Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներն անցյալ տարի 13 հատուկ կարծիք են հայտնել

Մարտ 02,2019 12:30

Ռեպորտաժ «հոսքագծի վրա նստած դատարանից»

Փետրվարի 26-ին ՀՀ վերաքննիչ քրեական եւ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանների հիմնադրման 20-ամյա հոբելյանի առթիվ տեղի ունեցան բազմաթիվ միջոցառումներ, մասնավորապես, քաղաքացիական վերաքննիչ դատարանի բոլոր սահմանափակ եւ փակ գոտիները հասանելի եղան հանրության համար: Դատավորներն իրենք էին ուղեկցում եւ պատասխանում ուսանողների, իրավաբանների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, լրագրողների հարցերին: Այս դատարանում այլեւս չկան խորհրդավոր խորհրդակցական սենյակները, եւ ինչպես «Առավոտին» ասաց դատարանի նախագահը՝ Արսեն Մկրտչյանը, կան քննարկումների համար սենյակներ, որտեղ գտնվում են դատարանի «հինգ պալատները»: ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանն «Առավոտի» դիտարկմանը, թե դատարանն, ասես, «հոսքագծի վրա նստած» լինի, օրվա մեջ լինում է, որ քսան եւ ավելի անգամ գործ է քննում, հրապարակում որոշումները, համաձայն չէ:

Նա ասում է, որ 2018թ. ապրիլի 9-ից դատարանը դատական բարեփոխումների երրորդ փուլ է մտել, երբ ուժի մեջ մտավ քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը: Դատարանին լրացուցիչ նոր գործառույթներ տրվեցին, սահմանվեց նոր ընթացակարգ՝ գրավոր, սահմանվեց ընդդատյացության հիմքերը ստուգելու պարտադիր պահանջը, դատական ակտի պատճառաբանվածությունը: Իսկ դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման եւ իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը եւ դրանից բխող եզրահանգումները:

Համեմատության համար վիճակագրական հետեւյալ տվյալը բերվեց. 2017 թվականից 2018 թվական է փոխանցվել 921քաղաքացիական գործ, 2018 թվականին՝ 4124 գործ:

Եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված բողոքների արդյունքում, 2018թ.-ին կայացվել են 2800 դատական ակտեր, որոնցից 1558 գործով վերաքննիչ բողոքները մերժվել են (55,6 %), 677 (24,1%) գործով դատական ակտն ամբողջությամբ բեկանվել է, գործն ուղարկվել է նոր քննության:

Մասնակի բեկանվել էր 135 գործով դատական ակտը, գործն ուղարկվել էր նոր քննության (4,8 %), 27 գործով դատական ակտը բեկանվել էր, քաղաքացիական գործի վարույթը կարճվել (0,9%):

«Առավոտի» հարցին՝ որքան էր «հատուկ կարծիքը», ինչպես նախկինում, դա նույնպես «փա՞կ» է, պարոն Մկրտչյանը պատասխանեց, որ անցյալ տարի դատավորները հայտնել են 13 հատուկ կարծիք, 2017` 7, 2016-ին`1: Նշվեց, որ 2018 թվականին եղել է… 1 «հատուկ կարծիք»: Ըստ դատարանի նախագահի, դա խոսում է այն մասին, որ դատավորներն ազատ են իրենց դիրքորոշումն արտահայտելու հարցում: Դատավորի հատուկ կարծիք ունենալու մասին նրա ստորագրությամբ նշում է կատարվում դատական ակտում, հատուկ կարծիքն այն ներկայացրած դատավորի ստորագրությամբ կցվում է դատական ակտին։

Ի դեպ, հատուկ կարծիքը կարող է վերաբերել դատական ակտի ինչպես պատճառաբանական, այնպես էլ եզրափակիչ մասին: Այն նույնպես հրապարակվում է, մի բան, որ դատական բարեփոխումների նախնական փուլում չի եղել:

Տեղեկացանք, որ դատարանում ներդրվել է «Իրավական փորձաքննությունների ծառայությունը»: Ըստ դատարանի նախագահի. «Նախկինում ունեինք երկու մասնագետ: Ամեն երկուշաբթի քննարկում ենք միասնական պրակտիկայի հարցերը: Բոլոր դատավորներով որոշում ենք կայացրել այն մասին, որ պարբերաբար քննարկենք միասնական պրակտիկայի հարցերը: Եթե որոշակի է պրակտիկան, այնքան կանխատեսելի է դատական իշխանությունը, իսկ դա բերում է կայունություն առաջին ատյանի դատավորների, գործարարների համար, կողմերի համար: Յուրաքանչյուր կազմի մոտ տեսանելի պետք է լինի, թե ինչ պրակտիկա ու դիրքորոշումներ կան, մեր դատավորների սեղանին է մյուս կազմի դիրքորոշումը: Նոր կազմով դատարանը նույն հարցի վերաբերյալ հստակ գիտի, որ կա մյուս դատարանի դիրքորոշումը»:

Մեր այն դիտարկմանը, թե օրեր առաջ մի բողոքի քննության ժամանակ կողմն ասաց, թե վարչական գործ է քննվում քաղաքացիական վերաքննիչում, արդյոք եղե՞լ են էլի նման «շեղումներ», զրուցակիցս ասաց, թե յոթ-ութ գործ է եղել:

Լինում է, երբ միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկը ենթակա է առաջին ատյանի դատարանին, իսկ մյուսը` վարչական դատարանին, քննում է այն դատարանը, որին ենթակա է հիմնական պահանջը։

Նախկին արդարադատության նախարարը գո՞հ է բերված բողոքների որակից հարցին՝ պարոն Մկրտչյանն ասաց. «Բողոքներն ինձ դուր են գալիս, բողոքարկման որակն է փոխվել, դիմողները ձգտում են իրենց բարձրացրած հարցերի պատասխանները ստանալ: Ավելի վստահ են իրացնում իրենց իրավունքները»: Ինչ վերաբերում է մեր այն դիտարկմանը, թե բողոքների քննության ընթացակարգից հաճախ են դժգոհում բողոքաբեր անձինք, ասելով, թե մի վայրկյանում քննվեց գործը, զրուցակիցս ասաց, որ վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ ներկայացված եւ վարույթ ընդունված վերաքննիչ բողոքները քննում եւ դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում:

Երեկ քաղաքացիական վերաքննիչ դատարանում օրը կրկին հագեցած էր. դատարանը պետք է լսեր 22 բողոք: Բողոքներն ամենատարբեր դատական ակտերի դեմ էին՝ Ապրանքային նշանի օգտագործումն արգելելու, բանկերի, ապահովագրական ընկերության: Երեկվա բողոքաբերներից միայն մեկն էր օտարերկրացի՝ այն էլ գումարի բռնագանձման պահանջի գործով էր:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

01.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031