Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետ Փաշինյանը կտրականապես հերքում է հող հանձնելու տարբերակը, եւ ես պատճառ չեմ տեսնում նրան չհավատալու համար»

Մարտ 02,2019 13:30

«Առավոտի» հետ զրույցում ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն անդրադարձավ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի 453-րդ նիստում հնչեցրած հայտարարությանը, «Լավրովի պլանին» եւ «հողերը հանձնելու» հետ կապված մտահոգություններին:

-ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի 453-րդ նիստում հնչեցրած հայտարարությունն ինչպե՞ս կմեկնաբանեք: Այս ելույթից հետո կարո՞ղ ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերություններում իրավիճակ է փոխվել:

-ՀՀ ԱԺ նախագահի հանդիմանանքը ռուսաստանցի խորհրդարանականների՝ Ադրբեջանում կազմակերպված հակահայկական միջոցառմանը մասնակցելու կապակցությամբ միգուցե մարդկայնորեն հասկանալի է ու արդար, սակայն նաեւ վկայությունն է այն բանի, որ Հայաստանի ու հայության դեմ ուղղված գործողություններ կազմակերպելու մասով Ադրբեջանն արդյունավետ քաղաքականություն է վարում եւ այս համատեքստում նաեւ արարողակարգային բնույթ ունեցող միջոցառումներ է կազմակերպում, որոնց մասնակցելը կարող է պարտադիր լինել նաեւ օտար պետությունների պաշտոնյաների կամ ներկայացուցչական մարմինների անդամների համար: Հայաստանը կոնկրետ այս հարցում՝ Ադրբեջանում 1988-1990 թվականների ընթացքում հայության հանդեպ կատարված ցեղասպան գործողությունների մասով զուտ քարոզչական բնույթի նախաձեռնություններով է մշտապես հանդես եկել եւ իրավաքաղաքական հետեւանքներ նախատեսող որեւէ քայլի չի գնացել: Ուր մնաց, թե այս հարցը ներառի կարգավորման համատեքստում իր կողմից վարվող քաղաքականության մեջ: Այն, ինչն ադրբեջանական կողմը պետական մակարդակով է անում, չի կարող համարժեքորեն հակադարձվել մեր հասարակական ակտիվիստների ջանքերով: Այս կարգի միջադեպերը պետք է կանխվեն նախապես, որպեսզի հետո մեր պաշտոնյաները ստիպված չլինեն նեղացածի կեցվածք ընդունել: Պետք չէ այս կարգի հարցերում շարունակել այն վնասակար ու տխուր ավանդույթները, որոնք կյանք են ստացել նախորդ վարչակազմերի օրոք: Այնպես որ, առայժմ, ցավոք, այս առումով հայ-ռուսական հարաբերություններում բան չի փոխվել, որովհետեւ դեռ չեն փոխվել մեր մոտեցումները:

-Արդյոք այս ելույթը նշանակո՞ւմ է, որ Հայաստանում խորհրդարանն արդեն կախված չէ գործադիր իշխանությունից եւ գործում է իշխանության թեւերի տարանջատումը, որ խորհրդարանը Նիկոլ Փաշինյանի կցորդը չէ:

– Նման պնդում անելու հիմքերը չեմ տեսնում՝ ՀՀ ԱԺ նախագահի խնդրո առարկա ելույթն այս հարցում չի տարանջատում գործադիրի եւ օրենսդիրի մոտեցումները: Ընդհակառակը՝ կարելի է ասել, որ հայության հանդեպ գործած ոճիրների մասով մեր կողմից վարվող քաղաքականությունը դեռեւս ռեակտիվ՝ արձագանքային բնույթ ունի, իսկ դա նշանակում է, որ ադրբեջանական կողմը նախաձեռնությունն իր ձեռքին է շարունակում պահել: Իրավիճակը կփոխվի, երբ հասկանանք, որ քարոզչությունը կարող է լինել քաղաքականության մաս, բայց չի կարող որեւէ հարցում փոխարինել քաղաքականությանը:

-Վերջին օրերին շատ են խոսում «հողերը հանձնելու» մասին, անգամ ցույցեր են կազմակերպվում ընդդեմ այս երեւույթի եւ ի պաշտպանություն Արցախի ու հայկական հողերի: Դուք հողերի հանձնման նախադրյալներ տեսնո՞ւմ եք:

– Վարչապետ Փաշինյանը կտրականապես հերքում է հող հանձնելու տարբերակը, եւ ես պատճառ չեմ տեսնում նրան չհավատալու համար: Այլ հարց է, որ առայժմ տեսանելի չեն նաեւ այն ծրագրային քայլերը, որոնց միջոցով նա կկարողանա փոխել իրավիճակը բանակցային սեղանի շուրջ այնպես, որպեսզի իրականություն դառնա, օրինակ, Արցախի պաշտոնական ներկայացուցիչների լիիրավ մասնակցությունը բանակցություններին, եւ սա չի կարող չմտահոգել:

-Օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ մեր Զինուժը չի պատրաստվում մշտապես մնալ պաշտպանական դիրքերում, եւ եթե իրավիճակը տանի դեպի ռազմական գործողությունների վերսկսում Ադրբեջանի հետ, ապա մենք չենք հապաղելու։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

– Այդ հայտարարությունը դրական եմ համարում: Ասեմ ավելին՝ գալիք աշխարհաքաղաքական զարգացումները կարող են նաեւ այնչափ լուրջ սպառնալիքներ գոյավորել մեզ համար, որ դրանք սաղմնավորման փուլում չեզոքացնելու համար պետք է պատրաստ լինենք նաեւ նախահարձակ գործողությունների, ընդ որում՝ ցանկացած ուղղությամբ: Մեր զինված ուժերը նաեւ դրան պետք է ամեն վայրկյան պատրաստ լինեն:

-Ապրիլյան պատերազմից հետո տեւական ժամանակ համառ խոսակցություններ էին շրջանառվում «Լավրովի պլանի» գոյության մասին, սակայն պաշտոնական Երեւանը հետեւողականորեն հերքում էր այդ խոսակցությունները: Բայց օրեր առաջ արդեն ամերիկացի երկրորդ համանախագահն է հաստատել «Լավրովի պլանի» առկայությունը: Ի՞նչ հետագա զարգացումներ սպասել այս շղթայում:

-Ես չեմ բացառում, որ որպես պաշտոնական առաջարկ թղթին հանձնված «Լավրովյան պլան» գոյություն չունի, բայց միանգամայն հավանական է, որ ՌԴ արտգործնախարարի կողմից Հայաստանին ու Ադրբեջանին ինչ-ինչ առաջարկներ, այնուամենայնիվ, արվել են: Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո էր, որ ռուսական եւ ադրբեջանական որոշ քաղաքական ու փորձագիտական շրջանակներ ասպարեզ նետեցին «տարածքներ ավելի խաղաղ իրավիճակի դիմաց» կարգավորման բանաձեւը, որը մեզ համար բացարձակապես ընդունելի չէ: Միգուցե այս բանաձեւի մասին կողմերի հետ նաեւ նախարար Լավրովն է զրուցել, բայց այս առումով ստույգ տեղեկությունների ես չեմ տիրապետում:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

01.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031