2019 թ.-ի փետրվարի 27-ին վերջապես տեղի ունեցավ այնքան սպասված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրան ուղեկցող պետական պատվիրակության պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն:
Հայաստանի վարչապետի՝ Թեհրան կատարած այցը անկյունադարձային նշանակություն ունեցավ Թեհրան-Երևան հարաբերությունների համար, այն էլ Իրանի համար այս զգայուն ժամանակաշրջանում: Հաշվի առնելով կողմերի բարձրաստիճան իշխանությունների լուրջ ու վճռական ցանկությունը տնտեսական, քաղաքական և համատեղ ենթակառուցվածքային ու էներգետիկ ոլորտներում համագործակցությունների առավել խորացման ու նախկին նախագծերի իրականացման անհրաժեշտությունը, անկասկած այս հանդիպումներից հետո երկու երկրի ավագ պաշտոնյաները կփորձեն կրկնակի ջանքերով քայլել բազմակողմանի համագործակցության ուղղությամբ:
Իրան-Հայաստան տնտեսական համագործակցությունների ընդլայնումն ուրվագծում է ռազմավարական հեռանկարներ` Թեհրան-Երևան հարաբերություններում:
Փետրվարի 27-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ստորագրվել են երկու երկրների միջև համագործակցության փոխըմբռնման հուշագրեր:
Մասնավորապես, փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Իրանի ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի միջև:
Երկրորդ հուշագիրը ստորագրվել է Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու Իրանի ազատ առևտրի, արդյունաբերական և հատուկ տնտեսական գոտիների գերագույն խորհրդի միջև:
Փաստաթղթերը ստորագրել են Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Մոհամմեդ Ջավադ Զարիֆը:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ համագործակցության փաստաթղթերի ստորագրումից հետո ունեցած մամլո կոնֆերանսում հայտարարել է, որ այս հանդիպման ընթացքում մենք լավ պայմանավորվածությունների ենք հասել: Ռոհանին գոհունակություն է հայտնել Երեւանի կառավարության դիրքորոշման համար Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից կիրառած անօրինական պատժամիջոցների վերաբերյալ եւ ասել, որ երկու երկրները վճռական են ազգային շահերի հիման վրա շարժվել առաջ, իսկ երրորդ երկիրը չի կարող միջամտել մեր բարեկամական հարաբերություններում:
Փետրվարի 27-ին ՀՀ վարչապետի՝ Իրան կատարած այցելությանը լայն անդրադարձել են հայաստանյան և իրանական լրատվական ծառայությունները:
Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի Իրան կատարած պաշտոնական այցի արդյունքները՝ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն ասել է. «Սա ըստ ամենայնի նոր քաղաքականության մեկնարկ է, քաղաքականություն, որը նախ ուղղված է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, երկրորդ՝ Հայաստանի էներգետիկ անկախության ապահովմանը, Հայաստանի էներգամատակարարումների դիվերսիֆիկացմանը: Սա նաև ուղղված է Հայաստանի դերի մեծացմանը տարածաշրջանում էներգետիկ համագործակցության գործընթացներում»։
Սակայն այն, ինչ որ Փաշինյանի այցը առանձնացնում է Հայաստանի նախկին իշխանությունների Իրան կատարած պաշտոնական կամ աշխատանքային հաճախակի կրկնվող և ըստ երևույթին տնտեսական և էներգետիկ ոլորտներում անարդյունավետ հանդիպումներից ու ֆորմալ պայմանավորվածություններից, Հայաստանում ձևավորված հետհեղափոխական նոր իշխանությունների ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումն էր Իրանի իսլամական հեղափոխության գերագույն Առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հետ: Սա առանձին նշանակության կարող է ունենալ Իրան-Հայաստան տնտեսական համագործակցության հետագա զարգացումների վրա, քանի որ Այաթոլլահ Խամենեին վճռական դերակատարում ունի Իրանի ներքին և արտաքին քաղաքկանության և ռազմավարական որոշումների ձևավորման և կյանքի կոչելու գործընթացների վրա:
