Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանի եւ Թեհրանի ավելի սերտ համագործակցությունը չպետք է որեւէ մտահոգություն առաջացնի Մոսկվայում»

Մարտ 04,2019 14:30

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը հաջողված է գնահատում Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցը

«Չեմ կարծում, որ այդ մակարդակում արվող հայտարարությունները զուտ հայտարարություններ են։ Իհարկե, այդ ամենը կյանքի կոչելու համար ժամանակ կպահանջվի, նաեւ պետք կլինի հաղթահարել որոշակի օբյեկտիվ դժվարություններ, բայց ինքնին այն հանգամանքը, որ նման հայտարարություններ են արվում, խոսում է այն մասին, որ կա երկուստեք պատրաստակամություն հայ-իրանական հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը՝ անդրադառնալով Իրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, որ իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Հյուսիս-հարավ մայրուղու շինարարական աշխատանքներին։ Այդ հայտարարությունը ՀՀ վարչապետն արեց Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումից հետո։ Տեսակետ կա, որ իրանցիները սովորաբար «ոչ» չեն ասում, ուստի Միքայել Զոլյանից հետաքրքրվեցինք՝ այս հայտարարության իրականություն դառնալու հավանականությունների մասին, մանավանդ, աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում եւ ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունները, Իրանի նկատմամբ շարունակվող պատժամիջոցները, այս ամենն ի՞նչ նշանակություն կունենան Հայաստանի համար։ «Փաշինյանի այցի կարեւորագույն մեսիջն այն է, որ Իրանը մեր հարեւանն է եւ տարածաշրջանում մեզ համար կարեւորագույն գործընկեր է, եւ Իրանի հետ մեր հարաբերությունները չեն կարող պայմանավորված լինել երրորդ երկրների հետ մեր հարաբերություններով։ Շատ կարեւոր էր այդ մեսիջը հասցնել Թեհրան հենց հիմա, եւ կարծում եմ, այդ մեսիջն ընկալվեց այնտեղ եւ նման հայտարարությունները եւս դրա մասին են խոսում»,- ասաց մեր զրուցակիցը։

«Իմ քայլի» պատգամավորը, ընդհանուր առմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան, հաջողված է համարում. «Հաջողված էին շփումները Իրանի ղեկավարության հետ, այդ առումով այցը շատ կարեւոր էր, քանի որ ստեղծվեցին հաղորդակցության խողովակներ բարձրագույն մակարդակով Իրանի ղեկավարության եւ Հայաստանի նոր կառավարության միջեւ, որոնք կարծում եմ՝ շատ արդյունավետ կաշխատեն ապագայում։ Հաջողված էին նաեւ վարչապետի հանդիպումները Իրանի հայկական համայնքի հետ, որոնք անցան շատ ջերմ եւ որոնց ժամանակ կարեւոր շեշտադրումներ արվեցին»։

