Փետրվարի 28-ին Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, որը շուրջ 30 տարի ղեկավարել է կոմպոզիտոր եւ մանկավարժ Սերգեյ Քյոսայանը, կայացավ նրա ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ: Հնչեցին նրա սաների եւ վերջիններիս սաների կատարումները: Համերգը նախաձեռնել էր «Գարի Քյոսայան» մշակութային հիմնադրամը:
Ինչպես «Առավոտի» հետ զրույցում հայտնեց դերասանուհի եւ երգչուհի Ալլա Սահակյանը, համերգի ընթացքում հնչեցին Սերգեյ Քյոսայանի ստեղծագործություններից՝ դաշնամուրային կոնցերտը եւ ջութակի համար գրված «Կոնցերտինոն», այլ դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ, Կոմիտասից, Սերգեյ Սարաջյանից եւ այլոց գործերի մշակումներ։
Մասնակցեցին Անահիտ Ներսիսյանը, Հասմիկ Անչարակյանը, Իզաբելլա Մարությանը, Ալեքս Գեւորգյանը, Ալինա Ադամյանը, Հասմիկ Նալբանդյանը, Ալլա Սահակյանը։ Համերգը եզրափակեց ջազային երաժիշտ, դաշնակահար եւ կոմպոզիտոր Գարի Քյոսայանը՝ իր հեղինակային ստեղծագործություններով։ Արսեն Ստեփանյանը կատարեց Գարի Քյոսայանի Shining Star ստեղծագործությունը, իսկ Ալլա Սահակյանը՝ Միշել Լեգրանի եւ Ռեյ Չարլզի երգերը:
«Համերգին ներկա էին մարդիկ, որոնք ավարտել են դպրոցը Սերգեյ Քյոսայանի ղեկավարած տարիներին, կոմպոզիտորներ, դասախոսներ, որոնք մեծ սեր ու հարգանք ունեին Սերգեյ Քյոսայանի հանդեպ, Յաշա Զարգարյանն էր ներկա, իսկ Արմեն Բուդաղյանը ներածական խոսքով հանդես եկավ, հշողություններով կիսվեց»,-նշեց Ալլա Սահակյանը:
Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ արդյոք Սերգեյ Քյոսայանն ըստ արժանվույն գնահատվա՞ծ է մեզանում, Գարի Քյոսայանը ցավով փաստեց, որ վերջին տարիներին շատ քիչ է խոսվում հայ դասական կոմպոզիտորներից շատերի մասին, նրանք համարյա չեն պրոպագանդվում, Սերգեյ Քյոսայանն էլ այդ առումով բացառություն չէ: Նրա խոսքերով, հարկ է, որ այդ կոմպոզիտորների գործերն ավելի շատ կատարվեն:
Գարի Քյոսայանը հավելեց, որ շնորհակալ է Չայկովսկու անվան դպրոցի տնօրինությանը՝ համերգին ընթացք տալու համար եւ դաշնակահարուհի Անահիտ Ներսիսյանին, որն օգնեց կազմել գեղեցիկ ծրագիր, ինչպես նաեւ բոլոր մասնակիցներին, որոնք ցանկացան, որ համերգը կայանա:
Հիշեցնենք, որ կոմպոզիտոր, ԽՍՀՄ վաստակավոր ուսուցիչ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից Սերգեյ Քյոսայանը ժամանակին ղեկավարել է «Մոսկվա» եւ «Նաիրի» կինոթատրոնների նվագախմբերը, աշխատել է «Երեւան» կինոստուդիայում՝ որպես երաժշտական մասի ղեկավար:
Նա 1947-1952թթ. աշխատել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում որպես փոխտնօրեն, ապա 1952-ից նույն դպրոցի տնօրեն՝ մինչեւ իր կյանքի վերջը՝ 1979թ.։
Նրա տնօրինության տարիներին երաժշտական դպրոցը տվել է բազմաթիվ հայտնի անուններ, որոնց թվում են Մեդեա Աբրահամյանը, Անահիտ Ներսիսյանը, Ժան Տեր-Մերկերյանը, Արթուր Փափազյանը, Լեւոն Աբրահամյանը, Էդվարդ Թադեւոսյանը, Վահրամ Սարաջյանը, Ռուբեն Այվազյանը եւ ուրիշներ:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
02.03.2019