ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՊԱՐՈՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Մեծարգո վարչապետ
Դուք արդեն քաջատեղյակ եք 1992թ. օգոստոսի 8-ին արծվաշենցիներին վրա հասած մեծ աղետից:
Հայաստանի նախկին երեք ղեկավարների կառավարման տարիներին մենք միշտ բարձրացրել ենք բնակչության ունեցվածքի կորստի փոխհատուցման հարցը և մշտապես ականատես ենք եղել մեր նկատմամբ հիմնականում արհամարհանքի: Սակայն նախկինների ժամանակ եթե չի լուծվել ունեցվածքի կորստի հարցը, գոնե պարբերաբար չնչին գումարներ է հատկացվել բնակարանային պայմանների բարելավման համար:
Ի վերջո, նախկին կառավարությունը որոշեց, որ բնակարանային պայմանների բարելավման գինը կազմում է մոտ 6 մլրդ դրամ և խոստացան տարիների ընթացքում գոնե այդ հարցը լուծել: 2011 թվականին հատկացվեց 708 մլն. դրամ: Մեր երկրորդ պահանջն արդեն լուծման փուլում էր, որ 2018 թվականի գարնանը տեղի ունեցավ ողջ հայության հարամ երկար տարիներ սպասված ժողովրդական իշխանության հաստատումը Ձեր գլխավորությամբ: Արծվաշենցիներս մեծ հույսով լցված Ազգային ժողովի ընտրություններին 80%-ից ավել ձայն տվեցինք նոր իշխանությանը: Երկու անգամ հանդիպեցինք Ձեզ հետ և ստացանք հուսադրող պատասխան մեր բարձրացրած հարցը լուծելու համար:
Արծվաշենցիներս սառը ցնցուղի նման ընդունեցինք ս.թ. փետրվարի 28-ին տարածքային կառավարման նախարար Ս. Պապիկյանի կտրուկ մերժողական պատասխանը: Նա մեր հարցը ընդհանրացնում և կապում է Ադրբեջանից բռնի տեղահանված մնացած հայության հետ:
Մենք պնդում ենք, որ մեր կարգավիճակով մենք միակն ենք և պետք է արժանանանք առանձնահատուկ վերաբերմունքի: Ներքոհիշյալ փաստարկների հիման վրա.
1.Արծվաշենը Հայաստանի միակ անկլավ բնակավայրն է:
2.Ադրբեջանից հայությունը դուրս է եկել 1988-1991 թվականների ընթացքում հասցնելով բերել իր հետ որոշակի ունեցվածք, փոխանակել տները: Մոտ 3000 արծվաշենցիներ գյուղից տեղահանվել են ոչ թե չորս տարվա ընթացքում, այլ երկու ժամվա մեջ:
Մեծարգո վարչապետ Արծվաշեն գյուղը 150 տարվա պատմությունը անցել է հարևանների հետ բազմամյա գոյամարտերի մեջ և նրա զավակներն ասում են մեր բարբառով «մի կեծանով» գնացողներ: Մենք մեր նախապապերի արժանի ժառանգներն ենք և ոչ մեկին թույլ չենք տա մեզ հետ վերաբերվել արհամարհանքով ու քամահրանքով:
Ամբողջ բնակչության անունից խնդրում ենք Ձեզ մեկ անգամ ևս ընդունեք մեր վեց հոգուց բաղկացած պատվիրակությանը և գանք վերջնական որոշման:
Մենք Ձեզանից օրինակ վերցրեցինք թե ինչպես պետք է պայքարել անօրինականության դեմ:
Հայաստանով մեկ սփռված արծվաշենցիներս ունակ ենք պայքարելու մեր պապերի ու հայրերի երեք սերնդի ունեցվածքը դավաճանաբար մեզնից խլածների դեմ և հասնելու արդարացի լուծման:
Լավագույն բարեմաղթանքներով՝
Նախաձեռնողների խումբ
Ռ. Մխիթարյան
Կ. Աբրահամյան
Մ. Առաքելյան
Է. Քեշիշյան
Ս. Կիրակոսյան