Մարիամ Գզողյան
ՄԱՀՀԻ XVII Ժողովրդավարության դպրոցի շրջանավարտ
ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
Քաղաքագիտության բաժին
2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանը կիսանախագահական քաղաքական համակարգից անցում կատարեց խորհրդարանական համակարգի:[1] Նշված բարեփոխումներով սահմանափակվեցին նախագահի լիազորությունները` հօգուտ վարչապետի և խորհրդարանի, ընտրական համակարգը մեծամասնականից փոխվեց համամասնականի՝ տարածքային ցուցակներով:[2] ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների նախապատրաստումն ու կազմակերպումն իրականացվել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխան: Ընտրական օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համապատախան` ՀՀ-ում կազմվել է 13 ընտրական տարածք` 4-ը՝ Երևանում, 9-ը` մարզերում: Վերը նշվածից բացի համապետական ընտրական ցուցակները կարող են ունենալ երկրորդ մաս, որով ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար նախատեսված է պատգամավորական 4 մանդատ՝ առավել մեծ թվով բնակչություն ունեցող չորս ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Այս առումով նշենք, որ ըստ «ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների»՝ Հայաստանում մշտական առավել մեծ թվով բնակչություն ունեցող ազգային փոքրամասնություններն են եզդիները (35308), ռուսները (11911), ասորիները (2769) և քրդերը (2162), որոնց ընդհանուր թիվը կազմում է ՀՀ բնակչության 1,73 %-ը:[3] Օրենսգրքում մանդատների բաշխման նոր կարգն այնպես է սահմանված, որ խորհրդարանում ներկայացված լինի առնվազն 3 քաղաքական ուժ, իսկ դրանցից մեկն անպայման մեծամասնություն ունենա:[4] Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Դիտորդական առաքելության վերջնական զեկույցի` ընտրությունների արդյունքում խորհրդարան անցավ 4 քաղաքական ուժ՝ 2 կուսակցություն (ՀՀԿ, ՀՅԴ) և կուսակցությունների 2 դաշինք (ԾԴ, Ելք)։ Իշխող Հանրապետական կուսակցությունը ստացավ ընտրությանը մասնակցած քաղաքացիների ձայների 49,15%-ը կամ 770.441 քվե։ Ծառուկյան դաշինքին քվեարկեց 428.836 քաղաքացի (27,36%): Ընդիմադիր «Ելք» դաշինքը ստացավ 122.065 (7,79%) ձայն, իսկ ՀՅԴ-ը՝ 103.048 ձայն (6,57%):[5]
2017թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերլուծությունը ցույց տվեց, որ գործնականում քարոզչական արշավների մեծ մասը կենտրոնացել էր անհատ թեկնածուների և ոչ թե քաղաքական հարթակների ու քաղաքականության վրա: Տարբեր քաղաքական ուժերի միջև բանավեճերի բացակայությունը սահմանափակել է ընտրողներին հասանելի տեղեկատվությունը՝ իրազեկված ընտրություն կատարելու համար: ՀԿ-ների և մարզային լրատվամիջոցների մի շարք նախաձեռնություններ հնարավորություն ստեղծեցին թեկնածուներին ներգրավել որոշակի սահմանափակ բանավեճի մեջ, սակայն դա բավարար տեղեկություններ չտվեց ընտրողներին` մասնակիցների քաղաքական ծրագրերի վրա հիմնված և տեղեկացված ընտրություն կատարելու համար:
Քվեարկության օրը ԵԱՀԿ դիտորդների կողմից ընտրական գործընթացը բացասական է գնահատվել դիտարկումներից 12 տոկոսում, ինչը զգալի թիվ է: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նաև արժանահավատ հաղորդումներ է ստացել ընտրողների, հատկապես` մասնավոր և պետական հատվածի աշխատողների հանդեպ ճնշումների գործադրման և ահաբեկման մասին: Մասնավորապես, Իրազեկ քաղաքացիների միավորումը ներկայացրել է ձայնագրություններ, համաձայն որոնց`114 դպրոցների տնօրեններ ընդունում են, որ պատրաստել են ՀՀԿ-ին աջակցող ուսուցիչների և աշակերտների ծնողների ցուցակներ:[6] Այս ամենը բացասական ազդեցություն է թողել քարոզարշավի վրա և խնդրահարույց դարձրել ընտրողների կարողությունը՝ քվեարկել ազատորեն, չվախենալով հաշվեհարդարից, որը հակասում է ԵԱՀԿ Կոպենհագենի 1990թ. փաստաթղթի 7-րդ կետին: Ըստ էության, 2017թ. Ազգային ժողովի ընտրությունները չէին համապատասխանում ժողովրդավարական ստանդարտներին, միջազգային պարտավորություններին և ԵԱՀԿ-ի հանձնարարականներին:
Անհրաժեշտ է գնահատել նաև հետընտրական միտումները ՀՀ-ում, 2018թ. ապրիլին տեղի ունեցած հակակառավարական բողոքի ցույցերը, որոնց կազմակերպիչները բնութագրել են այն որպես ոչ բռնի “Թավշյա հեղափոխություն”, հանգեցրել են վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին և իշխանափոխությանը: Մայիսի 8-ին խորհրդարանը երկրորդ փորձով ընտրել է ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում: Վերջինիս կողմից ձևավորված կառավարությունը ձեռնամուխ եղավ մի շարք բարեփոխումների իրականացմանը և մեկ տարվա ընթացքում նոր խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, ինչպես նախատեսված էր խորհրդարանի կողմից հաստատված կառավարության նոր ծրագրով:
