Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական գազի ծավալների կրճատումն այսօրվա դրությամբ հնարավոր չէ․ «Փաստ»

Մարտ 02,2019 12:38

Այսօրվա դրությամբ դեպի Հայաստան մատակարարվող պարսկական գազի ծավալի ավելացումն իրականում անհնարին է, քանի որ Հայաստանը Ռուսաստանի հետ դեռևս 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ռուսական գազի օգտագործման երկարատև պայմանագիր է կնքել: Այդ պայմանագրի համաձայն, հայկական կողմը պարտավորություն է ստանձնել ներքին կարիքների բավարարման համար տարեկան մոտ 2 միլիարդ խորանարդ մետր գազ սպառել: Ըստ պայմանագրերի, այդ ծավալների կտրուկ փոփոխությունն անիրագործելի է: Կարճ ասած, մենք մեր ձեռքով այնպիսի փակուղային իրավիճակներ ենք առաջացրել, որ դրանցից դուրս գալու համար հարկավոր է բավականին լուրջ ու գրագետ աշխատանք իրականացնել:

Իրականում 2 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազի ներքին սպառման պարագայում այլ երկրից գազի մատակարարման ծավալների ավելացումը նշանակում է, որ ռուսական գազի ծավալները պետք է կրճատվեն, ինչը, փաստորեն, այսօրվա դրությամբ հնարավոր չէ, «Փաստ» օրաթերթի հետ զրույցում ասաց էներգետիկ փորձագետ Էմիլ Սահակյանը:

«Եթե հաջողվի այս հարցը կարգավորել, ապա այն բավականին լուրջ դիվանագիտական և քաղաքական քայլ կլինի Հայաստանի կողմից: Պետք է հաշվի առնել նաև, որ դեպի Հայաստան իրանական գազի ծավալների ավելացում հնարավոր կլինի միայն 2020 թվականին, երբ գործարկվի «Ռենկո» ընկերության կողմից կառուցվող էներգաբլոկը:

Այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի իրանական գազի ծավալներն ավելացնել տարեկան մոտավորապես 400 միլիոն խորհանարդ մետրով, սակայն 1 կամ 1,5 միլիարդ խորանարդ մետրի մասին խոսել ներկայումս անիրատեսական է»,- ասաց Էմիլ Սահակյանը:

Ինչ վերաբերում է գազի տարանցմանը, ապա դրա նախաձեռնողն, ըստ փորձագետի, պետք է լինի Վրաստանը, քանի որ վերջերս Ադրբեջանի կողմից Վրաստան մատակարարվող գազի սակագինը զգալիորեն ավելացել է, ինչը վրացական կողմի մոտ դժգոհություն է առաջացրել: Ու եթե վրացական կողմը իրանական կողմի հետ կարողանա իր համար հարմար գնով գազ ստանալու պայմանագիր ստորագրել, այդ ժամանակ Հայաստանի տարածքով գազի տարանցումը տեսականորեն կարող է շահեկան լինել բոլոր կողմերի համար:

«Սակայն այս դեպքում առանց նոր գազամուղ կառուցելու հնարավոր չի լինի Իրանից գազը հասցնել Վրաստան: Խոսքը մոտավորապես 50 կմ գազատար կառուցելու մասին է: Կա նաև մեկ այլ տարբերակ, որ հայկական կողմը Ռուսաստանից ստացվող գազը հետադարձ հոսքով փորձի ուղարկել Վրաստան, իսկ իրանական գազը տեղում օգտագործի: Սա ևս մոտ ապագայում գրեթե անհնարին կլինի իրականացնել, քանի որ ռուսական գազի ծավալներն, ըստ պայմանագրերի, նախատեսված են միայն ներքին սպառման համար»,- ասաց Էմիլ Սահակյանը:

 

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031