«Առավոտի» զրուցակիցն է ՄԱՀՀԻ փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը
– Ինչպե՞ս եք գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան։
– Ընդհանուր առմամբ, բավականին դրական եմ գնահատում վարչապետ Փաշինյանի այցը Իրան, քանի որ այնտեղ նրան բարձր մակարդակով ընդունեցին, ինչպես նաեւ մի շարք ուշագրավ հայտարարություններ են արվել եւ պայմանավորվածություններ ձեռք բերվել: Պատահական չէ, որ նրան ընդունեց նաեւ երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, որը շատ հազվադեպ է քրիստոնյա երկրի ղեկավարի ընդունում: Իհարկե, այցի արդյունավետության մասին վերջնականապես կարող ենք խոսել մի քանի ամիս անց, երբ պարզ կլինի, թե ինչ չափով են իրականացվել ձեռք բերված պայմանավորվածությունները, բայց դատելով վարչապետի թեհրանյան այցի արձագանքներից եւ ձեռք բերված պայմանավորվածություններից, պետք է նշել, որ առաջին հայացքից բավականին արդյունավետ բանակցություններ են եղել Իրանում:
– Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Հյուսիս–հարավ մայրուղու շինարարական աշխատանքներին: Սա զուտ հայտարարությո՞ւն է, թե այն միս ու արյուն կստանա։ Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում՝ ԱՄՆ-Իրան լարված հարաբերություններ, Իրանի նկատմամբ շարունակվող պատժամիջոցներ, այս ամենն ի՞նչ նշանակություն կունենա Հայաստանի համար։
– Մի քիչ դժվար է հստակ ասել այս հայտարարությունը միս ու արյուն կստանա, թե ոչ, որովհետեւ իրանցիները, սովորաբար ոչ չեն ասում, հաճախ տալիս են խոստումներ, որոնք տարբեր պատճառներով այդպես էլ կյանքի չեն կոչվում: Ինչ վերաբերում է ԱՄՆ կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին, ապա, բնականաբար, դրանք կազդեն Հայաստան-Իրան հարաբերությունների վրա, բայց մյուս կողմից էլ կան ոլորտներ, որտեղ պատժամիջոցներ սահմանված չեն եւ առկա են համագործակցության մեծ հնարավորություններ: Անկախ բոլոր դժվարություններից եւ խոչընդոտներից մենք պետք է ամենօրյա ռեժիմով զարգացնենք հարաբերությունները մեր հարավային հարեւանի հետ:
– Նիկոլ Փաշինյանը մեկ այլ ուշագրավ հայտարարություն էլ արեց. «Իրանի կողմից կա պատրաստակամություն մեծացնելու Հայաստանին մատակարարվող գազի ծավալները: Այստեղ, իհարկե, կարեւոր է, որ հետագա քննարկումների եւ բանակցությունների ընթացքում կարողանանք ընդհանուր հայտարարի գալ գնի վերաբերյալ: Սա սկզբունքային կարեւոր հարց է գործարքի գրավչության իմաստով»: Սրա մեխանիզմները կա՞ն, նկատի ունենալով, որ բաշխիչ ցանցերը պատկանում են «Գազպրոմին»։ Ժամանակին, քաղաքական դրդապատճառներով, Իրան-Հայաստան գազատարը սիմվոլիկ չափեր ունեցավ։ Հիմա, հնարավո՞ր է ՌԴ-ի հետ նախկին պայմանավորվածությունների վերանայումը։
– Իհարկե, առանց քաղաքական համաձայնության Իրան-Հայաստան գազամուղով անհնար է գազ տեղափոխել Վրաստան, քանի որ Հայաստանում գազային ենթակառուցվածքները պատկանում են ռուսական «Գազպրոմին»: Սակայն, կարծում եմ, որ ճիշտ աշխատանքի դեպքում Մոսկվան համաձայնություն կտա իր ենթակառուցվածքներով Վրաստան գազ արտահանելու համար, քանի որ Ռուսաստանը նույնպես եկամուտներ կստանա իրեն պատկանող գազամուղով գազի փոխադրման համար: Բացի այդ, գազի այդ ծավալները չեն կարող սպառնալիք լինել Ռուսաստանի համար: Ռուսաստանի համար սպառնալիք կլիներ, եթե Հայաստանի տարածքով իրանական գազը տեղափոխվեր Եվրոպա:
– Իրանի հետ այս ծրագրերի կյանքի կոչելը նշանակո՞ւմ է Հայաստանում ՌԴ դերի նվազեցում։ Ինչպե՞ս սա կանդրադառնա ՌԴ-ՀՀ հետագա հարաբերությունների վրա, առճակատումներից խուսանավելու տարբերակներ կա՞ն։ Ինչի՞ կբերի այս ամենն Արցախի հարցում։
– Հուսով եմ Հայաստանի իշխանություններն այդ ռիսկերը գնահատել են: Շատ հավանական է, որ Նիկոլ Փաշինյանը իր հայտարարությունը նախապես համաձայնեցրել է Ռուսաստանի հետ: Միգուցե, հայ-իրանական հարաբերությունների հետագա խորացումը այնքան էլ Ռուսաստանի սրտով չէ, բայց մենք պետք է զարգացնենք դրանք, քանի որ Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեն:
Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
01.03.2019