Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի տիկնոջը ցույց են տալիս դատարկ շինությունների տեղը

Մարտ 04,2019 13:30

Աննա Հակոբյանին խնդրում են միջամտել` լքված շինությունը անօթեւաններին հատկացնելու համար

Վարչապետի տիկնոջը` Աննա Հակոբյանին, քաղաքացիներ Ռիմմա Հակոբովան եւ Ջուլիետա Մարգարյանը մատնացույց են անում դատարկ շինություններ, որոնք կարող են անօթեւանների համար տանիք դառնալ:
Տիկին Ռիմման եւ Ջուլիետան բնակվում են Երեւանի Տիգրան Մեծ 15/5 եւ 13 նրբանցքում: Հիշեցնելով անապահով ու անօթեւան ընտանիքներին փակ բնակարանները հատկացնելու Աննա Հակոբյանի կոչը` նրանք առաջարկում են «կայարանի շուկայի» մերձակայքում գտնվող նախկին թիվ 10 արհեստագործական ուսումնարանի շենքը, որը արդեն մոտ տասը տարի փակ է` կողպեքը վրան, օգտագործել անտունների կարիքների համար:

Ռիմմա Հակոբովայի եւ Ջուլիետա Մարգարյանի երեխաները նույնպես բնակվում են վարձով:

«Օգնեք մեզ այդ շինությունը օգտագործել որպես ապրելու վայր մեր երեխաների համար, որոնք այժմ չունենալով ոչ մի այլ հնարավորություն, բնակվում են վարձով: Աշխատած չնչին կոպեկներն ուղղում են բնակարանի վարձին: Առօրյա կենսական կարիքները հոգալու համար տակը գումար չի մնում: Ես՝ Ռիմմա Հակոբովաս, ունեմ 3 տղա, ամուսինս մահացել է 1994 թվականին: Բնակարան չունենալու պատճառով տղայիս ընտանիքը քայքայվել է` ամուսնալուծվել են, քանի որ նրանք ապրում էին 10 քառակուսի մետր տարածքով նկուղային հարկում, ունեն երկու անչափահաս տղա, որոնք վատառողջ են, այդպիսի պայմաններում ապրելու պատճառով»:

Ռիմմա Հակոբովայի խոսքով, տասը տարի շարունակ դիմել են քաղաքապետարան, սակայն ոչ մի արդյունքի չեն հասել. «Նպաստառու էին, այժմ նպաստն էլ չեն տալիս, պատճառաբանելով, որ բաժանվել են:

Երկրորդ տղաս, որը նույնպես ապրում է վարձով, վատառողջ է, ունի երկու տղա, որոնք ծառայել են Լեռնային Ղարաբաղում: Մեծ տղաս ֆիզկուլտուրայի ինստիտուտի ուսանող էր, դուրս է մնացել վարձի պատճառով, այն որ երկու տարի սահման է պահել, մեդալով եւ պատվոգրերով ավագ սերժանտի կոչումով է վերադարձել, իսկ եղբայրը ապրիլմեկյան պատերազմի մասնակից է, առողջ ուղակել ենք, հիվանդ ընդունել եւ այժմ էլ ապրում են վարձով կիսանկուղային հարկում: Երրորդ տղաս, որը ամուսնացավ եւ չուզենալով ապրել բաժանված եղբոր ընտանիքի հետ, թողեց Հայաստանը եւ դարձյալ վարձով է ապրում Ռուսաստանում: Ես նրան մեծացրել եմ 5 տարեկանից մենակ, առանց հոր եւ շատ ցավալի է ինձ համար, որ ապրելու պայմաններ չունենալու պատճառով նա ինձ հետ չէ»:

Տիկին Հակոբովան Աննա Հակոբյանին խնդրում է աջակցել, որպեսզի ընտանիքը այս վիճակից որեւէ ձեւով դուրս գա:

Կենսաթոշակառու Ջուլիետա Մարգարյանը երեք որդի ունի: Նրա խոսքով, իր տղաներն ունեն բարձրագույն տեխնիկական կրթություն, բայց չունեն համապատասխան աշխատանք, որի պատճառով երեքն էլ մեկնել են Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի. «Բոլորն էլ գրանցված են եւ բնակվում էին իմ տանը, նրանցից մեծի տղան եւ աղջիկը ամուսնացան եւ արդեն 13-14 հոգով ապրում էինք միասին, իրար հետ «յոլա» չգնացին, դուրս եկան վարձով ապրելու, չունեն աշխատանք եւ ահավոր դժվար է նրանց համար բնակարանի վարձ վճարելը: Նրանց աղջիկն ունի մեկ երեխա, մյուսը՝ երկու անչափահաս: Յուրաքանչյուր ամվա վերջում մտածում են, թե ինչպես են վճարելու բնակարանի վարձը, դիմում են ինձ, թոշակառու տատիկին, բայց ես եւս նրանց օգնելու միջոց չունեմ: Աշխատել եմ այս պետության համար 50 տարի, ստանում եմ ընդամենը 50000 դրամ թոշակ, որ նույնիսկ ինձ չի բավարարում իմ կարիքները հոգալու համար: Երկրորդ տղաս ապրում է զոքանչի տանը, որովհետեւ իմ տանը արդեն քնելու տեղ չկար:

Երրորդ տղաս ունի մեկ տղա, որը ծառայել է ԼՂՀ-ում, պատվոգրով, շնորհակալագրերով վերադարձել: Նրա աղջիկը սովորում է ճարտարապետական համալսարանի դիզայներական բաժնում, վճարովի համակարգում: Մի կերպ կարողանում ենք վճարել նրա ուսման վարձը: Այսպիսին է երկար տարիներ, հարյուրավոր ուսանողներ կրթած եւ դաստիարակած, բայց այժմ թոշակառու դասախոսի եւ իր ընտանիքի վիճակը:

Ուստի խնդրում ենք, որպես մայր, հարգեք մեր տարիքը, վաստակը եւ միջամտեք մեր ընտանիքներին ապահովելու, գոնե այդ լքված շինությունից մեր երեխաներին հատկացնել գոնե մեկական սենյակ»:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ,

02.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031