Չնայած Նիկոլ Փաշինյանի հայտարարած թռիչքային աճին ու հեղափոխական զարգացմանը` միջազգային ֆինանսական կազմակերպություններն առաջիկա տարիներին Հայաստանում ոչ մի տնտեսական հրաշք էլ չեն ակնկալում։
Նրանց կանխատեսումներով՝ միջնաժամկետ հատվածում մեր երկրի տնտեսությունը կգտնվի չափավոր աճի տիրույթում և՝ ոչ ավելին։ Խոսքն ընդամենը 4,3-5 տոկոսի մասին է, ինչն անգամ մեծագույն ցանկության դեպքում դժվար է հեղափոխական համարել։
Նման աճի պայմաններում, անշուշտ, անիմաստ է լուրջ ակնկալիքներ ունենալ ինչպես ընդհանրապես տնտեսության, այնպես էլ՝ սոցիալական ոլորտում։ Ու որքան էլ կառավարությունը խոսի ներառական տնտեսական աճ ապահովելու իր մտադրությունների մասին, 4-5 տոկոսն այն մակարդակը չէ, որը կարող է բերել հասարակության սոցիալական վիճակի բարելավմանը։ Դրա համար անհրաժեշտ է ապահովել շատ ավելի բարձր` տարեկան առնվազն 7-7,5 տոկոս տնտեսական աճ։ Մի բան, ինչի հեռանկարները միջազգային կառույցներն այսօր Հայաստանում չեն տեսնում։ Այդպիսին են ինչպես Համաշխարհային բանկի, այնպես էլ՝ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականները։
Հիմա ո՞ւմ պետք է հավատալ՝ Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞ միջազգային հեղինակավոր կազմակերպություններին։
Իհարկե, հասարակության մի ստվար զանգված, չնայած խորացող հիսաթափությանը, այնուհանդերձ, ինչպես իշխանափոխությունից անմիջապես հետո, այնպես էլ դրանից 10 ամիս անց անսահման հավատով է լցված Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Ու վստահ է նրա անկեղծության մեջ։
Գուցե այդպես էլ կա, բայց դրանից իրականությունը չի փոխվում։ Տնտեսության զարգացումները Հայաստանում բարելավման նշաններ ցույց չեն տալիս, որքան էլ պաշտոնական վիճակագրությունն աճ է գրանցում։ Չկան այնպիսի բարեփոխումներ, որոնք կարող են շտկել իրավիճակը։ Ու որքան էլ կառավարությունը հույսը դրել է հասարակության գիտակցության վրա, դրանից տնտեսության որակը և սոցիալական իրավիճակը չի կարող լուրջ փոփոխությունների ենթարկվել։
Թերևս սա էլ ստիպում է միջազգային կազմակերպություններին զգուշանալ իրենց գնահատականներում։ Ինչքան էլ նրանք բարյացակամ տրամադրված լինեն Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ, միևնույն է՝ իրականությունից չեն կարող փախչել։
Իսկ իրականությունն այն է, որ այս տարվա համար Համաշխարհային բանկը Հայաստանում սպասում է ընդամենը 4,3 տոկոս տնտեսական աճ։ ԱՄՀ-ն փոքր-ինչ ավելի լավատես է: «Ակնկալվում է, որ 2019 թ. տնտեսական աճը մի փոքր ավելի չափավոր կդառնա` հասնելով մոտ 4,5 տոկոսի»,- ասում է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը։
Սա նշանակում է, որ փոխարենը թռիչքաձև առաջ գնալու, ինչպես ոչ վաղ անցյալում խոստանում էր Նիկոլ Փաշինյանը, սպասվում է տնտեսական աճի դանդաղում` նախորդ երկու տարիների համեմատ։
Հիշեցնենք, որ 2017 թ. Հայաստանում արձանագրվեց համախառն ներքին արդյունքի՝ 7,5, իսկ 2018 թ.` 5,2 տոկոս ավելացում։
Թվում է, թե այս հետընթացը ժամանակավոր երևույթ է, ու հռչակած տնտեսական հեղափոխությունը դեռ կտա իր պտուղները։ Բայց դրանում ևս միջազգային կառույցները համոզված չեն։
Ինչպես ՀԲ-ն, այնպես էլ՝ ԱՄՀ-ն, առաջիկա երկու տարիներին մեծ ակնկալիքներ չունեն Հայաստանի տնտեսությունից։ Միջազգային այս հեղինակավոր կազմակերպությունների կանխատեսումներով՝ միջինժամկետ հեռանկարում մեր երկրի տնտեսությունը կաճի հազիվ 4-5 տոկոսով։
Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում