Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վատ երազ՝ հեղափոխության թեմայով (աբորիգենի աբսուրդ հուշերից)

Մարտ 02,2019 18:29

1944  թվականին, երբ Գերմանիայի ֆիզիկոսները աշխատում էին ատոմային գերիշխանության հասնելու ուղղությամբ, Աբորիգենների պետությունը հորինում էր նոր մի զենք, որի օգնությամբ հնարավոր կլիներ ցերեկվա լույսը անջատել:

Չե՞ք հավատում:

Անկեղծ ասած, ես էլ չէի հավատում, բայց հետո եկան հովհարային անջատման տարիներ, և հաստատվեցին ամենավատ կասկածներն առ այն, որ մեզ՝ աբորիգեն կոչվածներիս, քնացնում են երբ ցանկանան և արթնացնում են կամոքն պալատական հիմարի և կամոքն նախախնամության:

Ի դեպ, հավատացյալ հոտը չէր արթնանում բնավ:

Ավ ահա՛, եկան օրեր, երբ մենք բոլորս նույն երազն էինք տեսնում ցերեկվա խավարում և մեզ թվում էր, թե ելել-կանգնել ենք ազգովի, և երկրում հեղափոխություն ենք իրականացրել: Ոմանք, սակայն, խիստ կասկածներ ունեին փաստավավերագրական («Երևան» ստուդիա) այս երազների հանդեպ: Սակայն սրա ժամանակը չէր, քանզի չկար մտածելու ժամանակը, քանզի աբորիգեն իմ եղբայրները, այս էլ քանի՜-քանի՜ տարիներ, կա՛մ քնած են, կա՛մ էլ գոյատևում են սևագործ չարչարանքով, որպեսզի մի փոր հաց և զուգարանի թուղթ ունենան:

– Հապա մե՛զ նայեք… Չէ՞ որ սևացել ենք զօր ու գիշեր չարչարվելուց, և հիմա երկրում հստակ բաժանվել են սև ու սպիտակ մարդիկ: Սպիտակներն անջատում են ցերեկվա լույսը, իսկ սևերը անհոգ խռմփացնում են, որպեսզի հետո հանկարծ արթնանան ու աշխատեն՝ հանկարծ աշխատավարձ ստանալու հույսով:

– Բայց ասացեք, խնդրեմ, սիրելի բարեկամ, երկրում հեղափոխություն եղե՞լ է:

– Վատ երազ ես տեսել, հարգելիս, չլինի՞ քնած ես մնացել այնժամ, երբ մի մարդու պես կանգնել էինք, և արցունքներ կային մեր աչքերում, և մեր սրտերն էին ալեկոծ,  քանզի մեզ արթնացնում են ազգային օրհներգով՝ ամեն անգամ, երբ գալիս է ցերեկվա լույսը միացնելու ժամը երանելի:

– Երանելի ի՞նչը:

– Երանելի այն ժամը, հարգելի հաստագլուխ, երբ մենք ազգովի ոտքի ենք կանգնում, որպեսզի ազգային օրհներգով նշանավորենք մեր հեղափոխական զարթոնքը համայնական, բայց, գրողը տանի, ո՞ր սատանան է տարբեր մեղեդիներ հնչեցնում: Չէ՞ որ մեզանից յուրաքանչյուրը լսում է բառեր, որոնք ուրիշները չեն լսել ի ծնե՝ երբեք, և մեզանից յուրաքանչյուրը քթի տակ դնդնում է մեղեդիներ, որոնցից մյուսների սիրտը սկսում է խառնել:

Ընդսմին, եթե պատերի տակ փսխող քաղաքացիներ տեսնեք այսուայնտեղ, մի զարմացեք, քանզի այսօր թարս ոտքի վրա են արթնացել ու հաստա՛տ չեն լսել այն օրհներգը, որն այսօրվա համար էր նախատեսված՝ ի վերուստ:

-Կամոքն Աստծո՞:

– Ո՛չ, կասկածամիտ իմ բարեկամ, կամոքն պալատական հիմարի և կամոքն նախախնամության:

Եվ ի՞նչ:

Դուք չգիտեք իհարկե, բայց որոշ փաստեր են սպրդել գաղտնալսման շնորհիվ, և այստեղ առաջնային կարևորություն ունի աբորիգենների վարչապետի խիստ գաղտնի հրամանը, որն ահա հրապարակում եմ ի լուր ամենքի:

