Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության էսօրվա գերխնդիրները՝ իրենց հնարավոր լուծումներով, ինչը ԿԳՆ-ն երբեք չի իրագործի

Մարտ 04,2019 13:00

Այս առաջարկների մեծագույն մասն իրագործելու համար ոչ մի լրացուցիչ ֆինանս հարկավոր չէ: Հակառակը, սրանք ուսուցիչների ռոճիկը բարձրացնելու հնար կտան:

Այսօրվա ՀՀ-ի դպրոցական կրթությունը, համարյա միշտ, ուղղված է բուհական կրթությանը: Միայն բուհական կրթությունն է որոշում, թե աշակերտը դպրոցում ինչ յուրացնի, որովհետեւ համարյա ամեն մի ծնողի նպատակը իր երեխային բուհ ուղարկելն է: Չկա ծնող, ով իր երեխային դպրոց ուղարկի միայն հանուն կրթության ու աչքի առաջ չունենա բուհական կրթությունը: Դպրոցի ուսուցիչներն էլ, կրկնուսույցներն էլ, ծնողներն էլ, աշակերտներն էլ ուղղորդվում են միայն ու միայն բուհերի ընդունելության պահանջներով: Ուրեմն, դպրոցական կրթության ռեֆորմներից առաջ պիտի անպայման իրագործվեն բուհական ռեֆորմները, թե չէ՝ դպրոցական կրթության ռեֆորմները կլինեն ինքնանպատակ ու անարդյունք:

Բացի սա, դպրոցի որեւէ հնարավոր ռեֆորմը գնահատելիս, չպիտի մոռացվի այն հանգամանքը, որ դպրոցը 5-6-րդ դասարանից հետո (ավելի շուտ՝ սկսած 5-ից) աշակերտին համարյա ոչինչ չի տալիս, եթե աշակերտը ինքը, իր կամքով կամ ծնողի պարտադրանքով, չի սովորում: Չի տալիս նաեւ այն «ֆոն» կամ «կուլտուրա (մշակույթ)» կոչվածը: Սա գուցե սխալ թվա, բայց եկեք հիշենք, թե այն աշակերտը, ով դադարում է մաթեմատիկան, ֆիզիկան ու մյուս բնագիտական առարկաները սովորելը, ի՞նչ «ֆոն» կամ «կուլտուրա» է ստանում դպրոցից մինչեւ 12-րդ դասարանը, բացի զզվանքն այս առարկաների նկատմամբ ու սրանք մի կերպ յոլա տանելու դժոխային տանջանքը: Բա էլ ինչո՞ւ պիտի այդ աշակերտն անցնի այս առարկաները: Երբ հասարակության մի ինստիտուտը բացարձակ չի կատարում իր պարտավորությունը, այդ ինստիտուտը պիտի լուծարվի, ուրիշ ուղի չկա: Ակնհայտ չի՞, որ նման աշակերտին այս առարկաները պարտադրելը կամ տգիտություն է, կամ թշնամություն երեխայի նկատմամբ, կա էլ գիտակցված ու կործանարար անտարբերություն: Ավելի ճիշտ ու հաստատ, սա ուղղակի աշակերտի հոգու բռնաբարություն է: Թող որեւէ մեկը, օրինակ, պատմության, կամ հայոց լեզվի, կամ ուրիշ մի հումանիտար առարկայի ուսուցիչ, պատկերացնի, որ իրեն ստիպել են, որ ինքը 6 տարի շարունակ օրը մի քանի ժամ նստի մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի ու կենսաբանության ժամերին ու ուշադիր լսի ուսուցչին ու նաեւ փորձի գոնե մի քիչ գիտելիք ստանալ, ինչից համարյա ոչինչ (մեղմ ասած) չգիտի: Բա սա չի՞ լինի հոգեւոր բռնաբարություն: Չմոռանանք նաեւ, որ «վատ» դպրոցների ու տգետ ուսուցիչների թիվը էսօր չափազանց շատ է, ու մոտ 7-րդ դասարանից հետո դպրոցների մեծ մասը իր պարտականությունները կամ վատ է կատարում, կամ համարյա չի կատարում: Պարզ չի՞, որ եթե աշակերտը որոշել է, որ օրինակ, մաթեմատիկա ու ֆիզիկա չի սովորելու, էլ արդեն Աստված էլ երկնքից իջնի, այդ աշակերտին չի ստիպի, որ սրանք սովորի: Այս բռնաբարությունը ուղղակի պիտի դադարեցվի, որովհետեւ ուրիշ ելք չկա:

Ուրեմն, ի՞նչ պիտի արվի: Համոզված եմ, որ ՊԻՏԻ ԱՐՎԻ ՀԵՏԵՎՅԱԼԸ:

Կրթության ու գիտության նախարարությունը պիտի մի իրավական կամ սահմանադրական ակտով լուծարվի, որպես լրիվ ավելորդ ու վնասակար հաստատություն, ինչը, լրիվ իզուր, մսխում է պետական բյուջեի (հարկատուի) փողերը: Ակնհայտ է, որ ԿԳՆ-ում աշխատող ոչ մի չինովնիկ հասու չի մեր լուրջ մաթեմատիկոսներին, ֆիզիկոսներին, կենսաբաններին, բժիշկներին, քիմիկոսներին, երկրաբաններին ու ուրիշ այս կարգի մասնագետներին ղեկավարելու: Ծիծաղելի կլիներ Համբարձումյանին, Ալիխանյաններին, Կոմիտասին, Սարյանին ու սրանց պեսերին ու նաեւ ավելի քիչ հայտնիներին ղեկավարող հաստատության գոյությունը:

Սովետում սա պետք էր, որովհետեւ սա երկրի իդեոլոգիան հսկող կառույց էր: Այսօր սա ավելորդ ու վնասակար է, բայց կա: Սրա մի ֆունկցիան գիտության մշակներին փող բաժանելն է, բայց սա վերածվել է մի ծավալուն ու ապական (կոռումպացված) կառույցի: Այդ փողը կարող էր բաժաներ մի 3-4 հոգանոց կառույցը, եթե «արդար» սկզբունքներ մշակվեին: Ուրեմն, պիտի լուծարվի նաեւ Գիտության պետական կոմիտեն: Դառնանք կրթությանը: Ես կես դարից ավելի է, ինչ աշխատում եմ կրթության ոլորտում ու հլը չեմ տեսել, որ ԿԳՆ-ն մի բան որոշի, ինչը չվնասեր կամ չխոչընդոտեր կրթությանը: Այստեղ աշխատող չինովնիկների մեծագույն մասը գաղափար չունի դպրոցական կրթությունից, ստրկամիտ է ու երբեք չի հակառակվի իր վերադասի կարծիքին, ու մտահոգ է միայն իր կարիերայով: Թվարկեմ ԿԳՆ-ի հասցրած վնասները:

ա) ԿԳՆ-ն անընդհատ փոփոխել ու փոփոխում է ընդունելության ու ավարտական քննությունների կանոնները, սրանք դարձնելով անկանխատեսելի:

բ) ԿԳՆ-ն անընդհատ փոփոխել ու փոփոխում է դասագրքերը, սրանք անընդհատ բարդացնելով ու ծանրաբեռնելով բարձրագույն կուրսերից քաղված բաժիններով:

գ) ԿԳՆ-ն դասագիրք գրելը կամ թարգմանելը միշտ հանձնարարում է միայն այս գործին անընդունակ մարդկանց: Դասագրքերի մեծ մասը սխալներ ունի: Օրինակ, ֆիզիկայի դասագրքրում սխալ է շարադրված նույնիսկ մի քանի ֆունդամենտալ օրենք (մանր սխալների ու թերությունների թիվը տասնյակների է հասնում), ու սրանց դասագրքային ձեւակերպումներից անհեթեթ բաներ են բխում:

Խայտառակ վատն են, օրինակ, 5-6-րդ դասարանների բնագիտության դասագրքերը:

դ) Քերականության դասագրքերի շարադրանքը հակասում է համաշխարհային լեզվաբանությանն ու, առհասարակ, գիտության ու տրամաբանության տարրական պահանջներին:

