Հայտնի դերասան եւ բեմադրիչ Աշոտ Ադամյանը հավատում է, որ Մարտի 1-ի ողբերգության մեղավորները պետք է բացահայտվեն ու կրեն իրենց արժանի պատիժը: Արյունահեղության նախորդ օրերին նա էլ շատերի նման եղել է Ազատության հրապարակում, նա էլ մշտապես ակտիվորեն պայքարել է քաղաքացիական իրավունքների, ազատությունների ու արդարության համար:
«Շատերս հերթապահում էինք Ազատության հրապարակում եւ տուն գրեթե չէինք գնում։ Գործ շատ կար՝ կարգ ու կանոնի պահպանում, սադրիչների մեկուսացում եւ այլ ինքնակազմակերպչական հարցեր… Գիտեինք, որ դեպի Երեւան ձգվում են զինվորական շարասյուներ ու հրապարակին հարող բազմաթիվ «գրպաններում» կենտրոնացված են կարմիր բերետավորներ, ոստիկաններ: Դե, սադրիչների մասին էլ չեմ ասում։ Ոչ մեկիս մտքով չէր անցնի, որ ավազակային ոհմակի հրահանգով փետրվարի վերջին օրը մեր ծառայող զավակները, եղբայրներն ու որոշ քույրեր կներքաշվեն սեփական ժողովրդի դեմ սանձազերծված «պատերազմին» (գուցե չակերտները զուր եմ դնում): Առավոտյան ժամը հինգն անց տասը րոպեին ոտքերս ծալվեցին, էլ չէին պահում: Գնացի տուն մի երկու-երեք ժամ հանգստանալու: Արթնացա զանգերի հեղեղից․ «Էդ անասունները հարձակվեցին, Մյասնիկյանի հրապարակում ենք»: Շտապ գնացի այնտեղ… »,- հիշում է Աշոտ Ադամյանը: Դրանից հետո տեղի ունեցավ ավելի սարսափելին: Հանրությունը ցնցվեց զոհերի մասին լուրից: Առնվազն տասը քաղաքացի:
– Պարոն Ադամյան, տասը տարի շարունակ գարունը շատերի համար սկսվում էր մարտի երկուսից: Այսօր արդեն նրանք արձանագրում են, որ գարունը նորից մարտի մեկին է գալու: Կարո՞ղ ենք ասել, որ քաղաքացին ու պետությունը սկսել են ապաքինվել 2008 թվականի մարտի 1-ին ստացած վերքերից:
– Հիմա մենք իսկապես բռնել ենք ապաքինման ուղին, եւ հույս կա, որ գարունն, այնուամենայնիվ, գալիս է: Ինձ համար գարունը կգա այն օրը, երբ մեղավորները կստանան իրենց արժանի պատիժը: Հավատում եմ, որ այդպես էլ կլինի:
– Մարտի մեկի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, թե ենթարկվում է քաղաքական հետապնդումների: Ինչ կասե՞ք նրան:
– Էն «քաղաքական հալածյալին» ասելիքս կարճ է՝ կերածդ չես մարսելու: Ընդհատված կյանքերի համար դատապարտվելու ես ամենայն խստությամբ։ Իսկ որ հոխորտում է, բա ի՞նչ պիտի աներ, թե՞ կարծում եք կատարսիս է ապրելու, խոստովանի իր արածն ու կերածը: Ժողովրդից գողացված փողով՝ ժողովրդի դեմ… իմիջիայլոց, մի հոդված էլ դա է։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում