Սահմանապահ գյուղերի զարգացումը շարունակում է կարեւոր թիրախ մնալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համար: Այլընտրանքային էներգիան դիտարկելով որպես բնապահպանական ու տնտեսական առումով արդարացված միջոց՝ գործընկերները հերթական համատեղ ծրագիրն են սկսել Տավուշի մարզում: Ոսկեվանի մանկապարտեզում ակտիվ աշխատանքներ են իրականացվում՝ գոյություն ունեցող ջեռուցման համակարգն արեւային ջրատաքացուցիչով համալրելու ուղղությամբ:
Շուրջ հինգ տարի գործող մանկապարտեզն ապահով դիրք ունի եւ պաշտպանված է հակառակորդի հնարավոր գնդակներից եւ կարող է միաժամանակ սպասարկել 50-60 սան: Այդուհանդերձ, այն ամբողջ արդյունավետությամբ չի գործում: Փոքրիկների համար անհրաժեշտ ջերմաստիճան ապահովելը՝ երկհարկանի շենքն ամբողջությամբ տաքացնելը, բավականին ծախսատար է: Տնօրինությունը դրանում համոզվել է հատկապես ձմռանն աշխատելուց հետո:
«Մանկապարտեզում այժմ կա 30 սան: Ունենք երկու խմբի հնարավորություն, բայց գործում է մեկը: Անցած տարիներին չենք աշխատել՝ ջեռուցում չլինելու պատճառով: Այս տարի աշխատել ենք, քանի որ ունենք գազամատակարարում, եւ յուրաքանչյուր հարկի ջեռուցման համար նախատեսված մեկական գազի կաթսա: Օգտագործվում է միայն առաջին հարկի կաթսան: Երկրորդ հարկում կա դահլիճ, դաշնամուր, երեխաներն այնտեղ պետք է անցկացնեն իրենց մարզումները, բայց ցրտի պատճառով՝ չենք տանում: Եթե չկարողանանք ջեռուցել՝ ստիպված կլինենք դադարեցնել աշխատանքը»,-ասել է մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նոնա Մուրադյանը:
Հայաստանի կլիմայական բարենպաստ պայմանները սահմանապահ գյուղերին ծառայեցնելը դարձել է կարեւոր նպատակ գործընկեր կառույցների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համար: Իրականացվող աշխատանքները շուտով կավարտվեն: Գործընկերներն ակնկալում են արձանագրել ծրագրի ոչ միայն բնապահպանական, այլեւ տնտեսական արդյունավետությունը:
«Մեր գյուղը սահմանամերձ է, անընդհատ հնչում են կրակոցներ, իրավիճակը լարված է լինում: Չնայած լարվածությանը գյուղում ուշադրություն են դարձնում մատաղ սերնդին: Գյուղում կան երեխաներ, որոնք կարող էին հաճախել մանկապարտեզ, բայց զրկված են դրանից՝ առկա պայմանների պատճառով: Համայնքում կան հրատապ այլ խնդիրներ, որոնք արագ լուծում են պահանջում: Երբ աշխատանքներն ավարտվեն ու հարցը կարգավորվի՝ տնտեսված միջոցները կուղղենք մյուս խնդիրների լուծմանը»,-ասել է Ոսկեվանի վարչական տարածքի ղեկավար Վլադիմիր Ղազինյանը:
Նոր համակարգը թույլ կտա 40%-ով կրճատել ջեռուցման համար ծախսվող միջոցները, ինչը շատ կարեւոր է այլ խնդիրներ ունեցող՝ սահմանապահ գյուղերի համար: