Պատերազմը Սիրիայում թեւակոխել է ութերորդ տարին եւ խաղաղությունը դեռ հաստատված չէ, հակառակ այն փաստին, որ իսլամական պետության ուժերը ջախջախված են: Պատերազմող խմբերի համար 500 հազար զոհերն ու ութ միլիոն փախստականները բավականաչափ հիմքեր չեն տալիս վերջ տալու կոտորածներին ու արյունահեղությանը՝ մինչ բանակցություններ են վարվում կողմերի միջեւ խնդրի խաղաղ կարգավորման հասնելու համար:
Սիրիան հայերիս համար որեւէ երկիր չէ: Դա այն երկիրն է, որ մեկ դար առաջ ապաստան տվեց ինչպես թուրքական յաթաղանից 500 հազար մազապուրծ հայ փրկվածներին, այնպես էլ Կիլիկիայից տեղահանվածներին: Ֆրանսիացիների ամոթալի դավաճանությունը անօգնական թողեց հարյուր հազարավոր հայերի, որոնք Կիլիկիա էին վերադարձել այնտեղ Ֆրանսիայի հովանավորության տակ ինքնուրույն իշխանություն հաստատելու նպատակով: Սիրիան, հետեւաբար, այնպիսի երկիր չէ, որ մենք անտարբեր հետեւենք նրա ճակատագրին:
Հայերն այդ երկրում հաստատվեցին հիմնականում գլխավոր քաղաքներումՙ Հալեպում եւ Դամասկոսում, ինչպես նաեւ որոշ գյուղական շրջաններում, վայելեցին հարգանքն ու անվտանգությունը իրենց ինքնության եւ հավատի նկատմամբ: Նրանք բարգավաճեցին այդ երկրում շնորհիվ իրենց վարժարանների, եկեղեցիների, մշակութային եւ երիտասարդական կենտրոնների եւ համայնքը դարձավ սփյուռքյան այլ գաղութներին ուսուցիչներ, հոգեւորականներ, մտավորականներ եւ արվեստագետներ մատակարարող գլխավոր աղբյուրը:
Նախքան պատերազմը Սիրիայում ապրում էր 110 հազար հայ: Այսօր այդ թիվը կիսով չափ նվազել է: Ոմանք սկսել են վերադառնալ վերականգնելու համար իրենց բիզնեսը, եկեղեցիները եւ մշակութային կենտրոնները:
Պատերազմի ութ տարիների ընթացքում ամբողջ սփյուռքահայությունը դրամահավաք կազմակերպեց օգնություն ցուցաբերելու համար իր քույրերին ու եղբայրներին: Ամերիկահայ համայնքը առատաձեռնորեն արձագանքեց օգնության կոչերին: Հայաստանը, որ դեռեւս աղքատ երկիր է, նույնպես իր բաժին օգնությունը ցուցաբերեց չորս բեռնատար ինքնաթիռներ ուղարկելով այնտեղ: Նաեւ 22 հազար սիրիահայ փախստականների ապաստան տալով հայրենիքում՝ առանց միջազգային որեւէ կառույցից օժանդակություն ստանալու: Հայաստանում սիրիահայ շատ երիտասարդներ սկսել են անվճար հաճախել համալսարաններ, իսկ ուրիշներ՝ զբաղվել գործարարությամբ:
Ի հակադրություն Հայաստանի, Թուրքիան միլիարդավոր դոլարների արժանացավ փախստականների հարցը կարգավորելու համար, չնայած նա փախստականների հարցը օգտագործեց միայն որպես քաղաքական զենք՝ թողնելով նրանց անմարդկային պայմաններում ապրելու փախստականների ճամբարներում:
Հայերը Սիրիայում դարձան ոչ միայն պատերազմի անուղղակի զոհերը, այլեւ որոշակի թիրախը: Քեսաբի պատմական հայկական շրջանի գրավումը, ինչպես նաեւ Դեր Զորի Ցեղասպանության զոհերի հուշարձանի կործանումը Թուրքիայի անմիջական կողմնակիցների ձեռքի գործն էր:
Համայն աշխարհի հայությունը պարտական է օժանդակելու, որ իրենց ցիրուցան եղած հայրենակիցները կարողանան տուն՝ Սիրիա վերադառնալ եւ բուժել իրենց վերքերը:
Հայաստանի կառավարությունը անցյալ ամիս մարդասիրական առաքելությամբ ականազերծման եւ առողջապահության բնագավառների 83 մասնագետների ուղարկեց Սիրիա: Խմբակազմը զինված չէր, ոչ էլ մարտական նպատակներ ուներ: Այն աշխատելու է երկրի բնականոն կյանքի վերադարձած շրջաններում, ներառյալ Հալեպում, որտեղ կենտրոնացած են հայերը:
Սակայն, չգիտես ինչու այդ խաղաղարար առաքելությունը քաղաքական ֆուտբոլի վերածվեց Մ. Նահանգների եւ Հայաստանի միջեւ: Իրականում, ավելի ճիշտ կլինի ասել, Մ. Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ՝ Հայաստանին թողնելով համընդհանուր ականապատ դաշտում կատարելու իր փոքրիկ դերը:
Երբ պատերազմը թեժացավ, Մոսկվան խնդրեց իր ռազմավարական դաշնակիցներին մասնակցելու մարտական գործողություններին: Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը մերժեցին: Նախագահ Սերժ Սարգսյանը սիրիահայերին զգուշացրեց պահպանել չեզոքություն, որպեսզի կողմնապահության խնդիր չառաջանար եւ, միաժամանակ, ԻՊ-ի ահաբեկիչների թիրախը չդառնար: Բայց այժմ, երբ պատերազմը հանդարտվել է, Հայաստանի նոր կառավարությունը քաղաքական ռիսկի է դիմել, առանց հասկանալու, որ նման առաքեությունը կարող է քաղաքականացվել հակառակ իր մարդասիրական բնույթին:
Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցյալ աշնանը հանդիպեց Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդատու Ջոն Բոլթոնի հետ, այդ առաքելության հարցը քննարկվեց եւ Հայաստանը վստահեցրեց դիվանագետին, որ դա զուտ մարդասիրական բնույթ էր կրելու: Այնպես որ, ոչ մի առարկություն չէր ակնկալվում Մ. Նահանգների կողմից:
Երվանդ ԱԶԱՏՅԱՆ
ԴԵՏՐՈՅԹ, ԱՄՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում