Մարտի 1-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Լին Թրեյսիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Նախարար Մնացականյանը շնորհավորեց Լին Թրեյսիին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր հետևողական ջանքերով կարևոր ներդրում կունենա հայ-ամերիկյան բազմաոլորտ հարաբերությունների հետագա զարգացման գործում։
Կողմերն անդրադարձ կատարեցին հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող հարցերի լայն շրջանակի։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դեսպան Թրեյսիին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացը` այդ համատեքստում կարևորելով միջազգային գործընկերների հետ շարունակական համագործակցությունը:
Նախարար Մնացականյանը և դեսպան Թրեյսին մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ նորանշանակ դեսպանին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը։
ՀՀ ԱԳՆ