Չորեքշաբթի երեկոյան կայացած հանդիպման ընթացքում, կարևորելով Թեհրան-Երևան տնտեսական համագործակցությունների մակարդակի բարձրացումն, Իրանի առաջնորդը նշել է. «Հակառակ ամերիկացիների ցանկությանն, Իրանի ու Հայաստանի հարաբերությունները պետք է ամուր, շարունակական ու բարեկամական լինեն»:
Բազում ընդհանրությունների, այդ թվում՝ մշակութային ընդհանրությունների բերումով Իրանն ու Հայաստանը լավ հարաբերություններ ունեն միմյանց հետ: Տարեկան հազարավոր իրանցիներ Հայաստանն են ընտրում որպես զբոսաշրջային ուղղություն: Երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները նպաստել են Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացմանը, և այս երևույթը երաշխիքն է բազմակողմանի հարաբերությունների զարգացման:
Բացի այդ, իրանահայ համայնքը մեծ դերակատարություն է ունեցել Թեհրան-Երևան հարաբերությունների զարգացման հարցում: Իրանահայ համայնքի նկատմամբ Իրանի դրական վերաբերմունքը կրկնապատկել է Իրանի ու Հայաստանի պատմական բարեկամությունը: Իրանահայերը լիովին ազատ են կրոնական արարողությունների իրականացման և հասարակական ու մշակութային գործունեության հարցում:
Այաթոլլահ Խամենեին ընդգծել է. «Ես անձամբ այցելել եմ հայ և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների նահատակների հարազատների բնակարանները Թեհրանում, որովհետեւ մենք հայ նահատակներին ինչպես մուսուլման եղբայրները համարում ենք, որպես պարտադրված պատերազմի նահատակ հերոսներ»:
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին կարեւորել է նաև Իրանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական համագործակցության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները և ֆինանսական փոխանակումները անցած տարիներին գոհացուցիչ մակարդակում չեն եղել և պետք է երկու երկրի կարողություններն օգտագործել տարբեր ոլորտներում համագործակցություններն ընդլայնելու ուղղությամբ:
Այաթոլլահ Խամենեին առանձնապես ընդգծել է, որ այցի ընթացքում հաստատված որոշումները եւ համաձայնությունները պետք է ուշադիր հետեւվեն եւ հետապնդվեն երկու երկրի պետական պաշտոնյաների կողմից:
Հանդիպման ընթացքում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի ներկայությամբ Իրանի գերագույն առաջնորդի նման շեշտադրումը կարելի է գնահատել հենց Իսլամական Հանրապետության նախագահին ուղղված ուղերձ և ծանուցում՝ հետապնդելու և զարկ տալու Իրան-Հայաստան տնտեսական և էներգետիկ հարաբերությունների զարգացմանը, թույլ չտալով նախկին բացթողումներն ու ջանալ Հայաստանի միջոցով Իրանի շուրջ սեղմվող շրջափակումների օղակը թուլացնել:
Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդը նաեւ ընդգծել է Ղարաբաղյան հակամարտության հարցում Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնյաների միջեւ բանակցությունների շարունակության և պայմանավորվածության անհրաժեշտությունը եւ հայտարարել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է հակամարտող կողմերին օգնել խնդրի խաղաղ լուծման համար:
Այաթոլլահ Խամենեիի նման մոտեցումներն ու շեշտադրումները Հայաստանի արտաքին քաղաքականության հարցերի լուծման ուղղությամբ Իրանի պատրաստակամության վերաբերյալ վկայում է Իրանի գերագույն առաջնորդի բարի կամքի դրսևորման մասին Հայաստանին աջակցելու համար: Իրանի գերագույն առաջնորդի խոսքերը նաև ցույց են տալի, հայ ժողովրդին ճնշող և հուզող կարևորագույն ճգնաժամերից դուրս գալու վերաբերյալ Իրանի կողմից ցուցաբերվող աջակցության պատրաստակամության մասին:
Չնայած Իրանի դեմ սահմանված ԱՄՆ-ի շրջափակումներին, Իրանի հետ տնտեսական համագործակցությունների զարգացման հարցում Հայաստանի պետայրերի դիրքորոշումը նոր էջ է բացել Իրան-Հայաստան տնտեսական, էներգետիկ և տրանսպորտային համագործակցությունների հարաբերություններում, ինչն ամրագրվել է Հայաստանի վարչապետի Թեհրան կատարած այցի շրջանակներում երկու փաստաթղթերի ստորագրմամբ:
Էներգետիկայի, զբոսաշրջության և տնտեսական ոլորտներում համագործակցությունների ընդլայնման հզոր պոտենցիալը և երկու երկրի բարիդրացիական հարաբերությունները վստահելի գործընկերներ են դարձրել ԻԻՀ-ին ու ՀՀ-ին:
Էներգետիկայի ոլորտից բացի, Իրանն ու Հայաստանը համագործակցության հնարավորություն ունեն նաև սարքավորումների, IT տեխնոլոգիայի, սննդամթերքի ու գյուղատնտեսական արտադրանքի և զբոսաշրջության ոլորտներում:
Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացումը միայն երկկողմ բնույթ չի կրում: Հայաստանը Իրան-ԵԱՏՄ կապող օղակն է և ռազմավարական նշանակություն ունի Իրանի ու այդ տարածաշրջանի հարաբերություններում:
Այս նկատառումներով է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում Իրանի գերագույն առաջնորդը կարեւորել է երկկողմ հարաբերությունների առավել խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը, որը նաև մեծ նշանակություն ունի Իրանի ներկայիս պայմաններում շրջափակումները թեթևացնելու հարցում և դեպի Սև ծով Հայաստանի վրայով առևտրական ճանապարհները բացելու համար:
Այաթոլլահ Խամենեին հատուկ կարևորությամբ ընդգծել է, որ Հայաստանը երբեք չի մասնակցել որեւէ հակաիրանական գործողության, եւ մենք գիտենք՝ Իրանի հետ հարաբերությունների խթանումը մեր ժողովուրդների եւ մեր երկրների օգտին է:
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի բավականին ուշագրավ ու հետաքրքիր հայտարարությունները վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված շրջափակումները կոտրելու համար Իրանը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում իր հյուսիս-արևմտյան վստահելի հարևան և բարեկամ երկիր Հայաստանի հետ ակտիվ համագործակցությանը, ինչը նույնքան բացառիկ առիթ է Հայաստանի համար՝ կարգավորելու իր տնտեսական անմխիթար վիճակը և լիարժեքորեն ազատվելու Թուրքիայի և Ադրբեջանի շրջափակումներից՝ հաշվի առնելով, որ Հայաստանի հետ տնտեսական, քաղաքական, էներգետիկ, մշակութային և այլ հետաքրքրող ոլորտներում համագործակցությունների ընդլայնման համար Իրանը միակ երկիրն է, որ Հայաստանի հետ չի խոսում նախապայմանների լեզվով, և այս իրողության փայլուն ապացույցն են Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խիստ ուշագրավ հայտարարությունները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ:
Կարծում եմ, որ այս ուղերձը շատ լավ են ըմբռնում Հայաստանի ներկայիս իշխանությունները, հատկապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես որ նա Այաթոլլահ Ալի Խամենեիի հետ ունեցած բացառիկ հանդիպման ընթացում իր գոհունակությունը եւ երախտագիտությունը հայտնելով Իրանում հայ համայնքի կյանքի լավ պայմանների վերաբերյալ՝ ասաց. «Համոզված եմ, որ ձեր մեծ փորձառության և դերակատարության շնորհիվ երկու երկրների միջեւ համագործակցությունը ավելի ու ավելի կզարգանա, քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարեւոր և մեծ դերակատարություն ունի տարածաշրջանում»:
Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ
ԹԵՀՐԱՆ-ԻՐԱՆ