Հոկտեմբերի 17-ին կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով փորձ էր արվում զգալի փոփոխություններ կատարել ընտրական համակարգում և ընտրություններին առնչվող այլ ոլորտներում: Փոփոխությունները ներառում էին տարածքային բաց ցուցակների վերացում, անցում բացարձակ համամասնական ընտրակարգի՝ 30 տոկոս գենդերային քվոտայով և խորհրդարան անցնելու համար սահմանված շեմերի իջեցում: Արտահերթ ընտրությունների անցկացման մասին հայտարարությունից երեք օր առաջ խորհրդարանում կայացած վերջին քվեարկության ժամանակ առաջարկված փոփոխությունները չեն ստացել պահանջվող ձայների մեծամասնության երեք հինգերորդը:
Նոյեմբերի 1-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների միջև ընտրողների քվեները բաշխվել են հետևյալ կերպ` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 4,7 տոկոս կամ 59.068 ձայն, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը` 0,68 տոկոս կամ 8.533 ձայն, Հայ հեղափոխական դաշնակցությունը` 3,89 տոկոս կամ 48.822 ձայն, «Իմ քայլը» դաշինքը` 70,44 տոկոս կամ 884.849 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37 տոկոս կամ 80.049 ձայն, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0,51 տոկոս կամ 6.460 ձայն, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0,33 տոկոս կամ 4.122 ձայն, «Մենք» դաշինքը` 2 տոկոս կամ 25.174 ձայն, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0,99 տոկոս կամ 12.390 ձայն, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը` 1,82 տոկոս կամ 22.868 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8,27 տոկոս կամ 103.837 ձայն:[7]
Ընդհանուր առմամբ` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտարկումները ցույց են տալիս, որ հեղափոխությունից հետո ընտրությունների հանդեպ հանրային վստահությունն աճել է, ընտրողների վրա ճնշումները՝ նվազել, իսկ վարչական ռեսուրսի չարաշահումներ, ինչպես նաև լրատվամիջոցների ինքնագրաքննություն չի նկատվել։ Քարոզարշավը հիմնականում կենտրոնացված էր կուսակցությունների ծրագրերի դրական ներկայացման, Հայաստանի ապագայի տեսլականի, իսկ մարզերում՝ տեղական համայնքներին առնչվող խնդիրների վրա: Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով հեռարձակված երեք ժամ տևողությամբ բանավեճի ընթացքում քննարկվեցին նաև այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ ազգային անվտանգությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, դատական համակարգի անկախությունը, անցումային արդարադատությունը և տնտեսական զարգացումը: Արդյունքում ունենք բացարձակ պատասխանատվություն ունեցող լեգիտիմ խորհրդարան և համապատասխան գործադիր իշխանություն: Խորհրդարան անցած ուժերի, մասնավորապես՝ Իմ քայլ-ում, նշանակալի թվով քաղհասարակության ներկայացուցիչներ ընտրվեցին։ Հարցը կարևոր է քաղհասարակության կողմից նոր իշխանության վերահսկողության տեսանկյունից, մինչդեռ դաշտում մի կողմից առանցքային դեմքերի տեղը դատարկվում է, որը լրացնելու խնդիր կա, մյուս կողմից՝ նրանց նախկին գործընկերները, ովքեր մնացել են քաղհասարակության մեջ, ինչ-որ չափով կաշկանդված են քննադատելու իրենց նախկին գործընկերներին կամ նրանց ներկայացրած քաղաքական ուժերին։
Հաջորդ կարևորագույն միտումներից էր նաև այն, որ նկատվեց ուժեղ ընդդիմության բացակայություն, ձայների մեծամասնությամբ անցավ Իմ Քայլը դաշինքը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը և Լուսավոր Հայաստան կուսակցությունը: Խորհրդարանը, այնուամենայնիվ, ունի ընդդիմության խնդիր, և այն քաղաքական ուժերը, ովքեր ներկայացված են խորհրդարանում, մինչ ընտրությունները գտնվել են հեղափոխության աջակիցների շարքերում: Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան կուսակցություններն իրենց քաղաքական վարքագծով, ծրագրային դրույթներով, անցյալով և իրենց գործունեության բնույթով կենտրոնամետ աջ կուսակցություններ են: Քաղաքական իշխանությանը հակակշռելու համար պետք է ազդեցիկ ընդդիմություն ունենալ, որպեսզի հնարավոր լինի ապահովել քաղաքական համակարգի հավասարակշռվածությունը: Այդ ընդդիմությունը պետք է լինի գաղափարական, ունենա պետության զարգացման ռազմավարական հայեցակարգ, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները լուծելու համարձակություն: Ունենք գերվստահություն վայելող քաղաքական իշխանություն, և չունենք անհրաժեշտ ազդեցություն ունեցող ու քաղաքական իշխանությանը հակակշռող ընդդիմություն:
