Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Խաչատրյան․ «ՃՈ խնդիրները որեւէ կապ չունեն էդ տնտեսվարող սուբյեկտի ներքին խնդիրների հետ»․ «Հրապարակ»

Մարտ 02,2019 12:48

Երեկ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ ծանր հանցագործությունների քննության վարչությունում առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, եւ «Սեքյուրիթի դրիմ» ՍՊ տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանության կողմից ամսական ստացված 70 միլիոն ՀՀ դրամից 43 միլիոնը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից: Ըստ ցուցմունքի՝ 70 միլիոն դրամից փաստացի ծախսվել է 27 միլիոնը, իսկ 43 միլիոն դրամը յուրացվել է ՍՊ ընկերության հիմնադիրների կողմից:

Սրանով, փաստացի, հաստատվում են այն «օդում կախված լուրերը», որ արագաչափերի «նկարած» տուգանքներից գանձված գումարների մի մասը յուրացվում է անհատների կողմից։ Հիշեցնենք, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ այդ գումարները գնում են Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի գրպանը։ Թեմայի շուրջ զրուցել ենք ՃՈ պետի նախկին տեղակալ, այժմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ։

– Պարոն Խաչատրյան, Դուք այդ յուրացումների վերաբերյալ երբեւէ որեւէ կասկած ունեցե՞լ եք։

– Դե, իրենք սեփական հիմնարկ են, եւ եթե կասկած կա, որ նման բան են արել տնտեսվարողները, ուրեմն դա պետք է համապատասխան ընթացք ստանա։

– Ովքե՞ր են «Սեքյուրիթի դրիմի» հիմնադիրները։

– Հիմնադիրները Ալեքսանդր Զաքարյանը եւ Գուրգեն Զաքարյանն են։

– Երբ Դուք աշխատում էիք ՃՈ-ում, վստա՞հ էիք, որ արագաչափերի գրանցած տուգանքներն ամբողջությամբ, որքան որ նախատեսված էր, փոխանցվում էին Ճանապարհային ոստիկանության հաշվին։

– Այդ բանկային հաշվեհամարը, որ կա, որով մարդիկ տուգանք են մուծում, դա Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշիվն է հենց։

– Իսկ ի՞նչ հարաբերակցությամբ էին այդ գումարները բաշխվում, վճարած տուգանքի ո՞ր մասն էր գնում ՃՈ-ին, որ մասը՝ «Սեքյուրիթի դրիմին»։

– Տարբեր է եղել, սկզբից որ դրել էին, որքան հիշում եմ՝ 70/30 էր, 70 տոկոսը գնում էր էդ կազմակերպությանը, 30-ը՝ ՃՈ-ին։ Կարճ ժամանակ հետո դարձավ 50/50, հետո փոխվեց՝ դարձավ ըստ ծառայությունների, հիմա չեմ կարող ասել՝ ինչ հարաբերակցություն է։

– Ամեն դեպքում, Դուք տեղյակ եղե՞լ եք, որ այդտեղ ինչ-որ բան այն չէ, գումարներն արդյունավետ չեն բաշխվում։

– Ընդհանրապես, ՃՈ խնդիրները որեւէ կապ չունեն էդ տնտեսվարող սուբյեկտի ներքին խնդիրների հետ, մենք իրենց ներքին խոհանոցից տեղյակ չենք եղել՝ ոնց են իրենք կառավարում, դա սեփական հիմնարկ է, իրենք են որոշում իրենց կառավարման ձեւը։

– Ամբողջ հարցն այն է, որ պետության մասնաբաժնով ներդրված արագաչափերի միջոցով գանձված տուգանքները, ըստ նախնական ցուցմունքի, փաստացի մսխվել են ինչ-որ անձանց կողմից։

– Ես չգիտեմ, տեղյակ չեմ, իրականում տեղյակ չեմ այդ հայտարարությանը, կնայեմ, կուսումնասիրեմ, իմ կարծիքը կասեմ։

– Դուք վերջերս հայտարարել էիք, որ Սաշիկ Սարգսյանի հետ այս ամենը կապ չունի։

– Ես ասել եմ, որ արագաչափերը՝ որպես գույք, պետական սեփականություն են, այնպես, ինչպես ՃՈ տրանսպորտային միջոցներն ու ամբողջ գույքը։ Այլ բան չեմ հայտարարել։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031