Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում այսօր տեղի է ունեցել Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության նախագահ Անդերս Պաստրանայի և Եվրոպայի ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպես-Իստուրիցի գլխավորությամբ ՀՀ-ում գտնվող պատվիրակության հետ հանդիպում, որին մասնակցել է նաև կառույցի քարտուղար Սեզար Ռոսելլոն:
Հանդիպումը կայացել է Դեմոկրատների Միջազգային Միության նախագահի տարածաշրջանային այցի շրջանակներում:
Ողջունելով հյուրերին կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը բարձր է գնահատել Դեմոկրատների Միջազգային Միության համաշխարհային քաղաքական ընտանիքի հետ համագործակցությունը և ՀՀԿ պատրաստակամությունը հայտնել առավել ներգրավված լինել կազմակերպության գործունեության մեջ:
Հյուրերի խնդրանքով Արմեն Աշոտյանն անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային խնդիրներին, ներկայացրել ՀՀԿ դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ:
Նախագահ Պաստրանան ընդգծել է, որ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը պատրաստակամ է աջակցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը նաև ապագայում՝ ընդլայնելով շփումները բոլոր մակարդակներում՝ քաղաքական, փորձագիտական և այլն:
Արմեն Աշոտյանը խիստ կարևորել է ՀՀԿ անդամակցությունը Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը, ընդգծել, որ Հանրապետականը մշտապես զգացել է ԵԺԿ սատարումը, հատկապես այսօր, երբ կուսակցությունը անցնում է իր պատմության հերթական շրջանը:
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը հյուրերին ներկայացրել է կուսակցության բարեփոխումների և արդիականացման ծրագիրը:
Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ 21-րդ դարում ավանդական կուսակցությունները պետք է կարողանան մշտական արդիականացման գործընթացում լինել, որպեսզի պայքարեն գլոբալ պոպուլիզմի լոկալ դրսևորումների դեմ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