Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ՝ Փաշինյանն արդեն ամեն ինչ համաձայնեցրել է ՌԴ-ի հետ՝ իրանական գազը ՀՀ-ով տարանցելու հարցում». իրանագետ

Մարտ 02,2019 15:59

«Կարեւոր է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ՀՀ-ն ցանկանում է միջնորդի դեր ստանձնել Իրան-ԵՏՄ հարաբերություններում: Դեռեւս մեկ տարի առաջ կնքվեց Իրան-ԵՏՄ ազատ առեւտրի համաձայնագիրը, որը վավերացման փուլում է: Սա, ՀՀ իշխանությունների կարծիքով, կմեծացնի երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները»,-«Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ»-ում այսօր Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցի մասին քննարկման ժամանակ հայտարարեց իրանագետ Արմեն Վարդանյանը:

Նա փաստեց, որ Իրանը վարում է սեփական արտադրանքը պաշտպանելու քաղաքականություն, այդ պատճառով բարձր մաքսատուրքեր է սահմանում դրսից ներկրվող, այդ թվում՝ հայաստանյան ապրանքների վրա. «Այս համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, երբ ԵՏՄ բոլոր երկրները վավերացնեն այն, շատ ապրանքներ գրեթե զրոյական մաքսատուրք կունենան: Սա նշանակում է, որ ՀՀ-ն եւս որոշակի հնարավորություններ կստանա դեպի Իրան արտահանումն ավելացնելու համար»:

Փորձագետը նշանակալի համարեց նաեւ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ՀՀ-ն կարող է տարանցիկ երկիր լինել իրանական գազի համար. «Եթե հաջողվի այդ ծրագիրն իրականացնել, կհասնենք նրան, որ Վրաստանում կթուլանան ադրբեջանական «Սոկար» ընկերության տնտեսական եւ քաղաքական դիրքերը: Ամեն ինչ չէ, որ մեզանից է կախված: Դեռ պարզ չէ՝ Իրանն ու Վրաստանը գազի գնի շուրջ կգա՞ն համաձայնության: Ռուսաստանի գործոնն էլ չմոռանանք: Այդ երկրին են պատկանում ՀՀ գազային ենթակառուցվածքները: Կարծում եմ՝ Փաշինյանն արդեն ամեն ինչ համաձայնեցրել է Ռուսաստանի հետ, եւ վերջինս դեմ չի լինի, որպեսզի իրեն պատկանող գազամուղով ՀՀ-ն դեպի Վրաստան իրանական գազ արտահանի: Սրանում նաեւ Ռուսաստանը տնտեսական շահ կունենա»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031