Արվեստագետների հետ հանդիպումներում, մանավանդ նեղ-մասնագիտական զրույցներում հաճախ «հայտնաբերում» ենք արտիստների, որոնց ստեղծագործական գործունեության մեկ դիպվածն անգամ ուրվագծում է նրանց ստեղծագործական դիմանկարը:
Ճանաչված նկարիչ Էդուարդ Հակոբյանի աշխատանքների առաջին անհատական ցուցադրության մասին պատմում են հետեւյալը. 1980-ականների սկզբին Ամիրյան փողոցում գտնվող Երեւանի քաղսովետին կից հաշվիչ կենտրոնում բացված նկարչի ցուցահանդեսը տեւեց ընդամենը 3 օր: Այդ կենտրոնի ղեկավարը, տեսնելով նրա մեծադիր կտավներից մեկը, հրահանգել էր «հավաքել» նկարները: Պատճառը կանացի մարմին հիշեցնող պատկերված չոր ծառն էր եւ վրայի կարմիր գույնով պատկերված լաթերը, որ կարծես ակնարկ էին խորհրդային դրոշի ու փտած համակարգի մասին: Ընդ որում, ասում են՝ այդ մասին ինքը՝ ղեկավարն է քթի տակ լսելի մրթմրթալով դուրս եկել:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Էդուարդ Հակոբյանը հայտնեց, որ գեղարվեստի ոլորտ է եկել մնջախաղի թատրոնից, հետո էլ մանրամասնեց. «Ինձ մոտ ամեն ինչ սկսվել է նկարչությունից ու տարել դեպի նկարչություն: Մինչեւ 13-14 տարեկան հավանաբար ենթագիտակցորեն էի նկարում, հետո սկսեցի արվեստում տեսնել իմաստ, փիլիսոփայություն… Դա ես կապում եմ անցումային տարիքի հետ: Հայրս ասում էր՝ քո տարիքային անցումային շրջանը շա՜տ երկար տեւեց: Նկարում եմ ու չեմ կարող չնկարել: Նույնիսկ հիմա, երբ ընտանիքում դառնում եմ անտանելի (հավանաբար նկատի ունի իր բնավորության որոշ գծեր), ընտանիքիս անդամներն ասում են՝ գնա ու նկարի: Ճիշտ են ասում, նման վիճակից դուս գալու միակ լուծումը դա է»: Իսկ մնջախաղացից նկարիչ դառնալու մեր զրուցակցի մասին հայաստանյան մնջախաղային դպրոցի հիմնադիրներից Լեւոն Իվանյանը հավաստիացնում է հետեւյալը. «Բեմում բարձրահասակ Էդուարդը տարբերվում էր գործընկերներից իր ժեստերով: Մի առիթով խնդրեցի, որ նա շատ արագ հայտագրի էսքիզ անի, ու տեսնելով ընդամենը մի քանի գծով նրա պատրաստած հայտագիրը, ասացի՝ իսկ դու գիտե՞ս, որ նկարիչ ես…»:
Իսկ մնջախաղ-գեղարվեստ ոլորտներից երկրորդի ընտրության մասին արվեստագետն ասաց. «Ես հասկացա, որ գոյություն ունի կոլեկտիվ արվեստ (նկատի ունի մնջախաղը) եւ անհատական (նկարչությունը): Իմ բնույթով ազատ արվեստագետ եմ, անհատականություն, ինձ մոտ է նկարչությունը, որտեղ իմ առջեւ խնդիրը ես եմ դնում, ինքս էլ լուծում, հետո էլ՝ գնահատում: Իհարկե, լսում եմ կարծիքներ, բայց ամեն կարծիք չէ, որ ընդունում եմ: Սիրում էի բեմը, հիմա էլ եմ սիրում: Բայց դա նրանից էր, որ իմ մեջ նկարիչ կար եւ եթե ես մի քանի տարի բեմում էի, դա նրանից էր, որ ես նկարիչ էի: Մնջախաղաց լինելու տարիներին էլ, կրկնում եմ՝ ինձ մոտ ամեն ինչ սկսվում էր նկարչությունից ու տանում դեպի նկարչություն»: Զրույցի ընթացքում նկարիչը երախտագիտություն հայտնելով արվեստում իր առաջին ուսուցչին՝ ռեժիսոր Լեւոն Իվանյանին, մտաբերեց Պիկասոյի եւ Մատիսի բարդ հարաբերությունները. «Բայց Պիկասոն միշտ ասում էր՝ եթե Մատիսը չլինի, խոսելու թեմա էլ չի լինի: Այո, եթե չլիներ Իվանյանը, գուցե այս պահին քիչ խոսելու թեմա լիներ: Սա ընդունեք իբրեւ խոստովանություն…»:
