«Փաստ»-ի հյուրը դերասան Արթուր Հակոբյանն է, ում հետ զրուցել ենք մշակույթին առնչվող մի շարք թեմաների, ինչպես նաև ոլորտին անհրաժեշտ քաղաքականության մասին:
Այդ որոշումն անպայման պետք է օգուտ բերի
Մեզ հետ զրույցն Արթուր Հակոբյանը սկսում է կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծից: Ընդգծում է՝ թեև երբեք նման հարցերն իրեն չեն հետաքրքրել, բայց այս դեպքում խնդիր է տեսնում: «Իմ կարծիքով, ավելի լավ է մշակույթի նախարարությունն ու ԿԳՆ-ն մեկ նախարարության մեջ մտնեն, քան մշակույթն ու սպորտը՝ ԿԳՆ-ի հետ մեկ նախարարության մեջ: Ես, իհարկե, սպորտին դեմ չեմ, բայց մշակույթն ու սպորտը տարբեր բևեռներ են, իսկ մշակույթն ու կրթությունը, բնականաբար, իրար հետ սերտ կապված են»,-ասաց նա:
Շարունակելով նախարարությունների միավորման թեման ու խոսելով աշխատողների հնարավոր օպտիմալացման մասին՝ դերասանը շեշտեց. «Առհասարակ, եթե ինչ-որ որոշում ժողովրդին ինչ-որ մի բանով պետք է օգուտ բերի, այն կարելի է իրագործել: Բայց այդ որոշումն անպայման պետք է օգուտ բերի: Այդ առումով կարծում եմ, որ նախ պետք է մտածես, թե մարդը ոնց պետք է ապրի, հետո նոր մտածես մշակույթն ու կրթությունը իրար միացնելու մասին, թատրոն բացել-փակելու կամ չգիտեմ ինչ անելու մասին: Իհարկե, պետական ապարատը ծանրաբեռնված է, բայց նախ պետք է մտածել մարդու ապրելու մասին, որ հացին կարոտ չմնա, չթողնի երկիրն ու գնա: Միայն դրանից հետո կարող ես մտածել՝ ինչ անես, որ տարբերակն է ավելի ցիվիլ և վերցված աշխարհի օրինակից»:
Ազգային դեմքը կկորի…
Իսկ թատրոնների հնարավոր լուծարման ու միավորումների վերաբերյալ տեղեկատվությանն Արթուր Հակոբյանն այսպես է արձագանքում. «Թող կրճատեն հյուրանոցները, սնկի պես աճող ռեստորանները և ոչ թե փակեն թատրոնները: Թատրոն չի կարելի փակել: Չի կարելի ձեռք տալ այն հիմնարկին, որտեղ մարդը կրթվում ու դաստիարակվում է: Ուրիշ բան, որ 2-5 հոգանոց կոլեկտիվով մի քանի փոքր թատրոններ միացնեն իրար, նրանց տրամադրեն մեկ դահլիճ փորձերի և ներկայացումների համար»:
Արթուր Հակոբյանը շեշտեց, որ անընդունելի է նաև այն, որ ոլորտի ներկայացուցիչներն այդ ամենի մասին լրատվամիջոցներից են իմանում. «Մի քիչ ավելի կիրթ ձևեր կան: Եթե նախարարության ներկայացուցիչները չեն գնացել նրանց մոտ, ապա գոնե կարող էին կանչել նախարարություն, ասել, որ նման մտադրություն ունեն, և ոչ թե տնօրենը կամ գեղարվեստական ղեկավարը միացնի հեռուստացույցն ու մեկ էլ իմանա, որ իր թատրոնը լուծարման եզրին է: Այս ձևը քաղաքակիրթ չէ: Պետք է նախ մարդուն տեղյակ պահես, հետո նոր անակնկալի բերես: Իսկ առհասարակ, թատրոն մի փակե՛ք, ազգային դեմքը կկորի, մեղք ենք»:
Պետք է երկար մտածել
Թատրոնների մասին օրենք ունենալը դերասանն անհրաժեշտ է համարում:
«Նման օրենք հաստատ պետք է: Օրենքի կետերով կխոսեն մարդկանց հետ: Իսկ որպեսզի չասեմ՝ իրենք շատ սխալ են, էս ի՞նչ են անում, ուղղակի կասեմ, որ նախարարության այս մոտեցումը, բոլոր դեպքերում, հապճեպ է: Նման մոտեցում որդեգրելուց առաջ երկար ժամանակ պետք է մտածել: Թատրոն բացելու համար մարդկանցից ավելի քան 5-10 տարի պահանջվեց, իսկ 10 րոպեում թատրոնը լուծարելն ինձ համար անհասկանալի է: Օրինակ, Երգի պետական թատրոնն իր տեսակով միակն է: Կիրթ երաժիշտներ են այնտեղից դուրս եկել, լուծարելու որոշում էին կայացրել, որ ի՞նչ անեին: Տեղը ի՞նչ ենք ստեղծելու, ես դա եմ ուզում հասկանալ: Ընդհանրապես դեմ եմ որևէ մշակութային օջախի փակմանը: Փակեցինք: Հետո՞: Տեղն ի՞նչ ենք ստեղծում: Ախր տեղը բաց է մնում: Դա ասեք, հետո նոր փակեք»,-նշեց նա:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում