«Երեկվա հարձակումը ոչ թե իմ դեմ էր, այլ ՀՀ հպարտ քաղաքացու: Եկել էին լռեցնելու այն մարդուն, ումից իրենք սարսափում են, ինչպես սատանան խունկից»,- ԵՊՀ-ում անցկացվող բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երեկ իր վրա կատարված հարձակմանը, այսպիսի հայտարարություն արեց հրապարակախոս, ՀՀ ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը:
https://www.facebook.com/davidpetrosyan.david/videos/2967395619941037/
Դառնալով Դավիթ Պետրոսյանի այն հայտարարությանը, թե տեսանյութ ունեն կատարվածի հետ կապված, Նարեկ Մալյանն ասաց՝ դա կլինի ինքնախոստովանական տեսանյութ. «Եթե բան չի եղել, հոպ զիլինա ենք մեր տան մուտքի մոտ խաղացել, թող տեղադրեն, մենք էլ բոլորս կտեսնենք: Աղբարկղի պատմությունն ամենածիծաղելին է: Այն, որ ուզեցել են ինձ աղբարկղի մեջ գցել, ես իմացել եմ ոստիկանությունում՝ սոցցանցերից»:
Դառնալով այն պնդումներին, թե ինքը պաշտպանում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին, Նարեկ Մալյանն ասաց. «Դա ամենևին այդպես չէ: Ես Արամ Սիմոնյանին առաջին ու հուսամ վերջին անգամ տեսա կոպեկները ցփնելու օրը: Արդեն ժամանակն է, որ Արամ Սիմոնյանին ԵՊՀ ռեկտորի պաշտոնում փոխարինի ինչ-որ մեկը»: Կարեւորեց, որ նոր ռեկտորը լինի «նորմալ գիտնական ԵՊՀ-ից, գոնե հասկանալի մեկը»:
Դառնալով վարչապետ Փաշինյանի գրառմանը՝ Նարեկ Մալյանն ասաց. «Վարչապետը դատապարտող գրառումների փոխարեն կարող էր նրանց չբուծել: Վարչապետի խոսքի ու գործի հակասություններին կանդրադառնամ այն ժամանակ, երբ այս խմբի նկատմամբ հարուցվի քրեական գործ խուլիգանության երկրորդ մասով՝ խմբակային խուլիգանության մասին է խոսքը, այլ ոչ մեղմացումներով»:
Նարեկ Մալյանը կոչ արեց բոլոր ուսանողներին որևէ կերպ այս ցույցերին մասնակցություն չունենալ, երբ պահն ու տեղը գա, իրենք կոչ կանեն արդեն կոնկրետ գործողությունների:
«Ռեսթարթ»-ի անդամ Դավիթ Պետրոսյանն էլ բողոքի ցույցի ժամանակահատվածում ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ տարբեր մարդիկ ամեն ինչ անում են, որ դիպչեն իրենց արժանապատվությանն ու իրենց նախաձեռնության անդամներին. «Ռեսթարթի» գործունեության հիմքում ընկած է եղել արժանապատիվ քաղաքացի ունենալու գաղափարախոսությունը: Մենք ոչ թե աշխատում ենք հանրային ընկալման համար, այլ ամենաառաջինը պատասխանատու ենք մեր խղճի ու ինքնասիրության համար: Մենք Նարեկ Մալյանին հայհոյանք չենք տվել, բռնության չենք ենթարկել ու չենք էլ ենթարկում»:
Դառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նարեկ Մալյանի հետ կատարվածի առնչությամբ հայտարարությանը՝ Դավիթ Պետրոսյանն ասաց. «Ողջունում ենք վարչապետի հայտարարությունն այն մասին, որ բռնությունը Հայաստանում չի ընդունվելու: Մենք նշել ենք արդեն, որ գործողության իրականացումից հետո՝ աղբը իր տեղում տեղադրելուց հետո, գնալու էինք ոստիկանություն, բայց ոստիկանությունն ավելի շուտ եկավ: Մենք թույլ չենք տալու, որ այս հարցը դարձնեն քաղաքական: Մենք այդ սադրանքին չենք տրվելու: Պատրաստ ենք կրել ողջ պատասխանատվությունը ամենակոշտ ձևով, մենք դրանից չենք խուսափում: Եթե մեր պատասխանատվության կրմամբ կարողանանք ՀՀ-ում դրական մթնոլորտին աջակցել, դրա համար ուրախ կլինենք»:
Դավիթ Պետրոսյանը տեղեկացրեց՝ Նարեկ Մալյանի հետ կատարվածին մասնակցել են «Ռեսթարթի» վեց անդամներ, ուստի նախաձեռնության համագումարը կքննարկի՝ արդյոք այդ վեց անդամների՝ «Ռեսթարթում» լինելը նպատակահարմա՞ր է, թե՞ ոչ: Նա վստահեցրեց. «Մեր գործողությունների համար մենք չենք փոշմանում»: Այնուհետև ասաց՝ այդ վեց տղաները բանակում ծառայել են, նույնիսկ կամավորական ջոկատներին են մասնակցել ապրիլյան պատերազմի օրերին. «Մենք ընդհանրապես չենք մտածում, որ ինչ-որ բան սխալ ենք արել: Մենք վստահում ենք մեր իշխանություններին, ոստիկանական համակարգին, մենք պայքարել ենք հենց այդպիսի ոստիկանական համակարգ ունենալու համար: Եթե խախտել ենք այդ կանոնները, պատրաստ ենք կրել պատասխանատվություն»:
https://www.facebook.com/david.simonyan.984/posts/1218750828294700
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Եթե այդ Ռեսթարթ-ի տղաները չպատժվեն ապա Հայաստանում կներդրվի ինքնադատաստանի ինստիտուտը և կկործանի երկիրը
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/03/04/1025620/
© 1998 – 2019 Առավոտ – Լուրեր Հայաստանից