ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը փաստում է՝ «Դասարան» կրթական ծրագրի շրջանակում անձնական տվյալների մշակումը համապատասխանում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին:
Հաստատված է, որ «Դասարան» կրթական ծրագիրը կիրառում է անվտանգության ապահովման բավարար ֆիզիկական, տեխնիկական և կազմակերպչական միջոցներ՝ օգտատերերի անձնական տվյալները որևէ չթույլատրված արտահոսքից, կիրառումից, փոփոխությունից և ոչնչացումից պաշտպանելու համար: Արձանագրվել է, որ «Դասարան»-ը չի տրամադրում օգտատերերի անձնական տվյալները որևէ երրորդ անձի:
Ըստ որում, կայքում գրանցված բոլոր՝ ավելի քան 1 միլիոն օգտատերերը և նոր գրանցվող յուրաքանչյուր օգտատեր ստանում են ծանուցում՝ հաստատելով անձնական տվյալների մշակման վերաբերյալ իրենց համաձայնությունը, ինչից հետո միայն հնարավորություն են ստանում օգտվել համակարգից:
Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 3-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի կողմից ստացված դիմումի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից վարույթ էր հարուցվել «Դասարան» կրթական ծրագրի շրջանակներում անձնական տվյալների մշակման համապատասխանությունն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին ստուգելու վերաբերյալ:
Կից ներկայացնում ենք ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հրապարակումը վերոշարադրյալի վերաբերյալ:
Dasaran կրթական կենտրոն