«Արտաքին քաղաքական դաշտում Նիկոլ Փաշինյանը չի կատարել իր կարեւորագույն խոստումը՝ չի կապիտալիզացրել այսպես կոչված թավշյա հեղափոխությունը, այսպես կոչված ժողովրդավարության հաղթանակը Հայաստանի հանրապետության ազգային եւ պետական օրակարգից բխող հարցերի լուծման մեջ եւ իշխանությունը ոչ մի ուղղությամբ կատարել Հայաստանի եւ Արցախի ազգային եւ պետական շահերը հավուր պատշաճի պաշտպանելու իր տված քաղաքական խոստումը»,- այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը եւ արձանագրեց. մասնավորաբար՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո ոչ մի երկիր կամ միջազգային մեծ կառույց հայոց ցեղասպանության ճանաչման որեւէ գործընթաց չի ավարտել, հայտարարություն չի եղել:
Արմեն Աշոտյանը խոսելով ՀՀ կառավարության 2018 թվականի ամռանը հաստատված ծրագրի մասին՝ հայտարարեց, որ ծրագրում դիվանագիտորեն քողարկված է ՀԱՊԿ-ում առաջացած սկանդալը եւ չկա խոստովանություն. «Ներքին քաղաքական գործընթացները արտաքին դաշտ տեղափոխելու, ապիկար արտաքին քաղաքական կուրս որդեգրելու հետեւանքով Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից»:
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ հայ-ռուսական հարաբերությունները աննախադեպ են եւ փայլուն, սակայն երբ Հայաստանը ստանձնեց Եվրասիական տնտեսական միության նախագահությունը եւ վարչապետը Մոսկվայում էր, Ռուսաստանի դաշնության նախագահի հետ հանդիպում չստացավ:
Հայաստան-Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված համագործակցության պայմանագրով նախատեսված եւ Հայաստանի ստանձնած ոչ մի բարեփոխում չի իրականացվել, նկատեց Արմեն Աշոտյանը:
Նա աշխատել է Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրի մշակման հանձնաժողովում եւ գիտի, որ այդ ծրագիրը պետք է հաստատվեր դեռեւս անցած տարվա դեկտեմբերին: Մարտի 4-ն է, դեռ ծրագիրը չկա. «Եվ ինչպես դիվանագիտորեն ակնարկեց ԵՄ դեսպանը, ծրագիրը դեռ Բրյուսելում է եւ եվրոպական փորձագետները փորձում են աշխատել մեր նախարարությունների փոխարեն, որ ծրագիրը ստանա վերջնական ընդունելի տեսք: Մարտի վերջին ԵՄ-ը կտա իր պաշտոնական համաձայնությունը եւ ակնկալվում է, որ գոնե ապրիլին կառավարությունը կբարեհաճի հաստատել այս կարեւորագույն որոշումը»:
Արմեն Աշոտյանը հիշեցնում է ԵՄ դեսպանի խոսքը՝ քանի որ ծրագիրը չկա, Հայաստանին հատկացված գումարներից ավելի քան 100 միլիոն եվրոն սառեցված է, եւ արձանագրում. որ կառավարությունը խոսում է ներդրումների եւ արտաքին աշխարհից գումարներ ներգրավվելու մասին, սակայն ունակ չէ ապահովել առկա գումարների Հայաստանում ճիշտ կիրառման քաղաքականություն: «Դանդաղել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը, այն աստիճանի, որ ԱԺ գործող նախագահն ընդունում է իմ մեղադրանքներն ու քննադատությունը եւ ասում, որ այո՝ 2019 թվականին այդ համաձայնագիրը չի վավերացվի», – ասաց Աշոտյանը:
Աշոտյանը ԱԺ-ին խորհուրդ է տալիս ձեւավորել բարեկամական խմբեր՝ օգտագործելով ԱԺ ողջ ռեսուրսն ու առանց քաղաքական քվոտավորման եւ փորձի ակտիվացնել ԵՄ անդամ երկրներում Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը:
Եվրոպացի պաշտոնյաները նախկինում ասում էին, որ 2020 թվականին կարող է սկսվել Եվրամիության հետ վիզաների ազատականացման վերաբերյալ քաղաքական երկխոսությունը, ապա հիմա՝ որեւէ ժամկետ չեն նշում: Այս օրերին Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում է, սակայն աշխատանքային ծրագրում այս հարցը չկա, ստորագրվելու են կրթության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համաձայնագրեր, որոնք սակայն քաղաքական կապիտալ չեն ստեղծում, չունեն քաղաքական առաջնահերթ կարեւորություն: Բանախոսի խոսքով, Հայաստանի իշխանությունները առաջընթաց չունեն նաեւ Չինաստանի կամ Վրաստանի, այլոց հետ հարաբերություններում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