Լրահոս
Օրվա լրահոսը

Օր 1. Վարչապետի այցը Բրյուսել, Լյովեն. ԿԳՆ-ն հուշագիր ստորագրեց, Արայիկ Հարությունյանը՝ սպասելիքների մասին

Մարտ 04,2019 17:24

Այսօր մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն: Պատվիրակության կազմում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը , վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը եւ այլք:

Առավոտյան հայաստանյան պատվիրակության անդամները այցելեցին Լյովենի Կաթոլիկ համալսարան, հանդիպում ունեցան համալսարանի ռեկտոր Լյուկ Մելսի հետ:

Ռեկտորը ներկայացրեց համալսարանի գործունեությունը, ծրագրերը:

Այնուհետեւ վարչապետը եւ կառավարության մյուս անդամները այցելեցին IMEC գիտահետազոտական կենտրոն: Այնտեղ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր IMEC-ի եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» միջեւ:

Պատվիրակության անդամները նաեւ այցելեցին կիսահաղորդիչների վերամշակման լաբորատորիա, որտեղ տեսալուսանկարահանումներն արգելվում են:

Հետո հայաստանյան պատվիրակները եղան Լյուվենի Առողջության կենտրոնում, որը Լյուվենի կաթոլիկ համալսարանի եւ IMEC-ի համատեղ ծրագիրն է: Կենտրոնի տնօրեն Իզաբել Ֆրանսուան վարչապետին ծանոթացրեց իրենց գործունեությունը, կենտրոնում կատարեցին շրջայց:

Faculty club ռեստորանում Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը Ֆլանդրիայի արտաքին գործերի դեպարտամենտի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրեց: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ այս հուշագիրը կօգնի, որ աշխարհի լավագույն փորձը եւ լավագույն համալսարանների փորձը ներգրավեն մեր կրթական համակարգի բարեփոխումների համար. «Լյուվենի համալսարանը աշխարհի լավագույն ինովատիվ համալսարաններից մեկն է, Եվրոպայում լավագույնն է: Այս փաստաթուղթը դրանով է կարեւոր, որ մենք հիմք ենք դնում շատ լուրջ համագործակցության: Նախկինում եղել են համագործակցության նման փորձեր, բայց այս մակարդակով փաստաթղթի ստորագրում չի եղել»:

Մենք հետաքրքրվեցինք նախարարից՝ լավագույն սցենարի դեպքում այս փաստաթուղթը մեզ ի՞նչ կարող է տալ: Նա պատասխանեց. «Ես սցենարներ չէի ցանկանա քննարկել, բայց Գերմանիայի օրինակը կարող եմ բերել, երբ նախորդ տարի, կամ Անգելա Մերկելի այցից անմիջապես հետո մենք կապեր հաստատեցինք, նրանց կրթական համակարգի պատասխանատուների հետ, եղավ իմ այցը, եղավ նախագահի եւ վարչապետի այցը եւ դրա արդյունքում մենք կոնկրետ համագործակցության արդյունքներ ունենք: Օրինակ, Գիտության կոմիտեն է շատ լուրջ քննարկումների մեջ գիտական կենտրոնների հետ, Թումոյի, կրթական ոլորտում ունենք արդյունքներ եւ պատրաստ ենք ընդունել կրթության նախարարության գլխավոր քարտուղարին ՀՀ: Այն քայլերը, որոնք ձեռնարկում ենք, կոնկրետ եմ»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, վստահաբար, սա այն հուշագրերից չէ, որոնք ստորագրում են եւ մնում է դարակում՝ նախարարը պատասխանեց. «Միանշանակ, ոչ, տեսնում եք, մենք նման հուշագրեր քիչ ենք ստորագրում եւ ստորագրում ենք այն դեպքում, երբ կոնկրետ արդյունքներ ենք ակնկալում դրանից»:

Շուտով պատվիրակության անդամները Եվրոպական խորհրդարանում են լինելու, որտեղ ՀՀ վարչապետը ելույթ է ունենալու Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031