ե) Ճիշտ այս նույն վիճակն է բուհերի տնտեսագիտական կրթության ասպարեզում: Այստեղ էլ ԿԳՆ-ն նույնիսկ տեղյակ չի, որ բուհերում դասավանդում են միմիայն քեյնզյան կործանարար ու հակագիտական տնտեսագիտությունը, ու իսկական՝ ավստրիական տնտեսագիտությունը բացակա է:

զ) ԿԳՆ-ն անընդհատ ծավալուն ու վնասակար «չափորոշիչներ» ու իբր «ուղղորդող» ձեռնարկներ ու հրահանգներ ու կանոններ է մոգոնում ու պարտադրում ուսուցիչներին ու դասագրքերի հեղինակներին, ու սրանք միայն խանգարում են կրթության գործին ու երբեք չեն լավացնում դասագրքերը:

է) ԿԳՆ-ի տեսչական ստուգումները միայն ձեւական են ու վնասակար ու շատ անգամ ապական:

ը) ԿԳՆ-ի ռեֆորմները բացառիկ վնասակար են: Հիշենք սրանցից «օպտիմալացումը, 12-ամյա դպրոցը, Բոլոնիայի համակարգին անցնելը» եւն:

թ) Նույնը կարելի է ասվի՝ կրթության վարչությունների մասին:

ժ) Դպրոցը կարող է, բացարձակ ու լրիվ, յոլա գնա առանց որեւէ ԿԳՆ-ի կամ կրթության վարչությունների, եթե պետությունը դպրոցին ֆինանսավորի ուղղակի, ու դպրոցի տնօրենն էլ հաշվետու լինի ուսուցիչների ժողովի առջեւ ու վերջինի պահանջով իսկույն ֆինանսական հաշվետվություն ներկայացնի:

Այս ամենն ապացուցում է, որ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԻ, որ ԿԳՆ-ն ու կրթության վարչությունները այնպես ռեֆորմացվեն, որ սրանք որեւէ օգուտ տան: ԿԳՆ-ի ու կրթության վարչությունների պատճառած համատարած վնասից ազատվելու միակ ելքը սրանք լուծարելն է ու բուհերին ու դպրոցներին կատարյալ ինքնուրույնություն տալն է:

 

ԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

1. Բուհերը պիտի անպայման դուրս գան Բոլոնիայի կրթական վնասակար համակարգի լծի տակից, ինչը, ըստ էության, սոցիալիստական է:

2. Հայոց լեզվի բուհական ընդունելության քննության պարտադրությունը պիտի վերանա (ըստ էության համարյա վերացած էլ է, որովհետեւ ձեւական բնույթ ունի), քանզի անհեթեթ է ենթադրելը, որ 17 տարեկան հայ պատանին իր մայրենի լեզուն չգիտի (ավելի ճիշտ կլինի ենթադրելը, թե «հայոց լեզու» ասելով մենք մի տարօրինակ քիմեռ (երեւակայական հրեշ) ենք ենթադրում, ինչը գոյություն չունի:

3. Պիտի պետական բուհերից բանակ չտանեն, քանզի, այսպես կոչած, «սովորելու պատուհանի» ամենալայն բացվածքը հենց երեխայի 16-21 տարիքում է:

4. Եթե երկրում բարոյակարգ-կապիտալիզմ է հաստատված ու շուկան իրոք ազատ է, այսինքն, դպրոցները համարյա լրիվ են ինքնուրույն (եթե ու նորից եթե, ու բացի պետության սուբսիդիան, ինչը պիտի շարունակվի, քանի դեռ պետությունը հարկատուից բռնի փող է գանձում՝ «ձրի կրթության» պատրվակով), հենց այս շուկան (դպրոցների ու բուհերի ազատ մրցությունը) ի՛նքը կթելադրի, թե բուհը ի՛նչ մասնագիտություններ ունենա, ու բուհը ինքը կորոշի իր տված մասնագիտությունների ցանկը:

