Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարության 2018 թվականի ամռանը հաստատված ծրագրում գրված է, որ Արցախը պիտի դառնա բանակցային կողմ, սակայն անցել է մոտ մեկ տարի՝ դեռ առաջընթաց չկա՝ որքան էլ Նիկոլ Փաշինյանն ու կառավարությունը փորձում են կենդանի պահել այս խոստումը:
Աշոտյանը ուշադրություն է հրավիրում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունների վրա: Դրանցում չի հիշատակվում Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունների կատարման կարեւորության մասին: Վերջին անգամ այդ պայմանավորվածություններին համանախագահներն անդրադարձել են 2018 թվականի փետրվարի 18-ին: Այդ պայմանավորվածությունները որակվում էին Ադրբեջանի դիվանագիտական պարտություն, իսկ դրանց մասին հիմա չխոսելը Աշոտյանը որակում է «ապրիլյան պատերազմի համար պատասխանատվությունից Ադրբեջանի մաքրմանը ակամա աջակցություն: Սա կարեւորագույն բացթողում է»:
Աշոտյանը հիշեցնում է, որ այս պայմանավորվածությունների մասին վերջին անգամ խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում, այլ էլ՝ «հպանցիկ եւ որպես հետեւանք Ալիեւի հայտարարությունների: Վարչապետի ելույթի նախնական տեքսում չի եղել, տեղում է փոխվել»:
Երկրորդ մտահոգությունը. Աշոտյանը վստահ է, որ վերելք ապրող «վերելակային դիվանագիտությունը» ունենալու է նաեւ վայրէջք. «Իրավական որևէ հիմք չունեցող, չպարտավորեցնող Դուշանբեի պայմանավորվածությունը հանգեցրել է նրան, որ հայկական երկու կողմերը պահում են պայմանավորվածությունը, իսկ Ադրբեջանը ամրացնում է իր դիրքերը Արցախ-Ադրբեջան եւ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով»:
Արցախյան հարցում երրորդ մտահոգությունը. ըստ Արմեն Աշոտյանի, Հայաստանի իշխանությունը միջազգային հարթակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների եւ ժամկետների հարցում, չգիտես ինչու եւ ինչպես, ստեղծել է չհիմնավորված լավատեսական ակնկալիքներ, իսկ հայ հասարակությունը չգիտի, թե ինչ է ընկած այդ լավատեսության հիմքում: «Ակնհայտ է, որ այդ լավատեսությունը որեւէ իրական, քաղաքական հիմք չունի եւ չի կարող ունենալ, քանի որ Նիկոլ Փաշինյանը հետեւողականորեն ժխտում է այն լուրերը, որ իր հանդիպումներ ունեն որեւէ քաղաքական օրակարգ արցախյան հակամարտության կարգավորման հեռանկարի հետ կապված: Անգամ հայտարարել է, որ իր հերթական հանդիպումը լինելու է առանց օրակարգի»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