Այսօր Հայաստանում նշում ենք Դիվանագետի օրը։ 1992 թ.-ի մարտի 2-ը կարելի է համարել մեր նորագույն պատմության կարեւորագույն օրերից մեկը, երբ Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ։ Կարծում եմ՝ օրը յուրօրինակ խորհրդանշական է․ այն ուրույն կերպով շաղկապում է նորանկախ պետության միջազգային հանրության մաս դառնալու ամրագրումը դիվանագիտական ծառայության հետ։
Այս տարիների ընթացքում հայկական դիվանագիտությունը հաղթահարել է բազմաթիվ փորձություններ՝ այդ ճանապարհին ունենալով ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ՝ ձախողումներ։ Արագ փոփոխվող, նորանոր հարցադրումներ առաջադրող և մարտահրավերներով լեցուն աշխարհում ուժեղ դիվանագիտությունն առավել քան կենսական նշանակություն ունի։
Թավշյա հեղափոխությունից հետո, անկախ մեր դիվանագետների գործունեությունից, Հայաստանը բարձր վարկանիշ է ձեռք բերել միջազգային ասպարեզում։ Մեր գործընկերների հետ հանդիպումների, ինչպես նաև պաշտոնական և աշխատանքային այցերի ջերմությունն ու արդյունավետությունը դրա վկայությունն է։ Հայաստանում իրականացովող արմատական բարեփոխումները, տեղի ունեցած ընտրությունները արժանացել միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությունների բարձր գնահատականին։
Արդի քաղաքական շրջանը մեզանից յուրաքանչյուրի վրա դրել է առանձնահատուկ պատասխանատվություն։ Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության, պետական կառավարման բոլոր մարմինների խնդիրն է՝ գործել հեղափոխության բերած արժեքների տրամաբանության, ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում:
Հասկանում եմ, որ ոմանց համար դժվար է դուրս գալ տարիների ընթացքում ձևավորված հարմարավետության շրջանակներից, սակայն նոր արժեհամակարգ որդեգրելը և նորովի գործելը պարզապես այլընտրանքներ չունեն։
Ցանկանում եմ հիշեցնել ս.թ. փետրվարի 22-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիլոլ Փաշինյանի խոսքերը. «Սա սիրո և համերաշխության հեղափոխություն է, և յուրաքանչյուրը պետք է փոխվելու, նոր արժեքային համակարգ որդեգրելու շանս ունենա, բայց, կարծում եմ, որ բոլորս գիտենք, որ հակառակի շանսը գոյություն չունի: Այսինքն՝ բոլորն ունեն շանս նոր արժեքներին և համակարգին ինտեգրվելու և այդ արժեքները որդեգրելու, բայց նախահեղափոխական արժեքները, հարաբերությունները շանս չունեն վերակենդանանալու: Համենայն դեպս, ես՝ որպես ՀՀ վարչապետ, դա համարում եմ իմ անձնական պարտավորությունը»։
Վլադիմիր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ
https://www.facebook.com/vladimir.karapetian.12/posts/10216709786931062