Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մանսուրյան. «Սփյուռք տարվող կարոտախտը բավարարող զեղումները մեծ հաշվով արվեստ չեն»

Մարտ 04,2019 13:37

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հոբելյանի 80-ամյակի շրջանակում նկարահանվել է «Մաեստրո Մանսուրյան» փաստավավերագրական ֆիլմը, որի ռեժիսորն է Հայկ Մկրտչյանը, պրոդյուսերը՝ Հայկ Օրդյանը: Պրեմիերան նշանակված է մարտի 5-ին ՝ «Մոսկվա» կինոթատրոնում:

«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում մշակույթի նախարարի պարտականությունների կատարող Նազենի Ղարիբյանը նշեց, որ Տիգրան Մանսուրյանի հոբելյանը նշվում է ողջ տարվա ընթացքում, ու դրա լավագույն դրսեւորումը կոմպոզիտորի ստեղծագործությունների կատարումն է, նույնքան արժեքավոր է նաեւ նկարված նոր ֆիլմը:

Հայկ Մկրտչյանը նշեց, որ ֆիլմի աշխատանքները սկսվել են հինգ տարի առաջ եւ նոր են ավարտել այն, փորձել են ասելիքն ամփոփել 52 րոպեի մեջ: Ռեժիսորի կարծիքով` ֆիլմը ստացվել է: Նրա ձեւակերպմամբ, մի քանի տարբերակներ են մշակվել, հետագայում մաեստրոյի խորհրդով հանգել են այն տարբերակին, որ ֆիլմը չպետք է լինի կենսագրական դիմանկար, այլ պետք է ստեղծվի ֆիլմ, որը պատմում է ոչ թե զուտ 60-70- ականներին ստեղծագործություններ գրած կոմպոզիտորի, այլ մաեստրոյի մասին, որը նաեւ այսօր է ստեղծագործում Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս:

Ռեժիսորը հայտնեց, որ ֆիլմում նկարվել են նաեւ աշխարհահռչակ այլ արվեստագետներ, որոնք առնչվել են մաեստրոյի հետ:

 

Տիգրան Մանսուրյանը նշեց, որ ինքը ֆիլմը դիտել է ու հավանել: Ասաց, որ բնավ չի միջամտել ստեղծագործական գործընթացին: Ընդամենը ցանկացել է, որ իր ընկերներն էլ լինեն ֆիլմում: «Նաեւ քույրս՝ Արաքսը կա ֆիլմում, որի հետ տարիներով աշխատել ենք, նաեւ Ռոբերտ Մլքեյանը, որի հետ ահագին գործ ենք արել: Անշուշտ ես պետք է հուշեի, թե ովքեր են Եվրոպայի եւ ԱՄՆ-ի իմ ընկերները: Նրանցից ոմանք ներառված են ֆիլմում, ֆիլմի ստեղծագործական խումբը հրաշալի աշխատանք է արել այդ առումով»,-ասաց մաեստրոն: Նա հավելեց, որ հիացած է ֆիլմի ստեղծագործական կազմի աշխատանքով եւ միջազգային կապերով, ինչի արդյունքում էլ կայացել է կինոնկարը:

Տիգրան Մանսուրյանը հիշեց, որ իր մասնակցությամբ հաղորդումներից մեկի ժամանակ խոսք է գնացել արժեքային համակարգի մասին ու ինքը հաղորդավարին ասել է. «Եթե վաղը մեր նկարիչներից մեկի նկարի մասին Նյու Յորք Թայմսը հոդված գրի, դուք ո՞րը կուզեք տեսնել՝ նկարչի նկարած նկա՞րը, թե Նյու Յորք Թայմսը: Պատասխանը եղել է՝ Նյու Յորք Թայմսը…Այսպիսով ես եւս ուրիշ մարդ եմ տանը եւ դրսում: Մենք ինչու պետք է իրար գնահատական տանք Հայաստանում, նման բաները այստեղ մեր լսարանից չես սպասի՝ ոչ գրիչ շարժող մարդկանցից, ոչ մյուսներից… Ինչու մենք ինքներս մեզ չենք գնահատում՝ խորքով, համատարած, այլ ոչ թե տեղական չափանիշներով…Ի վերջո սա մտքի ու գեղագիտության բնագավառ է…Այսօր միտքը նշանակում է ոչ թե տեղական միտք, այլ աշխարհի հետ կապված, պետք է ապրել աշխարհի ամբողջ տարածքով, այսօր դա է աշխատում»:

Ինչ վերաբերվում է Սփյուռքին, այն, կոմպոզիտորի ձեւակերպմամբ, ապրում է փակ, գետոյական կյանքով եւ իր արժանիքը լեզուն ու ավանդույթները պահպանելն է, սակայն Սփյուռքը ոչ միայն գավառ է մայրաքաղաքի ներսում, այլ նաեւ Հայաստանի համար է գավառ. «Երբ նրանց այցելում ենք, ոչ թե գեղագիտություն, միջազգային երաժշտական չափանիշներ պետք է տանենք Սփյուռք, այլ Հայաստան…Այսինքն` այն, ինչը հիմնվում է հայրենիք սիրելու վրա: Անշուշտ, դա էլ կարեւոր գործ է, բայց ինչքա՞ն… Հայրենասիրական երգերը, կարոտախտը բավարարող զեղումները մեծ հաշվով արվեստ չեն»:

Դառնալով իր մասին ֆիլմին, Տիգրան Մանսուրյանը սեղմ ձեւակերպեց տպավորությունը. «Այս ֆիլմը իրապես ես եմ»

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031