2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող նախկին փաստահավաք խմբի անդամ, մարտի 1-ին ծնոտի շրջանում հրազենային վնասվածք ստացած Արթուր Ավագյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն արդեն ստացել է նախաքննական մարմնի նյութերը:
Մարտի 1-ի գործի նախաքննությունը Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի Սեյրան Օհանյանի, Արմեն Գեւորգյանի մասով ավարտվել է, նյութերն ուղարկվել են կողմերին՝ ծանոթանալու։
«Առավոտի» հետ զրույցում տիկին Սաֆարյանն ասաց՝ նոր է ստացել նյութերը, եւ դեռ չի հասցրել դրանց ամբողջությամբ ծանոթանալ, առաջին հատորն է սկսել ուսումնասիրել: «Առանց չափազանցնելու եմ ասում ՝ գործի 60 տոկոսին ես ծանոթ էի»,-ասաց Սաֆարյանը, հիշեցնելով՝ մասնակցել է ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների քաղաքական հետապնդման գործընթացի վերաբերյալ կազմված քրեական գործերին, եւ մոտ 12 անձի պաշտպանն է եղել: «Եվ սա ինձ թույլ է տվել, որ մարտի 1-ը նաեւ այդ գործերի շրջանակում իր ամբողջ բովանդակությամբ հասկանամ: Կարծում եմ, որ ծանոթանալուց հետո մեզ կտրվի նաեւ հնարավորություն միջնորդություններ եւ առարկություններ ներկայացնել: Այսինքն՝ պրոցեսին կմասնակցեմ որպես փաստաբան, տուժողի ներկայացուցիչ: Եվ սա ինձ հնարավորություն կտա այն բաց մնացած հարցերը, որոնց պատասխանները փաստահավաք խմբում չկարողացանք ստանալ՝ արագ քննելու պատճառով, գուցե այստեղ մի քիչ ավելի լայն հնարավորությամբ ստանանք»,-ասաց փաստաբանը:
Արդյոք նախաքննական մարմնի գործում ամբողջությամբ կան այն փաստերը, ինչը Սաֆարյանը տեսել է փաստահավաք խմբի աշխատանքների ընթացքում. մեր այս հարցին ի պատասխան, նա ասաց՝ «Անկեղծ ասած, իրականում ինձ էլ է մտահոգում արդյոք ամբողջ նյութերը փոխանցվել են, թե դրանց մի մասը այդ ճանապարհին «կորել է»»:
Սաֆարյանն ասաց, որ դեռ չի ավարտել ծանոթանալը նյութերին, երբ ավարտի՝ կարծիքը կհայտնի այդ հարցի վերաբերյալ:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի հայտարարություններին, թե նա տեղյակ չի եղել 0038 հրամանին, եւ մեղադրանքներն անհիմն են, տիկին Սաֆարյանն ասաց. «Այս գործով որեւէ մեկն իրեն առաջադրած մեղադրանքը չի ընդունում, ես լրիվ այլ տեսակետի պաշտպանություն եմ իրականացնում, այսինքն՝ ես գտնում եմ՝ Քոչարյանի մեղադրանքը ոչ միայն պայմանավորված է 0038 հրամանով, որին ինքն իբրեւ թե տեղյակ չէր, այլ ես ուզում եմ հիշեցնել՝ եթե ուսումնասիրեն 2008-2009 թվականների թերթերը, հատկապես 2008-ի, եւ ուշադիր լինեն իրենց պաշտպանական տակտիկայի փոփոխություններին, ապա պիտի հիշեն, որ բազմաթիվ անգամ հայտարարել են, որ Քոչարյանը զորքի տեղաշարժին ու այդ ամենին տեղեկացված է եղել: Ուղղակի ուզել է, որ զորքը բերի եւ իր աչքի առաջ պահի, որպեսզի խռովություններ չլինեն` շատ անտրամաբանական մի պատճառաբանություն է: Հիմա էլ ուրիշ տեսանկյունից են մեկնաբանում՝ 0038-ն ինքն իրեն թուղթ չի ներկայացնում: 0038-ն ինքն իրեն ներկայացնում է գործողությունների հստակ պլան ի կատարումն Քոչարյանի խորհրդակցության ժամանակ հնչեցված պլանների, նպատակների: Եվ այս բոլորի հետ կապված բազմիցս փաստարկել եմ, որ այդ նույն 0038 հրամանում դեռ փետրվարի 23-ին մի ուրիշ տող կա, որ Միքայել Հարությունյանը սպասել է հատուկ կարգադրության ու այդ հատուկ կարգադրությունը միայն կարող էր զորքի վճռական գործողությունների գնալը լիներ եւ այդ հատուկ կարգադրությունը կարող էր տալ միայն Ռոբերտ Քոչարյանը: Եթե Քոչարյանը նման հրաման չի տվել, ըստ իրեն, եւ Միքայել Հարությունյանը գործել է միանձնյա, ապա տարիներ շարունակ այս քննարկման հետ կապված դեռ 2009-2010 թվականներին զեկույցները տեղ են գտել թերթերում, այս մասին խոսվել է: Եվ երբեւէ Քոչարյանը չի հակադարձել եւ չի էլ զարմացել, որ եղել է 0038 հրաման: Եթե հիմա որոշել է պաշտպանական տակտիկայից ելնելով նման մոտեցում ունենալ, ես նորմալ եմ նայում: Ուղղակի անձը գտնվում է շատ ցավոտ կարգավիճակում, եւ օրենքը թույլ է տալիս, կարող է ցանկացած եղանակով, այդ թվում ցուցմունք չտալու, իրականությունը չասելու եղանակով պաշտպանվել»:
ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը մարտի 1-ի գործի մասին օրերս ասել էր՝ «Ինչ-որ կլսեք դատարանում, կլինի նորություն. Ռոբերտ Քոչարյանը կսսկվի, իր թիմը՝ եւս», իսկ ավելի վաղ փաստաբան Վահե Գրիգորյանն էլ ասել էր՝ «Մարտի 1-ի գործի նախաքննության նյութերը շոկային են»: Սեդա Սաֆարյանը շոկ է ապրել 2008-ի մարտի 1-2-ին, եւ փաստահավաք խմբում աշխատանքի ընթացքում:
«Այդ շոկը ես տարել եմ 2008 թվականին, երբ մտել եմ այդ պատերազմական իրավիճակում ոստիկանության կենտրոնի բաժին, որտեղ գետնին «թափված» ժողովուրդ էր, երբ ես ոստիկանությունից դուրս եկա եւ ամուսինս պատմեց, որ վիրավորներ կան, որոնց ոտքերը շքամուտքում վիրակապել են: Ես այդ ժամանակ դեռ չգիտեի, որ կրակոցներից մարդիկ էին մահացել: Մարդկանց ծեծելը, անպատիժ վիճակը, խոսքի ազատության սահմանափակումը, ամեն ինչը շոկ էր»,-ասաց Սաֆարյանը:
Փաստաբանը հիշեց՝ փաստահավաք խմբի հարցաքննություններին ցանկացած զինվորականի հարցաքննությունը շոկ էր իր համար. «Որովհետեւ իրենք շատ նորմալ էին համարում, որ փշալարերը ի հակառակ ժողովրդի պիտի դրվեր, երբ ընդունում էին, կոպիտ ասած՝ լավ եմ արել, որ արել եմ: Եվ դու հասկանում ես, որ իշխանությունը շատ նորմալ է նայում այդ բռնություններին ու այդ եղանակին, որը կիրառվել է մարտի 1-ին: Ես նաեւ հրաձիգների հարցաքննության ժամանակ իրենց սառնասրտությունից, իրենց այդ վարքագծից էի շոկի մեջ, երբ մարդիկ սովորական էին դա ընդունում՝ հա ինչ անենք, թող մի հատ էլ մարդ մահանա, իրենք ավելի մեծ գործ են արել՝ իշխանություն են պահել: Իրականում մարտի 1-ին շատ բաներ կան, որոնք շոկ են առաջացնում: Ես կիսում եմ գործընկերներիս կարծիքը՝ մարտի 1-ի գործի նյութերին ծանոթանալը լուրջ սթրես է: Եվ ցանկացած նորմալ մարդ, երբ այդ պատկերը փորձի ամբողջացնել, առավելեւս երբ դրանք համեմված են տեսանյութերով, կտեսնեք, որ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում այդպիսի դեպք «հազար տարին մեկ» կարող է տեղի ունենալ: Երեւի 1917 թվին նման բան չի եղել: Ֆաշիստական մոտեցումն ինձ համար ամենամեծ շոկն էր: Այո, փաստերի առումով էլ շոկ կա, առիթ կլինի՝ կհրապարակենք»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
02.03.2019