Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մարտի 1-ի գործով ցնցող ցուցմունքներ կան, պաշտոնատար անձանց ցուցմունքներ». Վահագն Հովակիմյան

Մարտ 01,2019 20:55

Տարիներ առաջ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի քննարկման ժամանակ, երբ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել Մարտի 1-ի զոհերի հիշատակը, այն ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Փաշինյանը լքեց նիստերի դահլիճը: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում պարոն Փաշինյանն իր այդ քայլն այսպես բացատրեց. «Դահլիճում ներկա են մարդիկ, ում ես մեղադրել եմ Մարտի 1-ի հեղաշրջումը իրականացնելու մեջ, մարդիկ կան, որոնց անունները շրջանառվել են, նրանք այսօր ԱԺ պատգամավորներ են. ներքին զորքերի նախկին հրամանատարն է այսօր ԱԺ պատգամավոր, Հովիկ Աբրահամյանն է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետը եւ Մարտի 1-ի առանցքային դերակատարներից մեկը, ես հիմա Հովիկ Աբրահամյանի հետ կանգնեմ Գոռ Քլոյանի հիշատակը հարգե՞մ»:

Այսօր Aravot.am-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեց՝ եթե ըստ Նիկոլ Փաշինյանի, Մարտի 1-ի առանցքային դերակատար է Հովիկ Աբրահամյանը, հիմա նա Մարտի 1-ի գործում ո՞ւր է, ինչո՞ւ մեղադրյալի կարգավիճակ չունի: Նա պատասխանեց, որ մամուլից ու պաշտոնական հաղորդագրություններից որքանով տեղյակ է՝ Հովիկ Աբրահամյանն անցնում է քրգործով. «Ամեն դեպքում ՀՔԾ-ն պետք է ասի՝ Հովիկ Աբրահամյանը որքանո՞վ առնչություն ունի Մարտի 1-ի իրադարձություններին»:

Մեր հարցին՝ Քոչարյանի մասով հասկանալի է, բայց մյուսների մասով գործընթաց չենք տեսնում, Նիկոլ Փաշինյանի մի օր էլ հայտարարել էր, որ Մարտի 1-ի համար երկու հոգի են մեղավոր՝ Ռոբերտ Քոչարյանն ու այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը, մինչդեռ հիմա Սերժ Սարգսյանը չունի մեղադրյալի կարգավիճակ, ինչպե՞ս կբացատրեն դա՝ Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Մենք ի՞նչ ունեինք 2008-2009-ին, ունեինք իրավիճակ, երբ իրավապահ մարմինները կոծկում էին, օբյեկտիվ քննություն չէին տանում, ապացույցներ էին խեղաթյուրում, 6 ամիս սկի զոհերի իրավահաջորդները տուժող չէին ճանաչվում, նրանք ելնում էին նրանից, որ հենց էդ է պիտի գնդակահարեինք: Բնական է, որ այդ իրավիճակում քաղաքական հայտարարություններ անելիս նայում էիր, թե ովքեր են եղել առանցքային պաշտոն զբաղեցնողները, բոլորը, ստացվում է, մեղավոր էին: Այսինքն, չկար իրավական այն խողովակը, գործիքը, որով պիտի գնահատվեր՝ իսկապես ով է պատասխանատու, ով է ընդամենը լուռ կողքից հետեւել: Իսկ նոր իրողության մեջ իրավապահ մարմինները հատիկ-հատիկ ճշտում են, թե ով ինչ պատասխնատվություն ունի, ով ինչ դերակատարություն է իրականացրել: Ում մեղքը որ ակներեւ ապացուցվում է, իրենք մեղադրանքներ են առաջադրում, իրավական գործընթաց է լինում: Մեր՝ նախկինում արած քաղաքական հայտարարություններով չի, որ իրավապահները պետք է առաջնորդվեն, այլ՝ իրենց ունեցած ապացույցներով»:

Մեր հարցին՝ դուք, որպես պատգամավոր, ի՞նչ եք կարծում, Մարտի 1-ի մեղավորների ցանկը Քոչարյանով սկսվում եւ ավարտվո՞ւմ է՝ նա պատասխանեց. «Ես քաղաքական գործիչ եմ, հայտարարությունները քաղաքական են: Ես կարող եմ շատ շատերին մեղադրել, բայց մեղադրողը իրավական տեսանկյունից ՀՔԾ-ն է, որն ըստ ապացուցների մեղադրանք է առաջադրում, դատախազությունն էլ հաստատում է:Նախկինում մենք քաղաքական հայտարարություններ ենք արել, բայց այսօր այդ խնդիրը չի լուծվում քաղաքական հարթության մեջ, այդ խնդիրն ամբողջությամբ լուծվում է իրավական դաշտում: Ես մամուլի հրապարակումներից իմացա, որ Սերժ Սարգսյանը որպես վկա հարցաքննվել է, կարող է, մարդ ես, ապացուցել է, որ ինքը որեւէ մեղք չունի, կոնկրետ էս մարդն էլ մեղավոր է, որովհետեւ ինքն է այդ հրամանները տվել: Կարող է ապացուցել է, որ ինքը ընդդիմացել է նույնիսկ, չգիտեմ: Ենթադրում եմ, որ դատավարությունը, որ 1,5-2 ամսից կսկսվի, բոլորս միասին ամակ ուշադրությամբ կհետեւենք, կիմանանք ով ինչ ցուցմունք  է տվել»:

Քոչարյանի պաշտպանները վկայակոչում են այն, թե երկու կողմից զինված մարդիկ են եղել, այսինքն, ցուցարարները զինված են եղել: Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասել էր, թե ինչ է զեկուցել ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանը՝ Քոչարյանին. «ԱԱԾ տնօրենն իրեն զեկուցում էր համարյա ամեն օր, որ կան զինված մարդիկ, երեկոները, գիշերները այնտեղ մարդիկ կան, որ զենքի հետ անզգույշ վերաբերմունք են ցույց տալիս, անգամ նկարագրեց, որ ըստ օպերատիվ տվյալների, մարտական գործողությունների մասնակցած մի անձ, որը այդ ժամանակ վրաններից մեկում էր, խմած վիճակում վերցրել էր մարտական նռնակը, նռնակի օղակի միջով իր մատն անցկացրել էր ու պտտացնում էր: Այդպիսի մտահոգիչ զեկույցներ են պարբերաբար եղել, նաեւ նշեց, որ ոստիկանական գործողություներից հետո բավականին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են այնտեղից հայտնաբերել»: Ալումյանն իր կողմից Քոչարյանի խոսքին հավելեց, որ 60-ից ավելի դատավճիռներով դա հաստատվել է:

Այս առնչությամբ Վահագն Հովակիմյանն ասաց. «Այն, ինչ իբր թե ցուցարարների մոտ հայտնաբերել են, ոստիկանությունը տեսագրել է, ոստիկանությունը նաեւ տեսագրել է, թե որտեղից են հայտնաբերել: Հայտնաբերել են ինչ-որ թփերի տակից, ու չգիտես ինչու, այդ հայտնաբերող ոստիկանները շտապում էին բաց ձեռքերով այդ զենքերը վերցնել, այսինքն, առանց մատնահետքերի…այդ ամեն ինչը տեսագրված է, բայց այնքան անփույթ են եղել, կադրերը կարող եք նայել: Ինչ-որ մի քանի հատ ատրճանակներ են թփերի տակից, մարտական նռնակների փոխարեն հատուկ միջոցներ, ընդ որում, էսօր, որ մարդիկ փորձեն, կարող են սեւ շուկայում նռնակ ճարեն, առնեն, հատուկ միջոց չեն կարող առնել: Դա ԱԱԾ-ի պահեստներում է ու ոստիկանության պահեստներում, այսինքն, իրենք ձեռքի հետ տարել, դրել են, էլի»:

Ինչ վերաբերում է հարբած ցուցարարների մասին խոսակցությանը՝ Վահագն Հովակիմյանն ասաց, որ այդ 10-օրյա ցույցերը վարկաբեկելու համար ինչ ասես, տարածում էին. «Դա ներկայիս պաշտպանական կողմի պրոբլեմն է, թող հիմա գնան, քրեական գործի նյութերին ծանոթանան, որովհետեւ ես, ծանոթ փաստաբաններից, ովքեր ներգրաված են, ինձ ասում են, որ շատ ցնցող ցուցմունքներ կան, պաշտոնատար անձանց ցուցմունքներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031