Արդյունավետ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության ձևավորումը կարևոր է ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին ու անվտանգային քաղաքականությունների առումով, մանավանդ, որ վերջերս ԱԺ-ում հաստատված կառավարության ծրագրում երկրորդ խոշոր բաժինը վերաբերում է արտաքին ու ներքին անվտանգություններին՝ դրանով իսկ ճանաչելով այդ խնդիրների ու քաղաքականությունների առաջնայնությունը:
Որպեսզի քաղաքական իշխանությունը չլճանա, իսկ մեր երկիրն էլ զարգանա բնականոն հունով, անհրաժեշտ է ստեղծել քաղաքական ազդեցիկ իշխանությանը համարժեք ազդեցիկ ընդդիմություն: Անհերքելի է, որ քաղաքական համակարգերում որակյալ ընդդիմություն ունենալը պարտադիր պայման է, որի ինստիտուցիոնալ գործունեությունը ոչ միայն ողջունելի է, այլև համակարգի ճկունությունն ապահովող կարևոր երաշխիք: Միակ խնդիրն այժմ կարելի է համարել այն, որ արտաքին քաղաքականության մեջ ՀՀ նոր իշխանություններին ընկալելու առումով դեռևս գտնվում ենք սպասողական վիճակում. հետագայում միայն ժամանակը ցույց կտա, թե որքանով հնարավոր կլինի փոփոխված իրավիճակում արդյունավետորեն առաջ մղել հայկական շահերը: ՀՀ իշխանությունը պետք է արտաքին քաղաքականությունը վարի լեգիտիմության հիմքի վրա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Ելնելով վերը նշվածներից՝ կարող ենք եզրակացնել, որ խորհրդարանական համակարգի հիմնական խնդիրը պետք է դառնա իշխանության հանդեպ վստահության բարձրացումը ժողովրդի մեծամասնության կողմից և զարգացման հստակությունն ու կառավարման թափանցիկ համակարգի ներմուծումը: Խնդիրն այն է, որ փաստացի պատերազմական վիճակում գտնվող երկրի պարագայում էական նշանակություն է տրվում անվտանգության ու պաշտպանության գործոնին: Հետևաբար` կառավարման առավել ժողովրդավարական ու ճկուն համակարգ նախատեսող խորհրդարանական կառավարման ձևը պետք է ուղեկցվի պետության պաշտպանվածության հուսալի կառավարման համակարգի ներդրմամբ:
Անվտանգության ոլորտի նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը խիստ կարևոր է նորաստեղծ ժողովրդավարական երկրների համար, քանի որ այդ ոլորտը բազմաթիվ զարգացող երկրների կառավարման գործընթացի խնդիրներից մեկն է:
ՀՀ-ում տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացները թույլ են տալիս եզրակացնել, որ Հայաստանում ձևավորվել և զարգանում է քաղաքացիական հասարակություն, որի կայացումը խիստ կարևոր է մեր երկրի ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից, քանի որ ներկա պայմաններում ժողովրդավարություն ձևավորող և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված, ռազմավարական բարեփոխումներ իրականացնող Հայաստանում պետական կառավարման արդյունավետության կարևոր նախապայմաններից է որոշումների նախապատրաստման և վերահսկողության գործընթացում քաղաքացիական հասարակության դերի բարձրացումը:
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)
[1] Տե՛ս ՀՀ ԿԸՀ-ի պաշտոնական կայքը՝ https://www.elections.am/referendum/election-26015/ – 20.05.2017
[2] Տե՛ս Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ կարծիքը: 2018թ. պաշտոնավարման ավարտից հետո նախագահն անուղղակիորեն կընտրվի խորհրդարանի կողմից 7 տարի ժամկետով:
[3] ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքներ, ՀՀ ԱՎԾ, Եր., 2013թ., էջ 272// http://armstat.am/am/?nid=517 -19.05.2017թ.
[4] Տե՛ս «ՀՀ ընտրական օրենսգիրք (սահմանադրական օրենք)», (ընդունված է 2016 թվականի մայիսի 25-ին), բաժին 4:
[5] Տե՛ս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վեբ կայք, www.elections.am
[6] ՀՀԿ-ն ընդունեց, որ անունների ցուցակագրում տեղի ունեցել է՝ պնդելով սակայն, որ դա օրինաչափ քարոզչություն է, քանի որ չի կատարվել աշխատանքային ժամերին: Տե՛ս դիմումներ և բողոքներ:
[7] Տե՛ս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վեբ կայք, www.elections.am