«Եթե անգամ հիմքում էլ կասկածներ կան և դեռևս 100 տոկոսով հաստատված չէ՝ այդ տունը Չարենցինն է, թե ոչ, ամեն դեպքում հայերիս համար դա դարձել էր Չարենցի տունը Կարսում, որովհետև տարեկան հազարավոր հայեր այցելում էին այդ վայրը՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու մեծանուն բանաստեղծին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Կարսում Եղիշե Չարենցի տան քանդման լուրերի մասին՝ ասաց թուրքագետ, «Համշեն տուր»-ի հիմնադիր Գևորգ Պետրոսյանը: Վերջինս նկատեց, որ մամուլում էլ վերջերս տեղեկություններ էին տարածվում, որ կասկածելի է՝ արդյո՞ք այն տունը, որը քանդել են, Եղիշե Չարենցինն է, թե ոչ:
Ըստ թուրքագետի՝ մասնագետների մի մասը նշում է, որ դա Չարենցի տունն է, մի մասը՝ որ Չարենցի հետ որևէ կապ այդ շինությունը չունի. «Քաղաքային իշխանությունները տարբեր խողովակներով տեղ էին հասցնում, թե ըստ կադաստրի տվյալների՝ հենց այդ վայրն է եղել Չարենցի տունը, այն տունը, որտեղ նա անցկացրել է իր երիտասարդ տարիները: Այն, որ այսօր քանդվել է այդ շինությունը, և՛ Կարսում, և՛ Հայաստանում ընկալվում է որպես Չարենցի տան քանդում, այսինքն՝ այդ խորհրդանշական վայրը հայերիս համար այլևս չկա: Սա ցավալի է»:
Պարոն Պետրոսյանի խոսքով՝ փետրվարի 24-ին, երբ Կարսի գործընկերները լուսանկար են ուղարկել շենքի փլուզման հետ կապված, իր համար զարմանալի է եղել:
«Մեր գործընկերներին խնդրեցինք, որպեսզի հենց Կարսում տեղի քաղաքային իշխանություններից ճշտեն ու հասկանան, թե ինչո՞ւ և ինչպե՞ս է եղել: Մեկնաբանությունները իշխանություններից հետևյալն էին. տունը քանդել են, քանի որ այն դարձել էր թմրամոլների, ոգելից խմիչք օգտագործող երիտասարդների հավաքատեղի, որը նաև անհանգստություն էր պատճառում շրջակա բնակիչներին, վերջիններս բողոքում էին քաղաքապետարանին, և որոշում է կայացվել քանդել շենքը: Ես, բազմիցս լինելով Կարսում, պետք է ասեմ, որ նմանատիպ շինությունները շատ են, և ինչու հենց ընտրվեց սա: Ընդ որում՝ շենքի արտաքին պատին նշված էր հեռախոսահամար, որ այն վաճառվում է: Սրանից գալիս ենք այն մտքին, որ այն մասնավոր սեփականություն էր, այսինքն՝ ինչպե՞ս է քաղաքային իշխանությունը մասնավոր սեփականությունը քանդում»,- իր խոսքում նշեց թուրքագետը:
Վերջինիս կարծիքով՝ սա կարող է պայմանավորված լինել նրանով, որ մարտին Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, և Կարսի գործող քաղաքապետն իր թիմով պետք է փորձի վերընտրվել և հենց Չարենցի տան՝ հայերի համար խորհրդանշական այս շենքի քանդելը կարող էր որոշակի ձայներ բերել քաղաքի ավելի ազգայնական և ադրբեջանցի զանգվածների կողմից. «Որովհետև Կարսում շատ հետաքրքիր դեմոգրաֆիկ պատկեր է ձևավորվում: Նախկինում ավելի մեծ թիվ կազմող թուրքերն ու ադրբեջանցիները քանակական տեսանկյունից իրենց դիրքը զիջում են քրդերին: Հնարավոր պարտությունից խուսափելու համար Թուրքիայում ընդունված պրակտիկա է՝ օգտագործելով հակահայ, հակահույն, հակաամերիկյան, հակահրեական տարբեր քայլեր, հայտարարություններ՝ իրենց կողմը գրավել ազգայնական տրամադրություն ունեցող ընտրողներին»:
Հարցին, թե հնարավո՞ր է պետական մակարդակով լուծել այս հարցը, վերականգել տունը, պարոն Պետրոսյանը պատասխանեց, որ իր կարծիքով՝ պետական մակարդակով որևէ ազդեցություն ունենալ չի ստացվի, որովհետև հենց Կարսի քաղաքապետարանը քանդել է այն հիմքով, որ տունը պետական պահպանության տակ չէր, այսինքն՝ այդ շենքը որպես պատմամշակութային ժառանգություն չէր ընկալվում:
«Պետական մակարդակով հարցը լուծելիս կարող է ասպարեզ դուրս գալ՝ արդյո՞ք դա Չարենցի տունն էր, թե ոչ, այսինքն՝ այդ հարցը պետք է անցնել: Հաշվի առնելով երկու երկրների ներկայիս հարաբերությունները, հյուպատոսական հարաբերությունների բացակայությունը՝ նման դեպքերը բավական բարդ են: Բայց օրինակ Անիի դեպքում հայ վարպետների էին հրավիրել վերականգնմանը մասնակցելու համար: Եթե Թուրքիայում լինի քաղաքական կամք, վերականգնելու դեպքում, կարծում եմ, նաև համագործակցություն կլինի իրենց նախաձեռնությամբ: Բայց դա կախված է ամբողջովին թուրքական պետության կամքից: Ազդելու որևէ միջոց, մեթոդ, բացի հասարակական ճնշումը, ես այս պահին չեմ կարողանում գտնել»,- հավելեց թուրքագետը:
Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