Լրահոս
Օրվա լրահոսը

Չկա որևէ անհատ, որը կկարողանա խոսել Կալիֆորնիայի հայ համայնքի անունից․ Մխիթար Հայրապետյան

Մարտ 02,2019 15:23

Վերջին երկու օրերի ընթացքում սոցիալական ցանցերում անընդհատ շրջանառվող լուրը, ինչպես նաև այդ կապակցությամբ տարբեր անհատներից հնչած տարակուսանքն ինձ ստիպեցին անդրադառնալ սույն խնդրին:

«Քաղաքացիական հարթակ» անունով ֆեյսբուքյան էջը, ի դեպ, որի «պատկանելության» մասին ամբողջական պատկերացում կարող եք կազմել, ընդամենը մի քանի վայրկյանով այցելելով այդ էջը, փետրվարի 28-ին հետևյալ վերտառությամբ գրառում է արել.

«Կեցցե՛, Կալիֆորնիայի հայ համայնքը։ Այս հոդվածը տպագրվել է “California Courier” հեղինակավոր թերթում, որում մասնավորապես նշվում է Հայաստանում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի մասին, որի հանգուցալուծումը տեսնում են միայն ապօրինի կալանավորված նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատմամբ և կոչ են անում անհապաղ ազատ արձակել նրան»:

Ուղիղ մեկ ժամ անց մի խումբ լրատվական կայքեր, մեկը մյուսին հերթ չտալով, ճիշտ նույն վերնագրով, այն է՝ «Կալիֆորնիայի հայ համայնքը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին», ու ճիշտ նույն բովանդակությամբ սկսեցին տարածել սենսացիոն լուրը:

Քիչ առաջ զանգահարեցի The California Courier թերթի հիմնադիր Հարութ Սասունյանին՝ հասկանալու համար՝ արդյոք նման հոդված տպվել է, թե ոչ: Վերջինս ինձ հայտնեց, որ թերթի փիլիսոփայությունն է պահանջում հարթակ տրամադրել բոլորին, քանի որ իրենք կարևորում են խոսքի ազատությունն ու բազմակարծությունը: Ինքը Սասունյանը նշեց, որ The California Courier-ում անգամ իրեն քննադատող հոդվածներ կարելի է գտնել: Սակայն, միևնույն ժամանակ, նա հավաստիացրեց, որ հրապարակումը չի արտահայտում ո՛չ Կալիֆորնիայի հայերի, ո՛չ էլ իր տեսակետը, ընդ որում, հոդվածագիրը նույնիսկ չի էլ բնակվում ամերիկյան այդ նահանգում:

Հոդվածում ոչ միայն խոսք չկա առ այն, որ վերոնշյալ հայտարարությունն արվում է Կալիֆորնիայի հայ համայնքի անունից, այլև հոդվածի ամենաստորին հատվածում անգլերենով գրված է՝ Sponsored by a Concerned Diaspora Armenian, որը թարգմանաբար նշանակում է «Մի մտահոգ սփյուռքահայի հովանավորությամբ» (իմա՝ հոդվածը տպագրվել է գովազդային հիմունքներով՝ մեկ մարդու կողմից):

Հետևաբար, հայտնի հոսանքներին հարող կամ ուղղակիորեն պատկանող լրատվամիջոցները խեղաթյուրել են կատարվածը՝ էժանագին մանիպուլյացիայի դիմելով: Այս արկածախնդիրներին ստիպված եմ ասել՝ ձեռքերդ հեռու Սփյուռքից։

Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ կարևոր եմ համարում ընդգծել, որ չկա որևէ անհատ, որը կկարողանա խոսել Կալիֆորնիայի հայ համայնքի անունից, ավելին՝ այսօր չկա մի այնպիսի կազմակերպություն, որն ամբողջ Կալիֆորնիայի հայ համայնքի անունից խոսելու մանդատ ունի:

 

Մխիթար ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ԱԺ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ՍՓՅՈՒՌՔԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031