Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նշանակալի առաջընթաց կա. Քրիստոս Ջակումոպուլոս

Մարտ 04,2019 16:56

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 4-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության Մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության Գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսին:

Ողջունելով հյուրին` Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է համագործակցությունը Եվրոպայի խոորհրդի հետ, ինչպես նաեւ կազմակերպության շարունակական աջակցությունը մեր երկրի ժողովրդավարացման գործընթացներին: Ազգային ժողովի նախագահը հավելել է, որ ակտիվ համագործակցություն կա Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի հետ:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով` Հայաստանն այս տարիների ընթացքում շարունակաբար իրագործել է կազմակերպության անդամակցությամբ ստանձնած պարտավորությունները, եւ այդ ուղղությամբ մեր երկիրն ունի զգալի առաջընթաց` պայմանավորված նաեւ կազմակերպության աջակցությամբ:

Օրենսդիր մարմնի ղեկավարը հավելել է՝ 2018 թ. տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդավարական հեղափոխության արդյունքում Հայաստանն էական քայլ կատարեց մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության, իրավունքի գերակայության ուղղությամբ: Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ Հայաստանի նոր իշխանությունները հետեւողական են ժողովրդավարության շարունակական զարգացման ու խորացման հարցում:

Քրիստոս Ջակումոպուլոսը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է տարիներ շարունակ Հայաստանի հետ իրականացվող արդյունավետ համագործակցությունն ու համատեղ ծրագրերը:

Նշելով, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նշանակալի առաջընթաց կա՝ Քրիստոս Ջակումոպուլոսը բարեփոխումների իրականացման հարցում համագործակցության եւ աջակցության պատրաստակամություն է հայտնել:

Անդրադառնալով Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացված ծրագրերին, արձանագրված արդյունքներին, ինչպես նաեւ նոր Գործողությունների ծրագրին առնչվող հարցերին՝ օրենսդիր մարմնի ղեկավարը վերահաստատել է, որ Հայաստանը հետամուտ է լինելու գործողությունների երկրորդ ծրագրի լիարժեք եւ ամբողջ ծավալով իրականացմանն ու այս փուլում բավականին ծավալուն եւ խորքային բարեփոխումներ են նախատեսված:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031