Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է ներողություն խնդրես ամբողջ հայությունից, ազատամարտիկներից, Եռաբլուրից. Գնդապետ Ղումաշյանը՝ Ռուբեն Հախվերդյանին

Մարտ 04,2019 17:11

«Իսկապես երեկ շատ ծանր օր էր, այսօր էլ շարունակվում է, որովհետև երևույթը անսպասելի էր բոլորիս համար: Ռուբեն Հախվերդյանը անծանոթ մարդ չէ, ճանաչված է հանրապետությունում, սահմաններից դուրս: Այն, ինչ նա ասաց, այն, ինչ շոշափվեց, գնահատում եմ շատ մտահոգող, որովհետև այն կարծիքին եմ, որ ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր անհատ, կազմակերպություն, յուրաքանչյուր պաշտոնյա պետք է պատասխանատու լինի երկրի անվտանգության համար»,- այսօր լրագրողների հետ «Նոյյան տապան» ակումբում հանդիպման ժամանակ խոսելով Ռուբեն Հախվերդյանի՝ արցախցիների մասին արած հայտարարությունների մասին՝ ասաց գրող-հրապարակախոս Ռուզան Ասատրյանը: Նրա կարծիքով՝ այն, որ Համլետ Ղուշչյանը հրավիրել էր հենց Ռուբեն Հախվերդյանին՝ ճանաչված երգչի պատահական չէր, քանի որ բոլորը գիտեն, որ նա խիստ էմոցիոնալ է, ոչ ստանդարտ արտահայտվող, իր կարծիքների մեջ նա խիստ անմիջական է, բայց, ըստ բանախոսի, Ղուշչյանը՝ որպես երկար տարիների լրագրող պետք է հեռատես լիներ:

«Ես քննադատում եմ Ղուշչյանին, նրա վարքագիծը: Սա առաջին դեպքը չէ. նա արդեն երկրորդ անգամ է ցավ պատճառում Արցախին: Առաջին անգամ, երբ ֆիլմ նկարահանեց Արցախի հերոս, Արցախի հաղթության կարևոր խորհրդանիշներից մեկի՝ Սամվել Բաբայանի մասին, որը պատվեր էր և որի համար նա տասնյակ անգամներ ներողություն խնդրեց, սակայն հետքը մնաց: Ծանր էր, նա կպավ հայ ժողովրդի հաղթությանը, որի իրավունքը չուներ, որովհետև հաղթանակին վերաբերվել այդպես, հաղթանակ տարած ժողովրդի մասին խոսել այդպես չի կարելի: Միշտ էլ գիտենք, որ կայծից է բոց բռնկվում, բայց կուզենայի, որ այն բոց չդառնար, որովհետև Արցախը Հայաստանն է, Արցախը Սյունիքի մի խոշոր հատվածն է, հայ ժողովրդի դարպասն ու հպարտությունն է: Մենք պետք է գիտակցենք՝ ինչ է նշանակում Արցախ և շատ զգուշորեն խոսենք այդ թեմայի մասին»,- նշեց տիկին Ասատրյանը:

Ըստ բանախոսի՝ Արցախը այսօր Հայաստանի անբաժանելի մասն է, որքան էլ որ դա չի օրինականացվել, և մենք բոլորս պետք է այս երևույթը չխորացնենք, չհասցնենք այնպիսի մակարդակի, որ իբրև թե ջրբաժան է ստեղծվում Հայաստանի և Արցախի միջև. «Չի կարելի այդպես ասել, հիմա Ռուբեն Հախվերդյանին բոլորս ճանաչում ենք: Գիտենք, որ խմիչք սիրում է, գուցե խմիչքի ազդեցության տակ են արվել այդ հայտարարությունները: Պետք է կարողանանք շատ բարձր գիտակցությամբ ընդունել, հարթել այս միջադեպը և պահանջել, որ ինչպես որ արտահայտվել է, այնպես էլ բացահայտ ներողություն խնդրի Արցախի ժողովրդից, այն ազատամարտիկներից, որոնք Եռաբլուրում են և դեռ կենդանի են»:

Գնդապետ, «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր-տնօրեն Կորյուն Ղումաշյանը ևս այն համոզմունքին է, որ Ռուբեն Հախվերդյանը պետք է ներողություն խնդրի ամբողջ հայությունից:

«Երեկ ավելի վրդովված էի, մտածում էի՝ չեմ դիմանա, մի երկու բառ էլ կարտահայտվեմ, բայց իրոք խաղաղվել պետք է: Շատ բարկացած եմ Ռուբենի վրա: Էդ որ ասում ես՝ ապրել են թուրքական մթնոլորտում, դեռ դա պետք ա մաքրվի նրանց միջից, դու գնա, մաքրվի նրանցից, ովքեր քեզ հրավիրում են նման հաղորդաշարերի: Պետք է ներողություն խնդրես ամբողջ հայությունից, ազատամարտիկներից, Եռաբլուրից: Մենք չունենք Արցախ, չունենք Ջավախք, չունենք Լենինական, մենք ունենք ընդհանուր Հայաստան: Այդ հողերի վրա իմ ընկերների արյունն է թափվել, դա ինձ համար Հայաստանն է: Պարտավոր ես ներողություն խնդրել»,- ասաց պարոն Ղումաշյանը;

Նա համաձայն է, որ մարտի 1-ը ողբերգություն է, բոլորն ուզում են, որ այն բացահայտվի, քանի որ մերոնք են զոհվել, բայց պարոն Ղումաշյանը կոչ արեց չշահարկել մարտի 1-ը, շոուներ կազմակերպելով պառակտում չգցել, թուրքին էլ չծիծաղեցնել. «Ի՞նչ էիք ասում էդ հաղորդաշարով. էդ հարցն եմ ուզում տալ: Ուզո՞ւմ եք թուրքին լսել տաք, որ Արցախը մերը չի: Ի՞նչ էիք ուզում լսել տայիք սրանով»:

Բանախոսը ընդգծեց նաև, որ շատ սիրում է Հախվերդյանի երգերը, բայց նկատեց նաև, որ այդ հաղորդման ժամանակ հնչած երգերից մեկի՝ «Լավագույն տղերքը հեռանում են»-ի ժամանակ էլ ինչ-որ սադրիչ խոսակցություն գնաց:

«Չի կարելի այդպիսի բաներ անել, ոչ տղերքին, ոչ տարածքները, ոչ էլ մեր հայրենիքը մի՛ քաղաքականացրեք»,- վրդովված ասաց պարոն Ղումաշյանը:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031