Նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանն այսօր Մարտի 1-ի երթին մասնակցելիս, Factor.am–ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Մարտի 1-ի գործի նախաքննությունը գնում է ճիշտ ճանապարհով, դրան հասարակությունը սպասել է 11 տարի. «Այդ տարիների ընթացքում ամբողջը կոծկվել է եւ նպատակը եղել է թաքցնել դեպքերի իրական ընթացքն ու պատճառները։ Ըստ նրա, տարիներ շարունակ, մեղադրյալները դարձել են վկաներ, վկաները՝ մեղադրյալներ.
«Այսօր արդեն կան մեղադրական եզրակացություններ մի շարք անձանց նկատմամբ եւ պետք է ակնկալել արդար դատաքննություն։ Մտածում եմ, որ նախաքննությունը սպանությունների, այլ անձանց օժանդակությունների մասով կշարունակվի։ Մարտի 1-ի գործով շուտով ականատես կլինենք նոր բացահայտումների եւ հաղորդումների։ Տրամաբանական է, որ մինչ օրս որեւէ սպանություն չի բացահայտվել, ցավալի է, որովհետեւ գործի նյութերը այս տարիների ընթացքում կեղծվել եւ փոխվել են, ինչի հետ կապված քննչական մարմինները ունեցան որոշ դժվարություններ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