Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրանի հետ ցանկացած համագործակցության ընդլայնում միայն կարելի է ողջունել. ՌԴ Դումայի պատգամավոր

Մարտ 01,2019 18:45

«Ռուսաստանն Իրանի հետ շատ նորմալ հարաբերություններ ունի. մենք դաշնակիցներ ենք սիրիական հակամարտության լուծման գործում»,- այսօր, «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում ասաց ՌԴ Պետական Դումայի Դաշնության խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում հայ-իրանական համատեղ ծրագրերի իրականացմանը, ինչի մասին, ԻԻՀ կատարած այցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետը, արդյոք հավանական է, որ այդ ծրագրերի իրականացման ինչ-որ մի պահից ՌԴ-ն եվս միանա դրանց:

Հիշեցնենք, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Հյուսիս–հարավ մայրուղու շինարարական աշխատանքներին: Նաեւ, վարչապետը հայտարարեց, որ Իրանի կողմից պատրաստակամություն կա՝ Հայաստան մատակարարվող գազի ծավալները մեծացնելու:

Ռուսաստանցի պատգամավորը լավ գիտի, թե ինչ նշանակություն ունի Իրանը Հայաստանի համար, նա լավ է հիշում, թե 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին ինչ է արել Իրանը Հայաստանի համար, երբ Հայաստանը պատերազմի եւ շրջափակման մեջ էր: Եվ այն, որ այժմ Իրանը համագործակցելու է Հայաստանի հետ,  Ռուսաստանի կողմից, ըստ նրա, ողջունելի է: Ավելին, նա այդ համագործակցության համար մեծ հեռանկարներ է տեսնում:

Ռուս պատգամավորը նաեւ նկատում է, որ Իրանը քիչ ջանք չի գործադրել Սիրիայում ծայրահեղականների ոչնչացման գործում. «ԱՄՆ-ը փորձում է Իրանին կրկին վերադարձնել պատժամիջոցների շրջան: Կարծում եմ, Իրանի հետ ցանկացած համագործակցության ընդլայնում միայն կարելի է ողջունել: Իրանական վարչակազմը հակված է հարևանների հետ համագործակցության, ծայրահեղականների դեմ պայքարին. սրանից օգուտ կքաղեն և ՌԴ-ն, և Իրանը, և Հայաստանը»,- ասաց Վլադիմիր Ջաբարովը:

Հեռուստակամրջի մասնակիցներն անդրադարձան նաեւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով փետրվարի 25-27-ն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության այցին:

Վլադիմիր Ջաբարովը և ԴԽ դաշնային կառուցվածքի, տարածաշրջանային գործերի, տեղական ինքնակառավարման հանձնաժողովի անդամ Իգոր Չերնիշենկոն ասացին, որ երիտասարդ հայ խորհրդարանականներից լավ տպավորություն են ստացել:

«Երիտասարդ մարդիկ են,  երիտասարդ, թարմ գաղափարներով, տաքարյուն երիտասարդ քաղաքական գործիչներ, որոնք ուզում են իրենց երկրի համար շատ բան անել: Այսօրվա հայկական խորհրդարանի երիտասարդ լինելն արտացոլում է երիտասարդության` լուրջ փոփոխություններ ունենալու ցանկությունը: Եվ ես համոզված եմ, որ այս երիտասարդ պատգամավորներն ամեն ինչ կանեն՝ շտկելու այն բացթողումները և խնդիրները, որոնք կուտակվել են հայ հասարակությունում վերջին տարիներին»,-ասաց Վլադիմիր Ջաբարովը:

«Կյանքը ցույց է տվել, որ իշխանության գալը հաճախ ամենագլխավոր խնդիրը. պետք է իրականացնել այն սպասումները, որոնք կապված  ՀՀ-ի ներքին բազմաթիվ մարտահրավերների հետ»,- հավելեց Իգոր Չերնիշենկոն՝ նկատելով, որ «Իմ քայլի»՝ խորհրդարանում մեծամասնություն լինելը բարձրագույն պատասխանատվություն է ենթադրում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031