Հետաքրքրությանը՝ երկար տարիներ աշխատել եք «Շարմ» հոլդինգում, անկասկած դա ենթադրում է շահույթ, բայց չե՞ք կարծում, որ դրանից չի շահել ձեր արվեստը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Գոյություն ունի ազատ ստեղծագործություն եւ պարտադրված: «Շարմի» տարիներն ինձ մոտ հիմնականում պատվիրատուի կողմից առաջադրված խնդիրների լուծում էր կամ ուղիղ ասած՝ պատվերների կատարում: Վստահեցնում եմ, որ յուրաքանչյուր ստեղծագործողի կյանքում նման տարիներ պետք է լինեն, ինչն էլ հենց մեծ դպրոց է: Այդ տարիներին ընկերներս ասում էին՝ դու ստեղծում ես լուցկու տուփից մինչեւ քաղաքի տոների ձեւավորում (նկատի ունի Էրեբունի-Երեւան տոնակատարությունները)»:
Զրույցի ընթացքում նկարիչը հիշեց ռեժիսոր, պոետ Դավիթ Բաբայանի հետ 1980-ականների վերջին օպերային ստուդիայի ճեմասրահում իրենց համատեղ ցուցադրությունը, որտեղ ներկայացված էին եւ նկարներ, եւ մեծ ֆորմատով բանաստեղծություններ: Հիշեց նաեւ 2016թ. Թուլուզում մի քանի նկարիչների գործերի հետ իր 10 նկարների ցուցադրությունը: Ռեպլիկին՝ ինչո՞ւ են ձեր գործերում առկա այդքան շատ էրոտիկա, արվեստագետը պատասխանեց. «Հենց այդ էրոտիկան ինձ հնարավորություն տվեց ցուրտ ու մութ տարիներին, բառի իսկական իմաստով՝ ապրել. մի հայ կոլեկցիոների վաճառեցի շուրջ 30 կտավ, հետո դրանք տեսա ոչ միայն հայաստանցի կոլեկցիոներների մոտ, այլեւ ԱՄՆ-ում ու եվրոպական մեկ-երկու երկրում… Ինչ վերաբերում է էրոտիկային, մշտապես խոնարհվել եմ կանացի գեղեցկության առջեւ»: Հարցին՝ ձեր ստեղծագործություններում ո՞ր կնոջ կերպարն է ձեզ համար թանկ՝ ճանաչված կամ գուցե ոչ հայտնի, Էդուարդ Հակոբյանը պատասխանեց. «Մարիամ Աստվածածնի հինգ դիմանկարները: Իհարկե, դրանք ոչ ռեալիստական են՝ իմ կատարողական ձեւերով: Ասեմ, որ այդ գործերս ամենահայտնիներն են»:
Մեր զրույցը ամբողջական չէր լինի առանց անդրադարձի այսօրվա մեր գեղարվեստին: «Ոլորտն այսօր ամբողջությամբ փոխվել է եւ գնում է ոչ ցանկալի ուղղությամբ: Փոխվել են չափանիշները, մոտեցումները, արժեքները… Եթե արվեստն ընդհանրապես բաղկացած է ձեւից ու բովանդակությունից, ապա այսօր գեղարվեստի ոլորտում դրանք մղված են հետին պլան»,- նման կարծիքի է մեր զրուցակիցը:
Մեր տեղեկություններով՝ 2018թ. բարեգործական մի ակցիայի ժամանակ նրա «Ձկների սեզոն» աշխատանքը վաճառվել է բարձր գնով: Այս առիթով նկարիչն ասաց. «Դա բարեգործություն էր՝ ուղղված հիվանդ երեխաների բուժմանը: Կարծում եմ՝ այս դեպքում գնի մասին խոսելն ավելորդ է…»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
01.03.2019