Իրանում Նիկոլ Փաշինյանը մեկ այլ ուշագրավ հայտարարություն էլ արեց. «Իրանի կողմից կա պատրաստակամություն մեծացնելու Հայաստանին մատակարարվող գազի ծավալները: Այստեղ, իհարկե, կարեւոր է, որ հետագա քննարկումների եւ բանակցությունների ընթացքում կարողանանք ընդհանուր հայտարարի գալ գնի վերաբերյալ: Սա սկզբունքային կարեւոր հարց է գործարքի գրավչության իմաստով»: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ մեխանիզմներով է հնարավոր դա իրագործել, քանի որ բաշխիչ ցանցերը պատկանում են «Գազպրոմին», հնարավո՞ր է ՌԴ-ի հետ նախկին պայմանավորվածությունների վերանայումը, քանի որ ժամանակին, քաղաքական դրդապատճառներով, Իրան-Հայաստան գազատարը սիմվոլիկ չափեր ունեցավ։ Միքայել Զոլյանը կարծում է, որ գազի հարցում, թե մեր ներքին կյանքում, թե միջազգային շրջանակներում, կա քաղաքականացման միտում, որն արդյունավետ չէ. «Այո, անշուշտ, գազը, ինչպես եւ այլ էներգակիրները, կապված են քաղաքականության հետ, բայց պետք չէ չափից դուրս քաղաքականացնել այդ հարցը։ Ի վերջո, սա բիզնես է, եւ պետք է դրան վերաբերվել որպես բիզնես։ Մենք գնորդ ենք եւ մեզ ձեռնտու է, որ գազի շուկայում մրցակցություն լինի։ Շատ բնական է, որ մենք պատրաստ ենք հաշվի առնել բոլոր հնարավոր տարբերակները։ Ցավոք սրտի, նախորդ իշխանության օրոք երբեմն ընդունվում էին որոշումներ, որոնք բխում էին ոչ թե Հայաստանի շահերից, այլ իշխող կլանի, եւ անգամ իշխող կլանի առանձին ներկայացուցիչների շահերից։ Այժմ իրավիճակն այլ է, եւ մենք աշխատելու ենք հասնենք այն լուծումներին, որոնք ձեռնտու կլինեն Հայաստանի բոլոր քաղաքացիների համար։ Իհարկե, այդ ճանապարհին նաեւ պետք է հաշվի առնենք, որ մեր երկիրը ստորագրել է միջազգային փաստաթղթեր, մենք ստանձնել ենք պարտավորություններ, եւ այդ պարտավորությունները պետք է հարգենք, այնպես որ, ամեն դեպքում պետք է գտնվեն լուծումներ, որոնք բոլոր կողմերին կբավարարեն»։

Հարցին՝ Իրան-Հայաստան վերոնշյալ ծրագրերի կյանքի կոչումն ինչպե՞ս կանդրադառնա ՌԴ-ՀՀ հետագա հարաբերությունների վրա, առճակատումներից խուսավանելու տարբերակներ կա՞ն։ Արցախի հարցում ինչի՞ կհանգեցնի այս ամենը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես արդեն ինչ-որ չափով պատասխանեցի, ի վերջո, հայ-ռուսական հարաբերությունները շատ ավելի լայն եւ ընդգրկուն են, քան Հայաստան-«Գազպրոմ», առավել եւս՝ Հայաստան-«Գազպրոմ Արմենիա» հարաբերությունները։ Մեր հարաբերությունները «Գազպրոմ Արմենիայի» հետ ի վերջո իրենց հիմքում ունեն տնտեսական տրամաբանություն, եւ միանգամայն նորմալ է, որ մենք որպես գնորդ փորձում ենք մեզ համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել եւ հաշվի առնել նաեւ այլ պոտենցիալ վաճառողների։ Սա ամենեւին չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք «Գազպրոմի» հետ մեր համագործակցությունից, առավել եւս, որ պետք է ինչ-որ խնդիրներ առաջանան Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Անշուշտ, որոշ ԶԼՄ-ներ կամ փորձագետներ կարող են փորձել հարցն այդպես ներկայացնել, քանի որ կան տարբեր ուժեր, այդ թվում՝ բավականին ազդեցիկ, որոնք փորձում են հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ տեսնել, կամ նույնիսկ խնդիրներ ստեղծել։ Բայց որեւէ հիմք հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման մասին խոսելու այստեղ չկա, առավել եւս, որ ինքը՝ Ռուսաստանն այսօր Իրանի հետ բավականին սերտ հարաբերություններ ունի, եւ Իրանը Մոսկվայում չի ընկալվում որպես մրցակից, ընդհակառակը, մի շարք հարցերում Մոսկվան եւ Թեհրանը բավականին մոտ դիրքորոշումներ ունեն։ Այնպես որ, Երեւանի եւ Թեհրանի ավելի սերտ համագործակցությունը չպետք է որեւէ մտահոգություն առաջացնի Մոսկվայում»։

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

02.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031