«ՀՐԱՄԱ՛Ն: Ելնելով առ այն, որ սևերի մեջ դեռ մնացել են սպիտակ մաշկով աբորիգեններ, քանզի մաքուր են գենով, կենցաղով ու բարոյապես, հրամայո՛ւմ եմ…. Բավարար քանակությամբ սև ներկ ներմուծեք Թուրքիայի եվրոպական հատվածից, և թող ազգային Անվտանգության ծառայողները հայտնաբերեն սպիտակ մարդկանց՝ սևերի մեջ՝ ցերեկվա լույսն անջատելուց հետո, և թող սևացնեն նրանց սև ներկով՝ այն ժամանակահատվածում, երբ քնած են ակամա ու չեն կասկածում բնավ, որ երկնքում արև կա, իսկ աշխարհում՝ կյանք»:

– Լսեք, ես երեկ սպիտակ էի, ազնիվ խոսք: Ահա անձնագիրս ու լուսանկարների ալբոմս գողացել են, երբ քնած էի, որպեսզի ապացույց չունենամ:

– Ի՛նչ ես հիմար -հիմար դուրս տալիս, ա՛ յ քաղաքացի, հո Մայքլ Ջեքսոնը չե՞ս, թեև նրա մոտ հակառակ պրոցեսն էր, սևից դեպի սպիտակը գնաց: Եվ վատ վերջացրեց մարդը:

– Ուրեմն չեք հավատում, հա՞… Հիմա ես ի՞նչ անեմ… Հիմա ես ո՞նց սպիտակեմ: Թո՜ւյն տվեք հուսահատիս:

Ահա այս պարագայում, երբ դժգոհության շշուկներ էին տարածվում բնականաբար, մեզանում մշակութային զարթոնք նկատվեց: Ըստ նոր կանոնադրության՝ յուրաքանչյուր քաղաքացի կարող է մշակութային մեկ ցանկություն ունենալ մեկ ամսվա ընթացքում, իսկ Նախարարության աշխատակիցներն ամեն կերպ պիտի ընդառաջեն՝ քաղաքացու ցանկությունը հնարավորինս լիարժեք բավարարելով:

Օրինակ՝ եթե ֆիզկուլտուրայի դասատուն ցանկանում էր տեսնել, թե արդյոք չկա՞ն վազող մարմնամարզիկներ Մարտիրոս Սարյանի կտավներում, թանգարանի աշխատակիցներն անմիջապես բերում էին սույն հեղինակի ժառանգությունն ու ցուցադրում էին միջնակարգ դպրոցի դասարաններում, որտեղ սոված-լոզոտ աշակերտներ էին պատահում տեղ-տեղ, իսկ նրանց լոզերը հանկարծ կաթում էին այն կտավների վրա, որտեղ ուտելիք կար պատկերված:

Չեմ կարող չասել, որ ցերեկվա լույսն անջատում էին կանոնավոր հաճախականությամբ, և մենք բոլորս քնում էինք ամենատարբեր տեղերում և ամենատարբեր դիրքերով: Բանվորն՝ իր հաստոցի մոտ, խարտոցը ձեռքին, թոշակառուն՝ պանրի առաջ աղոթք ասելիս, կոյուղի մաքրողը՝ հեղափոխական մտքերի մեջ, իսկ նորապսակները… Դե՜, հասկանալի է:

Սակայն պատահում էր նաև այսպես: Ոմանք չէին արթնանում այլևս, իսկ ոմանք էլ արթնանում էին բոլորովին այլ կարգավիճակով: Եթե գրիչով բոմժեր տեսնեք այսուայնտեղ, իմացեք, որ նրանք բոլորը լրագրողներ էին վերջին անջատումից առաջ, իսկ եթե փողոցներում պառկած աբորիգեններ հանդիպեն, իմացեք, որ մեզանում նոր խավ է ձևավորվել, և հիմա նրանք կոչվում են՝ մտավոր բոմժեր:

– Ստո՛ւմ եք, հարբեցողներ են ու՝ վերջ,- կոկորդ էին պատռում տկլոր կանայք:

– Ովքե՞ր:

Այ այստե՛ղ կարծես ավելորդ բան ասացի, չէ՞:

 

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031