5. Մասնավոր ու (մանավանդ) մանկավարժական բուհերից վատերը, մրցության ստիպմունքով, իրենք իրենց կփակվեն, հենց որ սրանց արտադրած մասնագետների կարիքը չլինի:

Սրանց համապատասխան, ԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ասպարեզում պիտի արվի հետեւյալը:

6. Պարտադիր կրթությունը պիտի լինի ամենաշատը մինչեւ 6-7-րդ դասարանը ու հենց պետությո՛ւնը պիտի ֆինանսավորի այս դպրոցները, հարկատուի հաշվին, ինչպես որ հիմա է: Այս դպրոցներում աշակերտների քանակը մեկ դասարանում չպետք է գերազանցի 20-ը:

7. Դպրոցի ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՏՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱՆԱՆ ԿԱՄ ԴԱՌՆԱՆ ՁեւԱԿԱՆ, այսինքն, բուհ դիմելու իրավունք պիտի ունենա նաեւ ատեստատ չունեցողը: Ատեստատները արդեն լրիվ են ձեւական, որովհետեւ սրանց տվյալների մեծագույն մասը կեղծ է, ու քանի որ սրանք պետք են միայն բուհ ընդունվելու համար, իսկ բուհը, իր ընդունելության քննությունով, ինքը կորոշի, տվյալ հավակնորդը արժանի՞ է, թե՞ արժանի չի այդ բուհում սովորելու:

8. Վեց-յոթնամյայից բարձր կրթություն տվող դպրոցները (հետագա շարադրանքում՝ «բարձր դպրոցը») պիտի ստանան բացարձակ ինքնուրույնություն, այսինքն, պիտի լինեն ՀԱՄԱՐՅԱ ՄԱՍՆԱՎՈՐ («համարյա», քանի որ, ինչպես ասվեց, այսօրվա պետական սուբսիդիան պիտի շարունակվի):

9. Տվյալ ուսուցչի համապատասխանությունը կամ անհամապատասխանությունը այդ դպրոցին պիտի որոշի միայն ուսուցիչների ընդհանուր ժողովը, գաղտնի քվեարկությամբ, ու այդ ձեւով ուսուցիչ գործի ընդունի կամ ազատվի անորակ ուսուցիչներից: Եթե դպրոցը շահագրգիռ է իր համբավով ու եկամուտով, այս մեխանիզմը կաշխատի:

10. Այս դպրոցների ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԹԻՎԸ պիտի որոշի միայն եւ միայն տվյալ դպրոցը, (օրինակ, մանկխորհրդի նիստով կամ նորից ուսուցիչների ընդհանուր ժողովով), ուղղորդվելով իր թեքումով, կարիքներով ու կարողությամբ ու բուհերի պահանջներով:

11. Դպրոցն իրավունք պիտի ունենա ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ՎՃՌՈՎ (գուցե մանկխորհրդի կամ ընդհանուր ժողովի վճռով) կրճատելու դասավանդվող առարկաների թիվը, քանի որ առարկաների այսօր դասավանդվող ցանկը ուղղակի չի յուրացվում: Ուրեմն, օրինակ, ի՞նչ իմաստ ունի աշակերտին ստիպելը, որ ինքը մաթեմատիկա ու բնագիտություն անցնի, եթե այս աշակերտը որոշել է, որ պիտի լեզու կամ պատմություն ուսումնասիրի ու արդեն էլ ոչ մի պայմանով մաթեմատիկա ու բնագիտություն չի սովորի: Չէ՞ որ նման ստիպմունքը անհեթեթ է ու վնասակար ու գարշելի:

12. Սրա համար էլ, օրինակ, հնարավոր է, որ լինեն յոթնամյայից բարձր դպրոցներ, որտեղ դասավանդվեն միայն մաթեմատիկա, ֆիզիկա ու օտար լեզուներ, կամ դպրոցներ, որտեղ դասավանդվեն միայն քիմիա ու կենսաբանություն ու օտար լեզուներ, կամ դպրոցներ, որտեղ դասավանդվեն միայն լեզուներ, կամ դպրոցներ, որտեղ կդասավանդվեն լեզուներ ու պատմություն:

