Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը մեկնաբանում է՝ ինչու Սերժ Սարգսյանը չգնաց երկրորդ Մարտի 1-ի

Մարտ 01,2019 21:21

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, որն այսօր մասնակցում էր Մարտի 1-ի զոհերի հիշատակի համար կազմակերպված երթին, լրագրողների հետ զրույցում ասաց. «Բանակցությունների, երկխոսության միջոցով ոչ մի Մարտի 1 չէր լինի: Ժողովուրդն, ընդամենն, իրագործում էր իր սահմանադրական իրավունքը: Երբ որ ժողովուրդը շատ քաղաքակիրթ ձեւով,շատ կազմակերպված, խաղաղ ձեւով իրագործում էր իր սահմանադրական իրավունքը, ցանկացած իշխանության պարտավորությունն էր, եթե որեւէ խնդիր կար, եթե որեւէ քաղաքական հակամարտություն կա, մտնել բանակցությունների մեջ: Իշխանությունը որեւէ փորձ չարեց, որովհետեւ նա հասկանում էր, որ իշխանությունը պահպանելու միակ ձեւը ժողովրդի քաղաքակիրթ ընդվզումը արյան մեջ խեղդելն է: Ինչն էլ իրենք արեցին: Եվ սա ոճրագործություն է, որի համար նրանք պետք է պատասխան տան»:

Հարցին, թե ինչո՞ւ ապրիլին Սերժ Սարգսյանը չգնաց այդ քայլին՝ կրակելով պահել իշխանությունը, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Եթե դուք հիշում եք, ժողովրդի ընդվզումը, հատկապես մեծացավ, բազմապատկվեց հենց այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը սպառնալով ասաց՝  դուք Մարտի 1-ի դասերը չեք մոռացել: Մարտի 1-ի, ժողովրդի սխրանքի գլխավոր դասը հենց դա էր: Երկրորդ Մարտի 1 մեր երկրում այլեւս հնարավոր չէր: Այսինքն՝ Մարտի 1-ի այդ զոհերն անիմաստ չէին: Դա, իսկապես սխրանք էր, դա, իսկապես, ժողովրդի կամքն էր եւ դրանով ապահովվեց, որպեսզի Մարտի 1 այլեւս չկրկնվի»:

 

 

Լեւոն Զուրաբյանի կարծիքով, Սերժ Սարգսյանը հասկացավ, որ, եթե իր սպառնալիքը բերում է ժողովրդի զանգվածի բազմապատկմանը, ապա դա նշանակում է, որ հնարավոր չէ նույն սցենարը կրկնել:

Հարցին՝ ինչո՞ւ այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել երթին Լեւոն Զուրաբյանն ի պատասխան ասաց՝ չգիտեմ, կարող է եւ առողջական խնդրի կամ որեւէ այլ խնդրի պատճառով:

Լեւոն Զուրաբյանից հարցրին՝ նա հարցաքննվե՞լ է Մարտի 1-ի գործով, ինչին ի պատասխան ասաց.«Ես հարցաքննվել եմ, եւ ամենակարեւորը, սա էլ է ցույց տալիս, որ նախկին քննությանը ոչ մի վստահություն չի կարելի ընծայել, որովհետեւ, մարտի 1-ին ես եղել եմ բավականին լուրջ իրադարձությունների կիզակետում, գնացել եմ Տեր-Պետրոսյանի հետ խոսել եմ, եկել եմ նրա կողմից ժողովրդին մեսիջներ եմ փոխանցել: Մենք բանակցել ենք օտարերկրյա ներկայացուցիչների հետ, ոստիկանության հետ եւ այդ ամբողջը նյութ էր, որը որ պետք է քննությանը հետաքրքրեր: Ոչ ոք այս տասը տարվա ընթացքում ինձ չէր կանչել, կանչեցին մի երկու ամիս առաջ: Սա էլ է ցույց տալիս, որ առաջին անգամ գործ ունենք, ոչ թե պարտակման այլ՝ ճշմարտության բացահայտման հետ»:

Լեւոն Զուրաբյանը վստահություն հայտնեց, որ Սերժ Սարգսյանը «մեղսակից է այդ բոլոր ոճրագործություններին,պարզապես նրա դեպքում խորը ուսումնասիրություն ու քննություն է պետք.«Ռոբերտ Քոչարյանի դեպքում ամեն ինչ պարզ է, հաստատվում է իր հարցազրույցներով, փաստաթղթերով, բազմաթիվ վկայություններով: Դրա համար էլ էդ մի մասը շուտ ավարտել են եւ ուղարկել են դատավարություն»:

Լեւոն Զուրաբյանը վստահություն հայտնեց,որ Մարտի 1-ի գործը կբացահայտվի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031