Aravot.аm-ը ԿԳ նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանից հետաքրքրվեց՝ արդյոք արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական հաստատություններում ներգրավվա՞ծ են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ:
«Օրինակ, Կապանում եւ Փարաքարում ունենք հատուկ կրթահամալիրներ, որոնք ե’ւ դպրոցներ են, ե’ւ այդտեղ նախնական մասնագիտական, արհեստագործական ծրագրեր են իրականացվում: Այդ հաստատություններում ընդգրկված են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, ընդհուպ կան նաեւ մտավոր խնդիր ունեցող երեխաներ: Նման հաստատություններում մասնագիտություններն ավելի թեթեւ են՝ սպասարկման ոլորտ, խոհարարություն, ներկարարություն եւ այլն:
Փարաքարի կրթահամալիրը Հայ Օգնության Ֆոնդի աջակցությամբ վերանորոգվել է, եւ մոտ ժամանակներս բացումը կկայանա, ե՛ւ շենքն է լավը, ե՛ւ նյութատեխնիկական բազան: Նաեւ գորգագործություն մասնագիտությունն ենք ուզում ընդլայնել: «Մեգերյան կարպետի» հետ ենք աշխատում, որ երեխաները կարողանան ինտեգրվել, եւ գորգագործություն մասնագիտություն սովորեն»,- նշեց վարչության պետը:
Ինչ վերաբերում է Կապանի կրթահամալիրին, Արտակ Աղբալյանը նշեց, որ այնտեղ ի թիվս այլ մասնագիտությունների, նաեւ ներկարարություն են սովորեցնում, այսինքն՝ դժվարություն չպահանջող մասնագիտություններ։
«Երեւանում, Վանաձորում էլ ունենք հաստատություններ, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխաներ են սովորում, եւ մեր ընդունելության կարգի համաձայն՝ հաշմանդամություն ունեցող երեխաները մրցույթից դուրս են ընդունվում:
Օրինակ՝ Երեւանի զարդարվեստի ուսումնարանում կան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, որոնք ոսկերչություն են սովորում։ Շատ կարեւոր է, թե ինչ աստիճանի է հաշմանդամությունը, որովհետեւ ոսկերչություն, խոհարարություն սովորում են, բայց, օրինակ, տրակտորիստի մասնագիտություն երեխաները, հասկանալի պատճառներով, չեն սովորի: ՏՏ ոլորտում սովորողներ էլ ունենք: Ներառականությունը արհեստագործական միջին մասնագիտական կրթական հաստատություններում առկա է, բայց շատ ավելի քիչ է, քան դպրոցներում»,-հայտնեց մեր զրուցակիցը:
Արտակ Աղբալյանն ընդգծեց. «Դպրոցում, երբ հաշմանդամություն ունեցող երեխայի համար ներառականություն է ապահովվում, այնտեղ ուսուցչի օգնականի հաստիք կա, լոգոպեդ եւ հոգեբան, իսկ ուսումնարանում եւ քոլեջում այդ հաստիքները չկան։ Երեխան ներառվում է ընդհանուր խմբի հետ, դիցուք ոսկերչություն են սովորում, բայց ինքը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունի, մինչդեռ բացակայում են ուսուցչի օգնականը, հոգեբանը: Բայց չէ՞ որ այդ երեխաները ավագ դպրոցի երեխաներ են:
Չնայած սրան, մենք միշտ փորձում ենք բոլոր երեխաների համար ապահովել մատչելի կրթություն եւ համապատասխան պայմաններ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ yerevan.today-ի