Նկարչական, շախմատի կամ երաժշտական դպրոցներ, դպրոցներ, որտեղ շատ ցածր մակարդակով դասավանդվեն մաթեմատիկա ու բնագիտություն, ու շեշտը դրվի տարրական տնտեսագիտություն ու իրավագիտություն ուսուցանելուն (դասական տեսությունները, եւ ոչ թե քեյնսական մեյնստրիմը):

13. Մասնավոր պարապմունքները (կրկնուսույցների կամ հենց ուսուցչի պարապմունքները իր իսկ դասարանի աշակերտների հետ) չպիտի արգելվեն կամ փնովվեն: Հակառակը, սրանք պիտի խրախուսվեն, որովհետեւ նպաստում են երկրի ընդհանուր կրթվածությանը:

14. Կրոնի դասավանդումը (նույնիսկ «եկեղեցու պատմություն» ցուցանակի տակ) պիտի արգելվի, մանավանդ որ կա Գեւորգյան ճեմարանը:

15. Շուկայի թելադրանքով կառաջանան դպրոցներ՝ ցածր արագությամբ, միջին արագությամբ ու բարձր արագությամբ սովորողների համար ու ոչ մի «ներառական կրթություն», քանի որ սա խիստ վնասակար է, ուրեմն, նաեւ անընդունելի է:

Այս ամենը կստեղծի դպրոցների ու բուհերի շուկայական մրցություն, ու լիքը լավ դպրոց կստեղծվի:

16. Դպրոցը կամ ուսուցիչը չպիտի որեւէ ձեւով հարկվի:

17. Եթե բուհը լինի անկախ, պարտադիր կրթությունը՝ մինչեւ 7-րդ դասարանը, ատեստատն էլ լուծարվի, ուրեմն հնարավոր է, որ երեխան 7-րդ դասարանից հետո ոչ մի դպրոց էլ չգնա, պարապի ինքնուրույն կամ մասնավոր ուսուցչի մոտ, ու անպայման բուհ դիմելու ու ընդունվելու իրավունքն ունենա:

18. Բացակայության համար բարձր դպրոցի աշակերտին պատժելը պիտի վերանա: Բարձր դպրոցում հաճախել-չհաճախելու իրավունքը աշակերտի ծնողինն է միայն:

19. Բնական է, որ 12-ամյա կրթությունն ինքնին կվերանա, որովհետեւ հնարավոր է, որ 7-րդ դասարանից հետո երեխան իրեն հարկավոր առարկաները յուրացնի նույնիսկ 2 տարում:

20. Դասագիրք ընտրելու ու գործածելու իրավունքը տրվում է միայն ուսուցչին: Սրանից բխում է, որ դասագիրք կարող է գրի ամեն մարդ: Դասագրքերի թիվը խիստ կշատանա, ու սրանց մեջ կլինեն նաեւ շատ լավ դասագրքեր: Լավ դասագիրքը կգործածեն, վատը չեն գործածի:

Համոզված եմ, որ դպրոցն ու բուհը ռեֆորմացնելու հիմնական ուրվագիծը սա է, չնայած պարզ է, որ մանրամասները քննարկելու կարիքն անպայման կա:

ՄԵՐՈՒԺԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՅԱՆ

ԵՊՀ դասախոս

«Առավոտ» օրաթերթ,

02.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ամբողջությամբ համամիտ եմ հոդվածագրի հետ։ Պարզապես կարծրատիպերը կրթության հանդեպ այնքան “կարծրացած” են, որ շատերը մինչև վերջ երևի չկարողանան կարդան, այլ “ուշաթափվեն”։ Բավականին լավ մտքեր կան, որոնք կարելի է ավելի կոնկրետացնել (իհարկե, հեղինակը հրաշալի գիտակցում է դա)։ Այն, որ երեխաները չեն յուրացնում ծրագիրը, դա փաստ է, բացի դրանից երեխայի մեջ կոտրվում է իր ուժերի հանդեպ պատկերացումն ու հավատը։ Հոդվածագրի տված լուծումները, կրթության ոլորտի հետ կապված, բավականին խահեմ են ու լուրջ։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031