2020 թվականի հունվարի 1-ից ԵՏՄ համաձայնագրով սահմանված կարգով կառույցի անդամ երկրների համար մաքսատուրքերի աճ կլինի, ինչն առավելապես վերաբերում է երրորդ երկրներից ՀՀ ներկրվելիք ավտոմեքենաներին: Այս մասին ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը: ԲՀԿ-ական պատգամավորը շեշտեց, որ ներկրվելիք ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացման հետեւանքով մեքենաների արժեքը կավելանա մոտ 4 անգամ:
«Բարձրանալու են նաեւ ՀՀ ներկրվելիք թռչնամսի, հավկիթի, ցորենի, արևածաղկի ձեթի, չոր կաթի եւ այլ ապրանքների մաքսատուրքերը»,-նշեց Միքայել Մելքումյանը:
Նիստին ներկա էր նաեւ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, որին Մելքումյանը ներկայացրեց խնդիրը:
«Կարծում եմ, որ մենք պետք է դիմենք ԵՏՄ-ին: Անհրաժեշտ է հինգ տարով արտոնյալ ժամանակահատված սահմանել եւ հետաձգել մաքսատուրքերի բարձրացումը»,-համոզմունք հայտնեց պատգամավորը:
Տիգրան Խաչատրյանը նկատեց, որ ԵՏՄ-ի կողմից ՀՀ-ին արդեն իսկ տրվել էր արտոնյալ ժամանակահատված: Ապա Տիգրան Խաչատրյանը հանձնաժողովի ղեկավարին առաջարկեց ներկայացնել առաջնահերթ ապրանքների ցանկը եւ չբացառեց, որ կարող են ԵՏՄ-ի հետ մաքսատուրքերի բարձրացման հարցով բանակցություններ սկսել՝ ցանկի ուսումնասիրման արդյունքում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