Լրահոս
Օրվա լրահոսը

Չի բացառվում, որ ՀՀ-ն կդիմի ԵՏՄ-ին՝ որոշ ապրանքների բարձր մաքսատուրքերի խնդրով

Մարտ 04,2019 15:43

«Համաձայն ենք, որ ցանկացած եզրակացություն, որը կձեւավորվի որպես ԱԺ պատգամավորների կարծիք, դիտարկվի որպես հիմք՝ հետագայում ԵՏՄ մեր գործընկերների հետ բանակցելու համար: Խոսքը միայն ավտոմեքենաների մասին չէ, այլ նաեւ մի շարք այլ ապրանքատեսակների»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ԵՏՄ կանոնակարգով սահմանված՝ երրորդ երկրներից ՀՀ ներկրվելիք ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացմանը, ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունն էլ իր հերթին է այս հարցում նախաձեռնողական, եթե անհրաժեշտ է գտնում. «Ավտոմեքենաների վերաբերյալ կառավարության եզրակացություն այս պահին չկա, այն քննարկումների արդյունքում է ձեւավորվում»: Նախարարը չբացառեց, որ գուցե քննարկեն ԵՏՄ կանոնակարգերին հարմարվելու ժամանակահատվածը եւս երկու տարով երկարացնելու հարցով կառույցին դիմելու հնարավորությունը:

Ինչ վերաբերում է Իրան-ԵՏՄ ազատ առեւտրի համաձայնագրին, որը հիմա վավերացման փուլում է, Տիգրան Խաչատրյանը նշեց՝ այն մեծ հնարավորություն է ԵՏՄ կազմակերպությունների, այդ թվում՝ հայաստանյան ընկերությունների համար, որպեսզի վերջիններս դեպի իրանական շուկա ավելի պարզեցված մուտք ունենան. «Դա հնարավորություն է նաեւ իրանական արտադրողների համար՝ հայաստանյան, ռուսական, բելառուսական շուկաներ մտնելու տեսանկյունից: Այդ շուկաներն Իրանի համար երկրորդական չեն: Իրանի դեմ պատժամիջոցները ժամանակավոր են, իսկ համաձայնագիրը՝ երկարաժամկետ»:

Խաչատրյանը հավելեց, որ ըստ համաձայնագրի՝ Իրան ներկրվելիք մոտ 300 ապրանքների մաքսատուրքեր կնվազեցվեն կամ կզրոյացվեն. «ՀՀ-ն առաջիկա ամիսներին կվավերացնի այդ համաձայնագիրը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031