Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Խանումյանն մեղադրել է Արցախի իշխանություններին վերաբնակեցման ծրագրերը տապալելու և այն խոշոր հողատեր-պաշտոնյաների համար ծառայեցնելու նպատակով

Մարտ 04,2019 16:36

Արցախի Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի առաջին նիստն ամփոփվել է պատգամավորական հայտարարություններով: «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանն իր ելույթում մեղադրել է Արցախի իշխանություններին վերաբնակեցման ծրագրերը տապալելու և այն խոշոր հողատեր-պաշտոնյաների համար ծառայեցնելու նպատակով: Նա մասնավորապես նշել է.

«Հսկայական ներուժ ունեցող Արցախի տարածքն այսօր տառապում է ապաշնորհ կառավարումից, որոշ շրջաններում կառավարման ֆեոդալական մոտեցումներից: Տարիներ շարունակ Արցախի այսօրվա իշխանությունը վերաբնակեցման ծրագրերն իրականացնելիս շեշտը դրել է ոչ թե ամուր, ուժեղ ընտանիքներ, ընտանեկան տնտեսություններ խթանելու վրա, այլ մի քանի հոգու կողմից հազարավոր հեկտարների մշակումն ապահովելու վրա: Արցախի ներկայիս իշխանությունները թերբնակեցված, բայց հողերով հարուստ համայնքների բնակիչներին դիտարկել են միայն որպես էժան աշխատուժ, հնարավորինս փորձել են ոտնահարել նրանց իրավունքները և վերածել նրանց վարչական ռեսուրսի ուղղորդմամբ քվեարկող զանգվածի: Պայքարել են ինքնաբավ ընտանիքների դեմ, հասել նրանցից շատերի հեռանալուն, օրենսդրական բացերի և իրավական մանիպուլյացիաների միջոցով զանգվածաբար խլել են մարդկանց կողմից տասը տարուց ավելի մշակվող հողերը, ստեղծել խոշոր պաշտոնյա հողատերերի կաստա, որը վերաբնակեցման ծրագրերն օգտագործում է խոշոր հողակտորների վրա էժան աշխատուժ ապահովելու նպատակով: Շրջեցեք Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Քաշաթաղի հողերով հարուստ համայնքներով, տեսեք թե ինչպես է գյուղացին լրացուցիչ հեկտար հող ստանալու համար հանդիպում չհաղթահարվող արգելքների: Ուղարկեք հարցումներ համայնքապետերին և կտեսնեք, որ համայնքային ջրովի հողերի զգալի մասը պատկանում են նախկին վարչապետին, պաշտպանության փոխնախարարին, այս կամ այն վարչակազմի ղեկավարին կամ կասկածելի հիմնադրամների, որոնց տակ էլի նույն մարդիկ են թաքնված: Ուսումնասիրելով փաստաթղերը՝ կտեսնեք, որ այդ մարդիկ համայնքային հողերի մեծ մասը ձեռք են բերել իրենց պաշտոնավարության շրջանում»:

Խանումյանը շեշտել է, որ ժողովրդագրական ասպարեզում ճգնաժամը կարելի է հաղթահարել միայն այն ժամանակ, երբ սեփական համայնքում ապրող բնակիչը կկարողանա արժանապատիվ կյանք ստեղծել, հարստանալ իր տնտեսության միջոցով: Նա նշել է, որ ոչ մեկն իր երեխային այստեղ չի պահի, որ դառնա այս կամ այն խոշոր հողատերի բատրակը: Նմանապես ոչ մեկը չի գա այստեղ բանկավելու իր ընտանիքի համար նման հեռանկարով:

Խանումյանը միևնույն ժամանակ նշել է այն պայմանները, որոնք կարող են թռիչքաձև զարգացում ապահովել թերբնակեցված համայնքների համար: «Կա հստակ խնդիր. մենք պետական բյուջեի, Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով և ՀՀ հետ գործակցությամբ պետք է տարեկան 200-250 կմ որակյալ ճանապարհ կառուցենք, առաջնահերթ՝ Ստեփանակերտ-Մարտակերտ, Ասկերան-Ակնա-Մարտունի, Բերձոր-Միջնավան, Միջնավան-Ագարակ, Կապան-Կովսական, Կոռնիձորն ու Խնձորեսկը Քաշաթաղին կապող ճանապարհները, Հադրութի տարբեր ձորակներ այս մայրուղիներին կապող ճանապարհները: Այս համայնքներում մենք պետք է կարողանանք նորմալ դպրոցական կրթություն առաջարկել և կտեսնենք, որ լրացուցիչ այլ ծրագրերի կարիք չկա: Ամենակարճ ժամանակահատվածում այս համայնքները թռիչքային զարգացում են ունենալու»:

Ելույթի մի հատվածը ներկայացված է տեսանյութում՝

 

Ազգային վերածնունդ կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031