Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի էջը կարող է փակել միայն ժողովուրդը, այն էլ միայն այն դեպքում, եթե արդարադատություն լինի. Լևոն Զուրաբյան

Մարտ 01,2019 21:03

Այսօր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչները ներկա գտնվեցին մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված պատարագին:

«Դա հանցագործություն էր ժողովրդավարության դեմ էր, դա հանցագործություն էր ժողովրդի ինքնիշխանության դեմ: Մարտի 1-ի էջը կարող է փակել միայն ժողովուրդը, այն էլ միայն այն դեպքում, եթե արդարադատություն լինի: Ուրիշ ձև մարտի 1-ի էջը փակելու չկա: Դրանից հետո կարող է լինել և իրավունքների վերականգնում, և հաշտություն. ամեն ինչ էլ հնարավոր է, բայց արդարադատությունը պետք է գա առաջինը», -Aravot. am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Վերջինս կարևորեց այն, որ այլևս կոծկման գործընթաց չկա, հակառակը՝ ըստ պարոն Զուրաբյանի, տեսնում ենք, որ իրավապահ մարմինները փորձում են փութաջանորեն գործը բացահայտել:

«Մինչև մենք դատավարության ընթացքում չտեսնենք՝ ուր են հասել, ինչ փաստեր են ես ամբողջական գնահատական տալ չեմ կարող, բայց ընդհանուր մթնոլորտը նպաստավոր է, և երևում է՝ իրավապահ մարմինը զբաղվում է բացահայտմամբ»,- հավելեց մեր զրուցակիցը:

Խոսելով հիմա էլ նախկին իշխանությունների այն հայտարարությունների մասին, թե մարտի մեկի բացահայտման գործընթացը միակողմանի է ընթանում՝ պարոն Զուրաբյանն ասաց. «Ընդհանրապես դահիճները միշտ կարծում են, որ ամեն ինչ միակողմանի է, իրենք ուզում են և դահիճ լինել, և դահիճին ու զոհին դնել նույն հարթության վրա: Այդպես չի լինում, հանցագործը պետք է պատժվի»:

Մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե հայտարարել էր, որ մարտի 1-ը կբացահայտվի միայն այն ժամանակ, երբ լինի իշխանափոխություն, հիմա երբ եղել է իշխանափոխություն, ինչպե՞ս է գնահատում քայլերը՝ ուղղված մարտի 1-ի բացահայտմանը, ասաց. «Ոնց ասել եմ, այնպես էլ իմ ասածը իրականություն է դարձել: Իշխանափոխություն է եղել, գործերը շատ լավ ընթանում են: Արդեն բուրգի վերևի մասը հայտնվել է ճաղերի ետևում, այդ մի խմբին ուղարկենք դատարան, անցնեք մյուս խմբին: Կատարվող քայլերը բավարար եմ գնահատում»:

Պարոն Քլոյանի կարծիքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է ճանաչվի որպես տուժող. «մարդը Ազատության հրապարակում իր մեքենայի մեջ նստած է եղել, ցուցարարներին ջարդել են, ծեծել են, ձերբակալել են, Լևոն Տեր-Պետրոսյանին էլ շղթայել են, ուղարկել են տնային կալանքի: Ճիշտ է, նրան արդեն հարցաքննել են, բայց շուտով նրան կճանաչեն որպես տուժող, նա ոչ մի կապ չունի Քոչարյանի ու Սերժի հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031