Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանցի մի խումբ ազերիների ջղագրգիռ արձագանքը ՀՀ վարչապետի՝ Իրան կատարած այցի և «Արարատ»-ում ունեցած ելույթի կապակցությամբ. նրանք վառել են Հայաստանի դրոշը

Մարտ 02,2019 15:48

Իրանցի մի խումբ ատրպատականցիներ փորձում են ստվերել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԻԻՀ կատարած այցելության հաջողությունը և դրական արձագանքները: Թելեգրամ սոցցանցում եղած «Ազերբայջանի առավոտյան լուրեր- tarjomansobh_ir» կայքի հաղորդած լուրի համաձայն՝ Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Մասուդ Փեզեշքյանն իր երկրի ներքին և արտաքին գործերի նախարարություններից բացատրություն է պահանջել ՀՀ վարչապետի՝ Թեհրանի հայերի հետ ունեցած հանդիպման և «Ղարաբաղը զավթելու» կարգախոս հնչեցնելու կապակցությամբ: Ակնարկը վերաբերում է հատկապես Թեհրանի «Արարատ» մարզավանի մեծ հավաքին, որի բեմի վրա խոշոր տառերով երևում է «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսը:

Փոխխոսնակը հայտնում է, որ իրանահայերը հնուց ի վեր եղել են Իրանի քաղաքացիներ և «օտար մի երկրի վարչապետի միտինգը մեր հայրենակիցների ներկայությամբ և բռնազավթում քարոզող կոչերը հարցեր են առաջացնում»: Նա շեշտել է, որ երկրի առաջնորդը «Ղարաբաղը համարում է իսլամի տարածք», ԻԻՀ-ն դեմ է որևէ երկրի տարածքների զավթման, ԻԻՀ-ի արտաքին քաղաքականությունը տարածաշրջանի մի շարք երկրների հանդեպ «չի համապատասխանում իրականության և ժողովրդի ցանկություններին» և «չի կարելի մի երկրի հետ հարաբերությունների ամրապնդման պատրվակով ոտնահարել ազգային շահերը և մեկ կողմին սիրաշահելու համար սրտնեղել մյուս կողմերին»:

Թավրիզ քաղաքի այս պատգամավորը հայտնի է իր պանթուրքիստական գաղափարներով, բացահայտ  կերպով համաադրբեջանական շահերին է սպասարկում և մասամբ հենց նրա ու այդ կայքի գրգռությամբ Թավրիզի ֆուտբոլային «Տրակտորսազի» ակումբի ֆանատները երեկ՝ մարտի 1-ին, Թավրիզում կայացած համերկրային հերթական մրցույթի ընթացքում վառեցին Հայաստանի դրոշը և անգլերեն լեզվով հետևյալ պաստառը պարզեցին. «Karabahk is the land of Azerbaijan» (Ղարաբաղը ադրբեջանական տարածք է):

Ատրպատականցի պատգամավորը, Նիկոլ Փաշինյանի հանդիպումը սփյուռքահայերի հետ «միտինգ» անվանելով, փորձում է զուգահեռ գծել Գերմանիայի և Նիդերլանդների կառավարությունների վերապահության, որոնք դրսևորեցին Թուրքիայի նախագահի՝ թուրքական սփյուռքի մոտ ունենալիք ընտրական ելույթների կապակցությամբ և ձգտում է սահմանափակել ՀՀ պաշտոնյաների և իրանահայերի հանդիպման հնարավորությունը:

Իրանի իսլամական իշխանություններն Արցախի հարցով տարիներ շարունակ վարում են նուրբ և հավասարակշռված քաղաքականություն: Նրանք թե՛ արտաքին և թե՛ ներքին ճակատներում փորձում են բավարարել իրենց հյուսիսային երկու բարեկամական հարևանների ակնկալիքները, արդարացնել ԻԻՀ քաղաքացի հայերի սպասելիքները, որոշ արտոնություններ տալ Ատրպատական նահանգի միլիոնավոր բնակիչներին և միաժամանակ զսպել նրանց ծայրահեղական նկրտումները: Իրանը ՀՀ վարչապետին բարձր մակարդակով ընդունելուն զուգահեռ, նույն օրերին Թեհրանի պատկերասրահներից մեկին արտոնեց, որպեսզի Ադրբեջանի դեսպանության օգնությամբ Խոջալուի դեպքերի թեմայով ցուցահանդես կազմակերպեն:

https://www.facebook.com/adrinehg/videos/2800158176675920/

Տասնյակ իսլամական շարժումներ հովանավորող երկրի առաջնորդը ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում ակնարկելով Արցախի հարցին, բարեկամաբար և նրբանկատորեն հորդորեց. «Ղարաբաղի հարցը լուծելու համար Հայաստանը և Ադրբեջանը շարունակեն բանակցել»:

Այս դիվանագիտական, հավասարակշռված և մեղմ հորդորն ավելի քան զայրացրել է պանթուրքիստական հովերով տարված մի խումբ իրանցիների, որոնք ջղագրգիռ հակազդեցության են դիմում:

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031