մտնելը, ԵԿՄ ջոկատների կենտրոնական շտաբի հիմնումը՝ 1990-ի ապրիլի երեքին, ստեղծեց ռազմական խորհուրդ, որն ընդգրկում էր բոլոր շրջանների ջոկատները, կամավորները, ստեղծեց մանդատային հանձնաժողով, որը պետք է վերաորակավորեր՝ առողջությունից բռնած վերջացրած զինվորների ընդունակություններ և սպայական կազմի կազմակերպում: Ստեղծվեց պաշտպանության կոմիտե»:
Գնդապետ Սուրեն Խաչատրյանը պատմեց՝ 1991-ից ծանոթ է եղել Վազգեն Սարգսյանի հետ, երբ ՊՆ իքս խմբում է ներգրավված եղել, որը զբաղվում էր Արցախի հարցերով. «1995-1996-ին բանակաշինության խաղաղ պայմանների ժամանակով ստեղծում էինք Քարվաճառի զորամասերը: Գալիս էր զորամաս, մեկ առ մեկ անցնում զորամասով: Մի անգամ զանգեց ուղիղ ինձ, հարցրեց՝ գնացե՞լ ես Քարվաճառի զորամաս, տեսե՞լ ես հանձնարությունը կատարվա՞ծ է. զինվորների կոշիկները մաքրելու տեղը դրե՞լ են: Չկարողացա խաբել, իրոք, չէի տեսել: Ասացի կլինի՞ մի քանի ժամից պատասխանեմ ու սրընթաց հասա Քարվաճառ: Հետո զանգեցի, զեկուցեցի: Ասաց չգիտեմ՝ ոնց ասեմ քեզ, բայց մյուս անգամ բոլոր հարցերիս պատասխանես»:
Սուրեն Խաչատրյանը նաև հիշեց, թե ինչ ապրումներ է ունեցել Վազգեն Սարգսյանը, երբ իմացել է, որ Լաչինի միջանցքը փոքրացել է. «Նա վատացավ, շտապօգնություն կանչեցին, հաշվում էր՝ ովքեր զոհված կլինեն: Նա ամեն ինչով՝ իր խստությամբ և հզորությամբ, մարդկային էր»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